Սուրենավանցի տիկին Անժելան այս տարի եւս գոհ է, որ իրենց տան արագիլները վերադարձել են, չնայած իր կարծիքով՝ գարունը գյուղացու համար ավելի շատ հոգսերի ու հոգնության եղանակ է: «Էս արագիլները զարմանալի բնավորություն ունեն` ոնց էլ հիշում են իրենց բույնը»,- խոր հոգոց հանելով` ասում է գյուղացի կինը, հետո վազում դեպի տուն` հաց թխելու: Իսկ հարեւան բակում արմատներով գորիսեցի Արուսյակ տատը ավելուկի հյուսերն է անում ու պատմում, թե գյուղում ինչքան դժվարություններ կան, որոնց մի մասը հաղթահարել են, մյուսն էլ հաղթահարելի են: «Ինչի՞ պիտի բողոքեմ: Ապրում ենք, թե գոյություն ենք քարշ տալիս, նաղդը չենք բողոքում»,- ասում է կինը ու աչքի պոչով նայում հարսին, ով նույնպես ավելուկ է հյուսում: «Էս տարի բերքն ահավոր ա, ահավոր: Մենք էդքան շատ մեծ այգի չունենք: Ես ու ամուսինս կաթ ենք առնում, տանում քաղաքում ծախում: Դե, էդ փողով էլ տան համար դես-դեն ենք առնում»,- խնդիրները թվարկում է Արուսյակ տատի հարսը` խորհուրդ տալով բերքատվության մասին հարցնել իր որդուն: Վերջինս, որ հենց նոր էր վերադարձել այգուց, դժգոհում է ոչ թե որեւէ մեկից, այլ գյուղացու թշնամի հանդիսացող եղանակից: «Էս տարի ծիրան չենք ուտելու, կարաս գրես: Ու թող ժողովուրդն իմանա, որ կարող ա նախանցած տարվա պատմությունը կրկնվի` 2500-3000 դրամով են ծիրան առնելու: Հենց նոր եմ գալիս բոստանից: Եթե առաջ մեր բոստանի էն մեծ ծիրանի ծառը տոննաներով ծիրան էր տալիս, հիմա դաժե մի վեդրո չի դառնա»,- բողոքում է գյուղացի երիտասարդը: Մինչդեռ հարեւան խաղողագործ պարոն Արամայիսն ասում է, որ ոչ միայն իրենք են հոգնել հողից, այլ հողն է հոգնել իրենցից: «Նոր հողը կարա մենակ մի 4 սեզոն լավ բերք տա, դրանից հետո քիչ-քիչ նվազում ա բերքատվությունը: Օրինակ, էս տարի ես չգիտեմ, թե ինչ եմ անելու: Ամեն առավոտ Աստծուն խնդրում ենք հանկարծ եղանակը սյուրպրիզներ չանի»,- ընդհատումներով խոսում է գյուղացին, ում կինն ինձ հարցնում է, թե քաղաքում, որ այդքան հեշտ են պատկերացնում գյուղում ապրելը, տեղյա՞կ են` ինչ դժվարություններ կան: «Գյուղացին, աղջիկ ջան, մենակ մի սեզոն ա լավ ապրում: Դրանից հետո նիսյայով բերք ենք աճեցնում, ու աչքներս թաց սպասում ենք, թե եղանակը չփոխվի: Մենակ մի սեզոնի համար` սերմերի, պարարտանյութերի ու եսիմինչերի համար 300.000 ենք ծախսում: Բայց դուք հըլա էն հարցրեք, թե մենք գոնե մեր ծախսերը հանո՞ւմ ենք»,- տան բակի ծիրանենու դեռահաս պտուղներից պոկելով` հյուրասիրում է տիկին Լարիսան: Հարեւանները, մոռանալով գյուղում տարիներ շարունակ խմելու ջուր չունենալու խնդիրը, պատմում են հողագործ գյուղացու այլ հոգսերի մասին, որոնք նույնն են նաեւ Տափերական գյուղում վարձով ապրող Մարտիրոս Հովհաննիսյանի համար:
Նոր ուղիում նոր ճանապարհ են փնտրում
Արարատի մարզի Նոր ուղի գյուղի ճամփաբաժնում հանդիպեցի երեւանցի Մարտիրոս Հովհաննիսյանին, ով արդեն շուրջ 7 տարի է՝ Տափերական գյուղում ապրում է վարձակալած տանը: Պարոն Մարտիրոոսը մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է: Ավարտել է Դնեպրոպետրովսկի, այնուհետեւ՝ Գորկու պետական համալսարանները: Այս մասին պատմում է ցավագին կարոտախտով: «Ի՞նչ անեմ: 8-րդ դասարանցի տղայիս հետ օրավարձով խոտհունձ ենք անում: Առաջ հարգված մարդ էի, հիմա անգամ բարեւ չեն տալիս: Հեն ա էն կոնյակի գործարանի տնօրենը, որ անցնում ա չէ՞, մենք էլ էստեղ դաշտում աշխատելիս ենք լինում, մի հատ կյանքում չի կանգնի, չի մոտենա, հետաքրքրվի: Մեզ նմաններին արդեն բարեւ չեն տալիս: Ասում ես` ո՞նց եք: Ո՞նց լինեմ, որ ճնշումս աշխատավարձիցս բարձր ա»,- գերանդուն հենված՝ պատմում է պարոն Մարտիրոսը` խնդրելով, որ անպայման գրեմ իր երազանքի մասին, այն է՝ գոնե մեկ րոպե հանդիպել Ռալֆ Յիրիկյանին հետ: «Էդ մարդն էնքան բարի մարդ ա: Իսկական հայ է»,- ասում է նա ու արեւամուտի անուժ շողերի տակ նայում Մասիսին: Հետո մեզ են միանում դաշտի տեր պարոն Էդիկն ու նրա տղան: Վերջինս սկսում է դժգոհել բերքատվությունից, իսկ ամենաշատ՝ նրանից, որ հայկական լոլիկի տեսակը վերանում է: «Հիմա գիտե՞ք` ինչքան քիչ մարդիկ կան, որ հայկական պոմիդոր են աճեցնում: Ես էլ առաջ ունեի, հիմա չէ: Հիմա գիտեք` ինչ կա` էլիտար պոմիդոր, էլիտար ձմերուկ»,- ծիծաղում է գյուղացին ու վստահեցնում, որ քաղաքում հիմա բոլորը էլիտարի հետեւից են ընկել: Գյուղացի Էդիկի համոզմամբ` այսօրվա գյուղացիներն ավելի շատ ամերիկյան սերմեր են գնում, ու ինքն էլ դրա պատճառը չգիտի: Երբ այս մասին հարցրեցի սուրենավանցի տիկին Փիրուզային, ով հիմա էլ ունի մի քանի «թաղ» լոլիկ, բայց ավելի շատ աճեցնում է էլիտար ձմերուկ, ասաց, որ գյուղում միրգը համից զրկվել է: «Առաջվա ջրալի, կարմիր պոմիդորը չկա: Ձմերուկն էլ բաց վարդագույն չի, ռոզվի ա: Ու քեզ թվում ա, թե մեջը արմատուրա կա»,- մտահոգվում է գյուղացի կինը:
Այս գյուղերում ամենահետաքրքիրն այն էր, որ զարմանում էին կարծիքների վրա, որոնց համաձայն՝ Արարատյան դաշտավայրի գյուղերն ապրում են արքայավայել` վարելահողերը բերրի են, ու գյուղացու մի քիչ աշխատասիրության դեպքում բերքը հաստատ առատ կլինի: «Է, էդ գիտե՞ք որն ա` հարեւանի հարսը ավելի սիրուն ա: Թող գան տեսնեն»,- ասում են գյուղի բնակիչները:
Նոր ուղի գյուղում, բացի այս հոգսերից, կար մեկ այլ խնդիր եւս, ինչի մասին պատմեցին երեխաները, ովքեր հաճախում են հարեւան գյուղի դպրոց: 1950-ական թթ. հիմնված գյուղը, որ նախկինում տնկարան էր, մինչ այսօր չունի դպրոց: «Հարեւան գյուղում կառուցեցին, որ երկու գյուղերն էլ օգտվեն: Պատկերացնո՞ւմ եք` երեխաներն ամեն առավոտ մոտ մի երկու կիլոմետր քայլում են՝ մինչեւ դպրոց հասնեն»,- ասում է գյուղի հարսներից մեկը: Իսկ երեխաները, ովքեր խաղում էին գյուղամեջում, ոգեւորված ներկայացնում էին, թե ով քանի րոպեում կարող է դպրոց հասնել: «Ամենադժվարը ձմռանն ա: Մրսում ենք, ճանապարհն էլ սառած ա լինում: Լինում ա, որ սառույցի վրա ձեռ ու ոտ ենք ջարդում ու չենք գնում դասի: Դպրոցում էլ վերջին դասերին արդեն ցուրտ ա լինում: Հետո էդքան ճանապարհ պիտի գանք»,- նշում են նրանք ու կրկին դառնում ընդհատված խաղին: Գյուղի բնակիչները չեն ուզում հավատալ, որ մի օր հնարավոր է, որ իրենց Նոր ուղիում էլ նոր դպրոց բացվի: Այստեղ էլ դարձյալ նույն խնդիրներն են, ու թվում է` անգամ նույն հերոսներն են, բայց մեկ է` նույնիսկ գյուղի անվանումը ոչինչ չէր ասում այն նոր ուղու մասին, որ սպասում են բոլոր գյուղերի բնակիչները: Նրանք բոլորն էլ դարձել են հուսալքված ու հոգսերի բեռի տակ ճկված, բայց շարունակում են գյուղացու պարզությամբ հավատալ հողին ու Աստծուն: