Երեկ ՀՀ նախագահի կայքէջում հրապարակվել է մի տեղեկատվություն, ըստ որի՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետեւողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին: ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերին: Պետքարտուղար Հ. Քլինթոնն ընդգծել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսեւորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ»,- նշված է կայքէջի` Քլինթոնի նամակի մասին պատմող տեղեկատվության մեջ: Ուշագրավ է սակայն, որ Քլինթոնի նամակի վերաբերյալ տեղեկատվությունը մինչեւ երեկ երեկոյան զետեղված չէր ոչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան (ինչպես լինում է նման դեպքերում), ոչ էլ ԱՄՆ Պետքարտուղարության կայքէջերում: Միջազգային լրատվական գործակալությունները եւս Քլինթոնի նամակի մասին որեւէ տեղեկատվություն չեն հաղորդել: