«Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցություններում ու հայտարարի, որ հակամարտության կարգավորման գործում դեմ է առաջարկվող ցանկացած ոչ ֆորմալ ձեւաչափի, որտեղ կարող է ներգրավված լինել Թուրքիան»,- երեկ հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` նշելով, որ միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա նաեւ հիշեցրել է, որ «դիվանագիտության մեջ մի հարաբերությունը մյուսով պայմանավորելն իր մեջ դեստրուկտիվ տարրեր է պարունակում»: Ըստ նրա, ճակատագրական սխալ եւ անխոհեմ քայլ էր գաղտնի բանակցությունների մասին բարձրաձայնելը: «Էրդողանի վերջին հայտարարությունները ուղղակիորեն նշանակում էին, որ Թուրքիան չի հրաժարվի Ղարաբաղի հետ կապված նախապայմանից: Հայաստանը պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունների էջը փակված է: Թուրքիայի հետ մեր ստրատեգիան ուղղակի խափանվել է»,- ասել է Բոզոյանը, միաժամանակ ավելացնելով, որ ցանկացած լուրջ գործընթաց սկսելուց հետո դժվար է այն կանգնեցնել: Քաղաքագետն ասել է նաեւ, թե հունիս ամսից միջազգային կենտրոնների կողմից Հայաստանի վրա ազդեցությունը կուժեղանա: Իսկ թուրքական կողմն ուղղակիորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ԼՂ խնդրի լուծման հետ: «Կես տարի հետո բոլորը կասեն, որ տարածքներից զորքերը դուրս գան, նոր հայ-թուրքական սահմանը կբացվի, կարող են նաեւ հիմնական մայրաքաղաքներում կոնսենսուսի գալ այդ հարցի շուրջ, եւ դա շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար: Հայաստանի վրա ճնշումը արդեն ֆունդամենտալ կլինի: Ես դրա համար եմ ասում, որ այս ֆուտբոլային քաղաքականությունը շատ սխալ քայլ էր, որի հետեւանքները մենք կտեսնենք դեռ»,- ասել է նա: