– Ընդդիմությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն,
ինչպես իշխանություններն են բազմիցս հայտարարել, եթե դրանք չընդունվեն,
ապա վտանգի տակ է դրվում ԵԽ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Ձեզ չի՞
մտահոգում այդ հեռանկարը:
– Նախ նշեմ, որ նույնիսկ ամենալավ Սահմանադրությունը չի կարող հավերժ
մնալ: Ի վերջո, ժամանակի ընթացքում փոփոխությունների անհրաժեշտություն է
առաջանում: Այնպես որ` պետք չէ այսօր ընդդիմությանը ներկայացնել իբրեւ
Սահմանադրությանը կառչած մարդիկ: Խնդիրն այլ է։ Սահմանադրական
փոփոխությունների իրականացումը չի բխում այն պահանջներից, որոնք Հայաստանը
ստանձնեց ԵԽ-ին անդամակցելիս: Եթե ուշադիր նայեք Հայաստանի ստանձնած
պարտավորությունների ցանկին, ապա կտեսնեք, որ այնտեղ որեւէ բառ չկա այդ
փոփոխությունների անհրաժեշտության մասին: Վերջին 3-4 տարիների դինամիկան
հանգեցրեց նրան, որ խեղաթյուրվեց այդ պարտավորությունների էությունը: Այն
պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել էր ԵԽ առջեւ`
իշխանությունները չեն կատարել ըստ էության ու հիմա փորձում են
ներկայացնել, թե իբր այս փոփոխություններն են վտանգում մեր
անդամակցությունը: Օրինակ, ԵԽ-ն պահանջում էր, որ Հայաստանում օմբուդսմենի
ինստիտուտ ձեւավորվի: Գործող սահմանադրությունն այդ հնարավորությունը
տալիս է, բայց եթե իշխանություններն ուզում էին, որ այդ ինստիտուտը
արձանագրված լիներ սահմանադրության մեջ, ապա պետք է փոփոխություններ
իրականացնեին ընդամենը երկու կետում: Վստահ եմ, որ այդ փոփոխություններն
առանձին հանրաքվեի դնելու պարագայում հաջողությամբ կպսակվեր: Գործող
իշխանությունների գործելաոճը շատ զարմանալի է: Ենթադրենք, բոլորը համաձայն
են փոփոխությունների իրականացմանը ու պատրաստ են քննարկելու` դուք ունե՞ք
այդ փոփոխությունների տարբերակը: Եթե, իրոք, լուրջ է իշխանությունների այդ
նպատակը, ապա նրանք պետք է հնարավորինս թափանցիկություն ապահովեն: Բայց
նույնիսկ պատգամավորներն են բողոքում, որ չունեն այն: Նույն
անտեղյակությունն է նաեւ ԼՂՀ հիմնահարցին առնչվող խնդիրների պարագայում:
Թող ներկայացնեն ինչ-որ փաստաթուղթ, մենք կարդանք ու մեր կարծիքն ասենք:
Բայց մեզ անընդհատ փորձում են համոզել, թե բանակցություններում իդեալական
տարբերակ է քննարկվում։ Քաղաքականության մեջ նման բան չի՛ լինում:
– Իսկ ինչո՞վ եք բացատրում իշխանությունների պնդումները, որ
սահմանադրական փոփոխությունները բխում են ԵԽ պահանջներից, եւ ԵԽ
փորձագետների կողմից պարբերաբար տրվող վերջնաժամկետները:
– Դա կապված է Հայաստան-ԵԽ համագործակցության զարգացման դինամիկայի հետ:
ԵԽ-ն բազմիցս համոզվել է, որ Հայաստանը չի կատարում կամ լիարժեք չի
կատարում իր պարտավորությունները, եւ որոշել է այս կերպ վարվել: Օրինակ՝
«Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի
դեպքում: ԵԽ-ն ասում է` այո, ՀՀ-ն նման օրենքի կարիք ուներ, բայց չէին
ասում` հակաժողովրդավարական օրենք ընդունեք: Իրենք 4 տարիների համատեղ
աշխատանքի ընթացքում համոզվեցին, որ ոչ բոլոր դեպքերում է, որ ՀՀ
իշխանությունները կատարում են իրենց պարտավորությունները: ԵԽ-ն իր
բանաձեւերում հաճախ է նշել, որ Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առել
իրենց պահանջները կամ հակառակն են արել: Այդ փորձը բերեց նրան, որ իրենք
այլեւս մեզ չեն հավատում ու հասկացան, որ պետք է այսուհետ մեզ հետ
վերջնագրերով խոսել: Եթե նախկինում ԵԽ-ն առաջարկում էր կոնկրետ օրենքում
կոնկրետ կետ փոխել, հիմա ասում են` կոնկրետ այսպես փոխել: Իսկ այս ամենը
թույլ է տալիս ենթադրել, որ ԵԽ-ն այսօր, սահմանադրական փոփոխությունների
պահանջատեր դառնալով, գլոբալ քաղաքական այլ խնդիր է ցանկանում լուծել
Հայաստանում: ԵԽ-ն ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել:
– Այսինքն` հանրաքվեի միջոցով իշխանափոխությո՞ւն:
– Այո, բոլոր «գունավոր» հեղափոխությունները հենց ընտրությունների ժամանակ
են եղել: Այդ ժամանակ ակտիվանում են քաղաքական ուժերը, լարվածությունը
հասնում է պիկի: Այնպես որ` ԵԽ-ն` տեսնելով, որ առանց ընտրության
մեխանիզմի ոչինչ հնարավոր չէ փոխել, ընտրել է այդ տարբերակը: Պատահական չէ
նաեւ, որ նրանք Հայաստանում հանրաքվեի անցկացումն ու Ադրբեջանի ԱԺ
ընտրությունները զուգակցում են միմյանց հետ: Միջազգային հանրությունը
շահագրգռված է, որ եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում հաստատվեն
դեմոկրատական համակարգեր: Աշխարհը սպասելիքներ ունի Հայաստանից եւ վերջին
տարիներին համոզվելով, որ ՀՀ իշխանությունները կամավոր չեն գնում այդ
զարգացումներին, իրենք արագացնում են այն` կարեւորելով հանրաքվեի
անցկացումը:
– Ի՞նչ կասեք` տարածքներ` 10-15 տարվա ընթացքում ԼՂՀ-ում հանրաքվե
անցկացնելու դիմաց տարբերակի եւ անվտանգության երաշխիքների մասին
շրջանառվող վերջին լուրերի վերաբերյալ:
– Ես ճիշտ չեմ համարում խոսել մի փաստաթղթի մասին, որը գոյություն չունի:
Դա անպտուղ խոսակցություն է: Ասում են` ինչ-որ դիվանագիտական աղբյուր է
տրամադրել այդ ինֆորմացիան: Կներեք, ԼՂՀ հարցը բավական լուրջ խնդիր է:
– Չե՞ք գտնում, որ այս անգամ այդ տեղեկություններն այնքան էլ պատահական
չեն, որովհետեւ վերջին շրջանում շատ էր խոսվում, թե, ի վերջո, գտնվել է
վերջնական լուծումը:
– Պնդում եմ, որ այդ լուրերի տարածումը դարձյալ կապված է Ադրբեջանի
ընտրությունների եւ Հայաստանի Սահմանադրության հանրաքվեի հետ: Այս պահին
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների շահերը համընկնում են, եւ պարզ
է, որ հիմա նման լուրերը նրանց ձեռնտու են, թե` տեսեք, նրանք ինչ-որ
լուծում են գտել: Կես տարի առաջ Ադրբեջանի դիրքորոշումը շատ կոշտ էր, ու
հիմա նրանք այն վերանայել են զուտ ընտրությունների պատճառով:
Այնուամենայնիվ, վերադառնալով ձեր մատնանշած «տարբերակին», պետք է նշեմ,
որ շատերին դուր է եկել ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու գաղափարը: Մինչդեռ 5
շրջաններից զորքի դուրսբերման եւ ադրբեջանցի փախստականների ԼՂՀ վերադարձի
մասին այնտեղ խոսք չկա, ինչը նշանակում է, որ դա կատարվելու է առաջին իսկ
օրվանից: Այսինքն` մենք զորքը դուրս բերենք ու սպասենք, թե ի՞նչ է լինելու
10-15 տարի հետո: Հաշվի առնելով ադրբեջանցի ժողովրդի ծնելիության բարձր
մակարդակը, ակնհայտ է, որ 10-15 տարի հետո ԼՂՀ-ում ադրբեջանցիները կկազմեն
մեծամասնություն, եւ համապատասխանաբար հանրաքվեն կլինի նրանց օգտին: Դա
միանշանակ է: Բացի այդ` այդ «տարբերակի» մեջ նշված էր, որ խաղաղապահ
զորքերի մեջ չպետք է լինեն ռուսներ եւ թուրքեր: Ուզում եմ հիշեցնել, որ
1997թ. փուլային տարբերակում խաղաղապահ ուժերի մեջ մտնում էին հենց ՀՀ
զորքերը: ԼՂՀ հայերի համար գլխավոր երաշխիքը հենց Հայաստանն էր: Այնպես
որ` լուրջ նահանջ կա այս «տարբերակում»: Ինձ ամենից շատ մտահոգում է այն,
որ կոալիցիայի անդամ կուսակցություններն, առաջին հերթին՝ Դաշնակցությունը,
դավաճանում են ազգի գլխավոր խնդիրներին: Ի վերջո, կոալիցիան գրեթե նոր
սահմանադրություն է գրում` որտե՞ղ է արծարծվում Ցեղասպանության խնդիրը:
Նախկին իշխանությունները Ցեղասպանության եւ հայկական պատմական տարածքների
խնդիրը արձանագրեցին Անկախության հռչակագրի մեջ: Ինչպե՞ս կարելի է այդպես
դավաճանել ազգային խնդիրներին: Միշտ էլ պոպուլիստական ուժերը`
սոցիալիստական, դաշնակցական, կոմունիստական, վերջում դավաճանում էին ազգի
խնդիրներին: Պոպուլիզմով իշխանության գալուց հետո այլ հարցերի մեջ են
խրվում` փող, իշխանություն եւ այլն: Նույնն է նաեւ ԼՂՀ հարցում: Ձեր նշած
«տարբերակում» խոսվում է ազատագրված 5 տարածքների վերադարձի մասին: Ի
վերջո, դրանք պատմական հայկական տարածքներ են, մենք գոնե գիտե՞նք, որ
դրանք պատմական են ու մեզ առաջարկում են դրանք հանձնել: Նշանակում է`
դեմոկրատական ուժերը գրավեցին տարածքներ, իսկ «հայրենասեր» ուժերը
վերադարձնում են դրանք:
Ի դեպ, մենք չենք կարողանում ճիշտ գնահատել այն երկրներին, որոնք
իրականում աջակցում են մեզ: ՌԴ-ն, որը «Գույք` պարտքի դիմաց» բանաձեւի
շրջանակում 4 հսկա ձեռնարկություն օտարեց հայ ժողովրդից ու ոչ մի ներդրում
չիրականացրեց այն շահագործելու համար, մեր ազգի համար ավելի լավ բարեկամ
է, քան մյուսները: Ցանկացած հայի հարցրեք ու կտեսնեք, որ նա դրական է
տրամադրված ՌԴ-ի հանդեպ, իսկ ԱՄՆ-ի հանդեպ` բացասական: Մինչդեռ ԱՄՆ-ը
աշխարհում միակ երկիրն է, որն առանձին բյուջետային տողով օգնություն է
տրամադրում ԼՂՀ-ին, որը վերջին տասը տարիների ընթացքում անշահախնդիր 1,5
միլիարդ դոլար օգնություն տրամադրեց Հայաստանին: Նույն ԱՄՆ-ը միջազգային
կառույցներում լուրջ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին: Ամենաթարմ
օրինակը` հուլիսի 1-5-ը անցկացված ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանը
փորձում էր անցկացնել հակահայկական բանաձեւ: Հենց ԱՄՆ պատվիրակության
շնորհիվ էր, որ չընդունվեց այդ բանաձեւը: Համեմատության կարգով հիշեցնեմ,
որ նույն Աթկինսոնի հայտնի բանաձեւի ժամանակ ԵԽ ԽՎ նիստում ՌԴ
պատվիրակությունը քվեարկեց հօգուտ Ադրբեջանի առաջարկների: Մենք չենք կարող
ճիշտ կողմնորոշվել, թե որ պետությունն է մեզ բարեկամ: Եթե մեր ժողովուրդը
չի կարողանում կողմնորոշվել, թե ով է իր թշնամին եւ ով բարեկամը, ուրեմն`
նա անխուսափելիորեն կունենա լուրջ կորուստներ, այդ թվում` տարածքային: Եվ
դա կլինի շատ մոտ ժամանակներս, եթե չխելոքանանք: Մոտ ժամանակներս մենք
կստանանք այն, ինչի արժանի ենք: Չի՛ կարելի թքել բարեկամի երեսին, իսկ
թշնամուն գովաբանել: Դաշնակցականակերպ իշխանությունները միշտ սխալ են
կողմնորոշվել, նույնը նաեւ այսօր է: