Լիքը մրցանակ

16/05/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Ըստ նախագահի մամուլի ծառայության, «Հաշվի առնելով համապատասխան մրցանակ շնորհող հանձնախմբի առաջարկությունը, Նախագահի հրամանագրով 2008 թվականի մրցանակի են արժանացել` Վահագն Տատրյանը (ԱՄՆ)` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար, Վոլֆգանգ Գուստը (Գերմանիա)` Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանելու համար»: Նույն հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները, Նախագահի 2008 թվականի մրցանակի են արժանացել` բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Սուրեն Խառատյանը, Խաչատուր Մանուկյանը, Հայկ Խաչատրյանը`«Կերամիկական եւ կոմպոզիցիոն նյութեր` ստացված այրման առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ» գիտական հոդվածների շարքի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Վահան Ավետիսյանը` «Միլիմետրական ալիքների տիրույթում ավտոմատ չափիչ համալիրներ անտենաների բնութագրերը մոտակա դաշտի եղանակով որոշելու համար» գիտական հոդվածների շարքի համար, արվեստի բնագավառում՝ Ռուբեն Կեւորկովը, Վահե Կեւորկովը, Ռուբեն Ջաղինյանը, Սամվել Բաբասյանը` «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմի համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Յուրի Մալաքյանը, Նարեկ Սիսակյանը, Անահիտ Գոգյանը` «Քվանտային ինֆորմացիոն պրոցեսների օպտիկական ղեկավարման նոր մեթոդների մշակումը» գիտական հոդվածների շարքի համար, գրականության բնագավառում՝ Նորայր Ադալյանը` «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպի համար: Դասական երաժշտության բնագավառում Նախագահի 2008 թվականի երիտասարդական մրցանակի են արժանացել` «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար` Հովհաննես Այվազյանը, Հասմիկ Թորոսյանը, «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար` Արուս Աճեմյանը (դաշնամուր) Մերի Խոջանյանը (ջութակ): Նախագահի 2008 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում` Վիգեն Սայադյանին` «Փոթորկի կանխազգացում» գեղանկարների շարքի համար, Արարատ Մինասյանին` «Դատ», «Ծառեր», «Ակնթարթ», «Սարդարապատ» գեղանկարների համար, Գուրգեն Պետրոսյանին` «Լեդա» քանդակի համար: