Թուրքիան մեղմացնում է շրջափակումը

20/07/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել Ստամբուլի նավահանգստում
սպասարկել Հայաստան ուղեւորվող բեռները: Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե
Թուրքիան սահմանը բացեց: Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, նշանակում է,
որովհետեւ մինչեւ այժմ Ստամբուլը թույլ չէր տալիս Հայաստանին պատկանող
բեռներն իր տարածքում իջեցնել նավերից, հետո բարձել այլ նավեր: Սա է
պատճառը, որ հայկական բեռներ փոխադրող ծովային ընկերություններն օգտվում
էին տարածաշրջանի այլ նավահանգիստների տարանցիկ ծառայություններից:
Աշխարհում բեռնարկղեր (կոնտեյներ) տեղափոխող մեծությամբ երկրորդ՝
շվեյցարական ծովային (MSC) ընկերությունը, որը համագործակցում է «Ապավեն»
ընկերության հետ, տարիներ առաջ կանգնել էր այդպիսի փաստի առաջ՝ Ստամբուլի
նավահանգիստը հրաժարվել էր ընդունել եւ սպասարկել այդ ընկերության
տեղափոխած հայկական կոնտեյներները: Բանն այն է, որ Հայաստանի
ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվում է սեւծովյան Փոթի եւ
Բաթումի նավահանգստների միջոցով, իսկ Սեւծովյան ավազանի ոչ մի նավահանգիստ
ֆիզիկապես ի վիճակի չէ ընդունել եւ սպասարկել մեծ բեռնատարողությամբ
նավերը: Համեմատության համար ասենք, որ դրանք տեղափոխում են մինչեւ 6000
բեռնարկղ, իսկ Փոթի նավահանգիստ մտնող նավը 450-ից ավելի չի բարձում: Եթե
նավը տեղափոխի 600 բեռնարկղ, Փոթի նավահանգիստը հնարավորություն չի ունենա
ընդունել ու սպասարկել: Եվ տեղափոխման մեխանիզմն այսպես է եղել. Սեւ ծով
մտնող բոլոր բեռնարկղերն այդ մեծ նավերից բեռնաթափվել են Միջերկրական ծովի
մեծ նավահանգիստներում, հետո ճանապարհը շարունակել փոքր նավերով: Դրանք
կոչվել են տարանցիկ նավահանգիստներ, եւ գտնվել են Իտալիայում,
Հունաստանում եւ Թուրքիայում: Շվեյցարական այդ ընկերությունը, հայկական
բեռները տեղափոխելու հարցում Ստամբուլում բարդություններ ունենալու
պատճառով, տարանցիկ կանգառ էր ընտրել Հունաստանի Պիրեուս նավահանգիստը:
Իսկ մեկ ամիս առաջ Պիրեուսում մեծ գործադուլ սկսվեց, եւ ծովային այն
ընկերությունները, որ իրենց բեռներն իջեցրել էին այդ նավահանգստում,
կանգնեցին փաստի առաջ. բեռները շարունակում են մնալ այնտեղ: Այս պահին
«Ապավեն» ընկերության որոշ բեռներ դեռ Պիրեուսում են:

– Մեզ հետ համագործակցող շվեյցարական MSC ընկերությունը, որ Պիրեուսում
վերաբարձում էր կատարում, գործադուլի հետ կապված բարդություններ ունեցավ.
նավահանգիստը չէր սպասարկում նավը,- ասում է «Ապավեն» ընկերության
գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: -Իսկ այդ մեծության նավի յուրաքանչյուր
օրվա պարապուրդն ընկերության համար արժե 40-50.000 դոլար: Բնական է, նրանք
պետք է լուծումներ գտնեին: Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ գործոն է դեր
ունեցել, ի՞նչ մեխանիզմներ են աշխատել, որ Ստամբուլը տվել է իր
համաձայնությունը՝ ընդունել եւ բեռնաթափել հայկական բեռներ ունեցող նավերը:

Փաստորեն շվեյցարական ծովային այդ ընկերությունը հայկական բեռների
պատճառով Ստամբուլի նավահանգստում տարիներ շարունակ չէր կարողանում
սպասարկում ստանալ: Այդ ընկերությունը Հայաստանի բեռների հետ միասին նույն
նավով տեղափոխում էր նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի բեռները:

– Նրանք չէին կարող գալ Ստամբուլ եւ ասել՝ այստեղ իջեցրեք վրացական ու
ադրբեջանական բեռնարկղերը, իսկ հայկականը կտանենք ուրիշ նավահանգիստ,-
բացատրում է պրն Աղաջանյանը:- Հնարավոր է, որ Ստամբուլի փոխարեն
Պիրեուսում բեռների վերաբարձումը MSC ընկերության համար ավելի թանկ արժեր,
բայց նա չհրաժարվեց Հայաստանի հետ համագործակցելուց: Մանավանդ որ,
հարավկովկասյան այդ երկու երկրների բեռները միասին մեկ նավ չէին լցնի, եւ
առանց հայկական բեռների, վերաբարձված փոքր նավը Փոթի կհասներ կիսադատարկ:
Եվ հետո, երրորդ երկրի պատճառով այդպիսի մեծ ընկերությունը չէր հրաժարվի
Հայաստանի բեռները տեղափոխելուց:

Հայաստանում դեռ չգիտեն, թե շվեյցարական ընկերությունը տարանցիկ
սպասարկում ստանալու համար ինչպե՞ս է կարողացել համոզել թուրքերին:
Միգուցե դա Ստամբուլի նախաձեռնությո՞ւնն է եղել: Հնարավոր է, որ այս դեպքն
ունի տնտեսական նշանակություն, այսինքն՝ տարածաշրջանի տարանցիկ
նավահանգիստները մրցակից են, եւ գործադուլը լավ առիթ է եղել, որ Ստամբուլը
գրավի Պիրեուսի շուկան: Հնարավոր է նաեւ, որ Թուրքիայի վրա ճնշում են
գործադրել միջազգային կառույցները, մանավանդ, որ վերջինս Եվրամիություն
ընդունվելու համար մեծ ջանքեր է գործադրում: Պարզ է, որ որոշումն
ընդունվել է պետական մակարդակով: Հայաստանը պաշտոնական արձագանք դեռեւս չի
տվել, որովհետեւ որոշումն ընդունել են Թուրքական իշխանությունները եւ
շվեյցարական ընկերությունը, հայկական իշխանությունները մասնակցություն չեն
ունեցել: Իսկ «Ապավենի» բեռնարկղերը Ստամբուլով արդեն Հայաստան են հասել:

Ոչ միայն Պիրեուսի շուկան գրավելը, այլ միայն MSC ընկերության նավերին
սպասարկելը Ստամբուլի նավահանգստին կբերի ահռելի շահույթ, որովհետեւ միայն
հարավկովկասյան երկրներն այդ ճանապարհով տեղափոխում են տարեկան 70-80.000
կոնտեյներ: Իսկ MSC ընկերությունն այդ երթուղով տեղափոխում է նաեւ
Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Նովոռոսիյսկի բեռները:

Կարելի է համարել, որ Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու
ուղղությամբ Թուրքիան արդեն ինչ-որ քայլ արել է: Բայց թե՛ «Ապավեն»
մասնավոր ընկերության տնօրենը, թե՛ առեւտրի եւ տնտեսական զարգացումների
փոխնախարար Տիգրան Դավթյանը հրաժարվում են մեկնաբանություններից:

– Ուշ թե շուտ սահմանը բացվելու է,- կարծում է պրն Աղաջանյանը: -Դա
միանշանակ է, որովհետեւ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ եւ
փակել Հայաստանի սահմանը:

Իսկ վտանգ չկա՞ արդյոք, որ սահմանը բացելուց հետո թուրքական ապրանքը
կհեղեղի հայկական շուկան, եւ տեղական արտադրությունն անկում կապրի:

– Իհարկե ոչ,- գտնում է պարոն Աղաջանյանը: -Հայաստանը միանշանակ շահելու
է, որովհետեւ ավելանալու է բեռնաշրջանառությունը: Ճիշտ է, տեղական
արտադրությունը մի փոքր կնահանջի, բայց հետո բալանսի կգա: Դրան հակառակ՝
մենք արտաքին շուկա դուրս գալու մեծ հնարավորություն կունենանք: Միայն
Թուրքիան հայկական արտադրության համար մեծ շուկա է։