Մեր զենքը ոչ թե երգն է, այլ՝ իմիջը

16/05/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երբ փորձում ենք ուսումնասիրել մշակութային իրադարձությունների տեղեկատուն, ապա միանգամից նկատում ենք մրցույթների առատությունը։ Մեր օրերում շատ կարեւոր չափանիշ է դարձել «Ո՞վ է լավագույնը» (առաջինը, երկրորդը, նախավերջինը) հարցը։ Մրցում են, որպեսզի նորանոր սանդղակներ ու ցուցակներ կազմվեն։

Մրցութային ֆորմատը ոչ միայն շահութաբեր ձեռնարկ է, այլեւ՝ լիցքաթափման յուրատեսակ ձեւ է, քանի որ թույլ է տալիս մարդու (երգչի, ռեժիսորի, պետության) մեջ կուտակված ագրեսիան դուրս մղել, խելացի մարդիկ կասեին՝ սուբլիմացնել ագրեսիան ու վերածել այն ստեղծագործական էներգիայի։ Ե՛վ ստեղծագործական, եւ՛ սպորտային մրցույթները գրեթե գլոբալ նշանակություն են ստացել, արդեն ոչ թե անհատներն են մրցում, այլ՝ պետություններն ու գաղափարախոսությունները։ Իդեաների բախումները շատ սահուն կերպով փոխարինել են արյունալի պատերազմները։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ով է ուժեղ։ Տեսեք, թե ինչպես ենք մենք կազմակերպում այս կամ այն մրցույթը ու ինչպես ենք այնտեղ ներկայանում։

Եվրոպական երգի մրցույթը, որը գնալով ավելի ու ավելի է թեժանում ու մրցույթի ֆորմատի տակ բացեիբաց պայքար է ցուցադրում, այդ մոտեցման վառ ապացույցն է։ «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթը, որն անցնում է Մոսկվայում, ցուցադրեց ՌԴ նորագույն իդեոլոգիան։ Եվ այդ իդեոլոգիայի կրողը դարձավ աշխարհում շատ երկրպագուներ ունեցող «Տատու» խմբի «Մեզ չեն հասնի» («Նաս նե դագոնյատ») երգը։ Երիտասարդ ու սեքսապիլ աղջիկները երգում են այն մասին, որ իրենք առաջին գծում են գտնվում (իսկ թե դա ինչ գիծ է, արդեն երկրորդական խնդիր է, կարեւորը, որ հետապնդողներից արդեն ահագին կտրվել են), իսկ հսկայական «Օլիմպիյսկի» դահլիճի առաստաղի տակ թռչում են վարդագույն ինքնաթիռ-կործանիչներն, ու թնդում է ռազմական երգչախումբը։ Ռուսական ազգային տարրերը՝ արջերը, ինքնաեռներն ու կազակների պարը միայն անտուրաժ են, կարեւորը՝ միլիտարիստական ոգին է, որը եւ ուզում է աշխարհին ցուցադրել Ռուսաստանը՝ իր երկրում հյուրընկալելով երգի մրցույթը։ Եվ երբ Ալեքսանդրովի անվան ակադեմիական երգչախումբը դեռահասներին ուղղված փոփ-երգ է կատարում, կարծես վերակենդանանում է ռուսական ռազմական ուժի երբեմնի փառքն ու ծանրակշիռ կռվանի պես հիշեցնում՝ տեսեք, մենք կարող ենք նաեւ այս ֆորմատի մեջ մեզ հարմարավետ զգալ, քանի որ անպարտելի ենք։ Ընդհանրապես «Տատուի» այս երգը, որը տարբեր հարթակներից է հնչում, կարծես դառնում է Ռուսաստանի ոչ պաշտոնական, սակայն մեծ մասսայականություն վայելող հիմնը։

Շատ տպավորիչ ու խորամանկ քայլերի դիմելով՝ ռուսները կարողացան համապատասխանեցնել իրենց երազանքներն ու իրականում բավակակաին թույլ երգի մրցույթը։ Կիսաեզրափակիչ երկու մրցութային օրերին էլ էկրանների վրա լատինական տառերով գրվում էին որոշ ռուսական բառեր ու արտահայտություններ (borsh, kosmos, krasota, balalaika, vsego dobrogo sneg), իսկ մրցույթի հեռուստահաղորդավար Իննա Չուրիկովան հպարտությամբ ասում էր՝ ահա Եվրոպան եւս մեկ ռուսական բառ սովորեց, եվրոպացիներին ռուսերեն բառերը շատ պետք կգան։ Ընդ որում` բառերի ռուսական տրանսկրիպցիան մի քանի անգամ ավելի խոշոր էր գրվում, քան անգլերեն բացատրությունը։ Ամեն իրադարձության մեջ ռուսական հետքն ու փառքը փնտրելն այս «Եվրատեսիլի» կարգախոսն է դարձել։ Նույնիսկ Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյաններին ներկայացնելիս, հիմնականում շեշտվեց, որ նրանց պարը բեմադրել է Ռուսաստանում աշխատող Միգելը։ Տեսեք, թե որքան տաղանդավոր ենք մենք, նույնիսկ հայերին ենք օգնում։

Այս տարվա «Եվրատեսիլում» ամեն բան շատ մտածված, թեթեւակի պարտադրող ու ռուսական ոգու լիությունը փաստող է։ Մենք հզոր ենք, դեռ հարկավոր չէ մեզնից վախենալ, սակայն զգուշանալ հաստատ արժե՝ կարծես սա են ուզում ասել մրցույթի կազմակերպիչները։ Եվ հենց սա է Ռուսաստանի պաշտոնական մշակութային քաղաքականությունը, որը սերտորեն կապվում է գեոպոլիտիկ խնդիրների ու ընթացող քաղաքական դերաբաշխումների հետ։

Այս օրերին Մոսկվայում գտնվող «Եվրատեսիլի» հյուրերին առաջարկվում է ծանոթանալ ոչ միայն ռուսական ավանդական հյուրասիրության (սեւ խավիար, պրյանիկներ, բլիններ ու օղի), այլեւ՝ «սառը պատերազմի» դարաշրջանի երգերին ու սիմվոլներին։ Հյուրերի համար կազմակերպած երեկո-ընդունելությունների ժամանակ սեղաններին է դրվում «Ձյունե թագուհի» հեքիաթային անվանումը, սակայն 40 աստիճան թնդություն ունեցող ըմպելիքը, ծորում է մեղրն, ու հնչում են տարբեր պաշտոնյա անձանց բոցավառ հայրենասիրական ճառերը։ Լուժկովն, օրինակ, չմոռացավ նշել, որ Ռուսաստանը հարուստ բնական պաշարներ ունի՝ նավթ, գազ եւ այլն։ Եվրոպան այդ մասին չպիտի մոռանա նույնիսկ այն պահին, երբ գդալներով սեւ խավիար է ուտում։

Չենք հաղթելու, բայց հիշվելու ենք

Բոլորն, իհարկե, հասկանում են, որ «Եվրատեսիլում» հաղթանակելը բնավ էլ ոչ մի կապ չունի ներկայացված երգի ու կատարման որակի հետ։ Վերջնական արդյունքների վրա ազդում է քաղաքականությունն ու այս կամ այն ազգի սփյուռքի քանակը։ «Եվրատեսիլը» մրցույթ չէ, այլ՝ իմիջ ստեղծող միջոցառում է։ Եվ առավել ջանասիրաբար նոր իմիջ ստեղծել ձգտում են Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք խորհրդային անցյալ են ունեցել ու փորձում են հաստատվել Եվրոպայում տարբեր մրցույթ-պայքարների միջոցով։

Հայաստանը առաջին անգամ մասնակցելով մրցույթին՝ շատ ավելի մանկրակրիտ էր մոտենում նախապատրաստական փուլին, հայաստանցիների շրջանում թեժ քննարկումներ էին ընթանում երգի բառերի ու երգչի կերպարի շուրջ, սակայն այս տարի կարծես մենք էլ ենք հանդարտվել ու «Եվրատեսիլը» որպես փաստ ենք ընդունում, առանց ավելորդ հուզմունքի։ Այո, հասկանում ենք, որ չենք հաղթելու, բայց եւ դրանից չենք տառապում, ավելի շուտ ինքներս մեզ ենք փորձում։ Հավակնոտ ծրագրերի բացակայությունը «Եվրատեսիլում» գրեթե նույնացվում է մեր հանրապետության վարած քաղաքականության հետ։ Մենք տարածաշրջանի լիդեր չենք ուզում դառնալ, սակայն վերջնամասում գտնվել էլ չենք ցանկանում։ Ընդ որում՝ հաղթել չցանկանալը նույնպես հիմնավոր ու տրամաբանական մոտեցում է, քանի որ բոլորը գիտեն, որ «Եվրատեսիլ» կազմակերպելը շատ ծախսատար գործ է ու ջանք գործադրել՝ մրցույթը սեփական երկրում անցկացնելու շանս ձեռք բերելու համար, կարելի է միայն այն դեպքում, երբ քո վարած քաղաքականությունն է հավակնոտ։ Համենայնդեպս, Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան բազմիցս հայտարարել են, որ չեն ցանկանում հաղթել ու մեծ գումարներ ծախսել մի միջոցառման վրա, որի օգուտը խիստ կասկածելի է։

Սակայն, երբ մտածում ես, որ ոչ թե հաղթել, այլ՝ գոնե հիշվել է հարկավոր, ապա ընդունում ես, որ Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանները ամենահարմար թեկնածուներն էին։ Նրանք լայն դիապազոն ունեցող ու խելացի կատարողներ են։ Քույրերի դրամատիկ վոկալն առանց որեւէ թատերային մատուցման էլ կարող է հիշվել, հուզել ու զարմացնել։ Նրանց կատարած էթնո հնչերանգներ ու գործիքավորում ունեցող «Ջան, ջան» երգը շատ լավ տեղավորվում է «Եվրատեսիլի» ստերեոտիպերի մեջ (մի քիչ ազգային, մի քիչ համաշխարհային, մի քիչ էլ՝ վերացական)։ Քույրերն իրենց երգը անթերի կատարեցին ու փոքր-ինչ էլ մեծացրեցին ստերեոտիպային ընկալումը։ Նրանց շնորհիվ Հայաստանը կարծես նոր իմիջ ձեռք բերեց, մենք ներկայացանք ոչ թե որպես էրոտիկ ու կոմպլեմենտար երգ կատարող պետություն, այլ՝ որպես խորասույզ, անշտապ ու առօրյա կյանքից կտրված պրոֆեսիոնալների երկիր։ Իսկ դա շատ հաջող իմիջ է։