Նախընտրական շրջանում Հայ Ազգային կոնգրեսի առաջին համապետական հանրահավաքը Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ երեկ:
Երեկ նույնպես մարզերից Երեւան եկող քաղաքացիներից շատերին «Վահան» օպերացիայի շրջանակներում ոստիկանները թույլ չէին տվել հասնել մայրաքաղաք: Հատկապես Վանաձորից, Աշտարակից ու Կոտայքի մարզից երթուղային տաքսիները դատարկ էին հասնում Երեւան: Բայց բազմամարդ հանրահավաքը, այնուամենայնիվ, կայացավ: Ի դեպ, հարթակից ներքեւ հանրահավաքին երեկ հետեւում էր նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Հանրահավաքը վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով նախ հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել 2 օր առաջ «Նաիրիտ» գործարանում պայթյունի հետեւանքով զոհված 4 քաղաքացիների հիշատակը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ ճիշտ չէ այն բացատրությունը, թե պայթյունի պատճառն անվտանգության կանոնների խախտումն է: Նա տեղեկացրեց, որ խորհրդակցել է քիմիական արդյունաբերության լավագույն մասնագետների հետ եւ եկել է եզրակացության, որ տեղի ունեցածը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների հանցավոր գործունեության հետեւանքն է: «Նաիրիտը» վերագործարկվել է 1993թ., այն պահին, երբ Հայաստանը ծանրագույն պատերազմի եւ շրջափակման մեջ էր: Այդ ժամանակ իրականացրած ներդրումներից հետո գործարանը պիտի աշխատեր ուղիղ 10 տարի: Դրանից հետո գործարանի անվտանգ գործունեության համար պետք է կատարվեր վերազինում, ինչը չի արվել: 2003թ. հետո այս գործարանը եղել է վտանգավոր մեր քաղաքացիների ու իր աշխատողների համար: Եվ կառավարությունը դրա վրա աչք է փակել: Մասնագետներն ասացին, որ հրաշք պետք է համարել, որ քիչ զոհեր են եղել: Գործարանն աշխատել է շատ ծանր պայմաններում: Պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել այդ իրադարձությունները»,- ասաց Լ.Զուրաբյանը եւ անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրությունների ընտրարշավին: Նա դժգոհություններ է լսել, որ Կոնգրեսը քարոզարշավում շատ ակտիվ չէ, որ շատ ենթաշտաբներ չունեն: «ՀՀԿ-ի այդքան շատ ենթաշտաբներն իրականում պլակատներ են: Շատ ենթաշտաբներում 1-2 հոգի նարդի են խաղում»,- ասաց Զուրաբյանն ու ավելացրեց, որ իրենց համակիրներն արդեն շրջում են տներով եւ հասկացել են, որ երեւանցիների մեծ մասն իր ձայնը տալու է Կոնգրեսին: Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ քաղբանտարկյալների դատավարություններին: Ասաց, որ նրանց նկատմամբ ներկայացված մեղադրանքները փշուր-փշուր են եղել, եւ իշխանությունները՝ հասկանալով իրենց ողբալի վիճակը, հասկանալով, որ կատարել են հանցագործություն` հիմա արդարադատության անվան տակ բանդիտիզմ են իրականացնում այդ գործերով դատակոչված վկաների նկատմամբ: «Այդ դատավարություններում վկաները ոստիկանության կողմից ենթարկվում են տեռորի, եւ այդ ամենը կազմակերպված է դատախազության կողմից: Ուշադրություն դարձրեք, որ այդ վկաները ոչ թե պաշտպանական, այլեւ մեղադրող կողմի վկաներն են, որոնք ասում են, թե ինչ ճնշումների ազդեցության տակ են ստիպված եղել տալ գրավոր ցուցմունքներ, որոնցից հիմա հրաժարվում են: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել տեռորը վկաների նկատմամբ: Արդարադատությունն ու բանդիտիզմը եթե ձեզ համար միեւնույն է, ապա մենք դա չենք հանդուրժելու: Այս իմաստով կարող էին միջազգային կազմակերպություններն իրենց դերն ունենալ, բայց, ցավոք, նրանք շարունակում են փակված աչքերով նայել, թե ինչպես է Հայաստանում բանդիտիզմ եւ արդարադատություն հասկացությունները դարձել հավասար հոմանիշներ»,- ասաց Դ.Շահնազարյանը:
Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Երեւանում տեղի ունեցող անօրինականություններին եւ ասաց, որ ընտրություններում հաղթելուց հետո լուծելու են կուտակված բոլոր խնդիրները: «Այս ընտրությունները կարեւոր փուլ են մեր երկրում օրինականություն եւ ժողովրդավարություն հաստատելու համար: Հաղթելով` մենք հետամուտ ենք լինելու Երեւանում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Այդ բացասական երեւույթների մասին խոսում են նաեւ դրանց համար պատասխանատուները, բայց տեսնում ենք, որ նրանց գործելաոճը չի փոխվել: Ինչպես ապավինել են, այդպես էլ շարունակում են ապավինել կրիմինալին, օգտագործում են իշխանական լծակները, ապավինում են ընտրակաշառքին: Մեր հասարակությունն իրական փոփոխություններ է ակնկալում: Մեր հանդիպումները ցույց են տվել, որ հասարակությունն այդ փոփոխություններն ակնկալում է ընդդիմությունից, ի դեմս Կոնգրեսի: Կոնգրեսն ի վիճակի է երկրում իրականացնել համապատասխան փոփոխություններ, որոնք մենք պետք է միասին անենք: Վերջ ենք տալու ամենաթողությանն ու անպատժելիությանը, արատավոր սանձարձակ դրսեւորումներին: Մենք կուտակված բոլոր խնդիրները կլուծենք, բայց առաջին հերթին կփոխենք բարոյահոգեբանական մթնոլորտը»,- հայտարարեց Ս,Դեմիրճյանը: Իսկ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն անդրադարձավ հեռուստաեթերին: «Ամեն օր մենք դիտում ենք, թե ինչ է կատարում Վրաստանի ընդդիմությունը: Մեկ օր ցույց տվեք, թե ի՞նչ է անում Հայաստանի ընդդիմությունը»,- կոչ արեց Գ.Հարությունյանը: Ի դեպ, երեկ հանրահավաքի ընթացքում միացվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձայնագրված կոչն՝ ուղղված ժողովրդին ու ՀԱԿ-ի ակտիվիստներին. «Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն` անխուսափելի»: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններում եւ ԼՂՀ կարգավորման գործընթացում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը, որի արդյունքում ներկա նախագահն իրեն խաբված է զգում Ամերիկայի ու Թուրքիայի կողմից: Իսկ երեկվա հանրահավաքը նորից ավարտվեց երթով: