Պարտադրված հակասություններ

14/05/2009

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հռետորաբանությունը քիչ առնչություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական գործընթացի հետ»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայ-թուրքական գործընթացներին մոտ կանգնած եվրոպական դիվանագիտական աղբյուրը` վկայակոչելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Պրահայում նախորդ շաբաթ կայացած էներգետիկ գագաթաժողովի ընթացքում գործընկերների հետ ունեցած հանդիպումները: Ըստ նույն աղբյուրի` այդ հանդիպումների ընթացքում անդրադառնալով իր եւ վարչապետ Էրդողանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ տրվող տարբեր ազդակներին ու ուղերձներին, Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Էրդողանի հայտարարությունները պարտադրված բնույթ են կրում եւ նպատակ ունեն չեզոքացնել ադրբեջանական հանրային կարծիքն ու պաշտոնական Բաքվի հնարավոր դիմակայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Մեդիամաքսի» նույն աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ հռետորաբանությունը քիչ առնչություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական գործընթացի հետ: