Լրագրողական կազմակերպությունները դեմ են

20/07/2005

Երեկ մի շարք լրագրողական կազմակերպություններ ՀՀ Սահմանադրության
փոփոխությունների նախագծի վերաբերյալ տարածել էին հայտարարություն: Բանն
այն է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ներմուծված է
դրույթ, ըստ որի՝ էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը
կարգավորող մարմնի անդամներին ՀՀ նախագահի ներկայացմամբ նշանակում է ՀՀ
Ազգային ժողովը: «Մենք պնդում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատմանն
ուղարկված նախագծի համապատասխան ձեւակերպումը լրատվամիջոցների ազատության,
անկախության եւ բազմակարծության խնդրի լավագույն լուծումը չի տալիս եւ
ամբողջությամբ չի արտահայտում «Համաձայնեցված եզրակացությունների»
սկզբունքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ հայտարարության, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
չի համապատասխանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին,
քանի որ փոփոխությունների նախագիծը նշում է կարգավորող մեկ մարմին, իսկ
օրենքով նախատեսված են 2 կարգավորող մարմիններ` Հանրային
հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի
ազգային հանձնաժողովը: Լրագրողական կազմակերպությունները կարծում են, որ
ավելի նպատակահարմար կլինի, եթե ԱԺ-ն ներկայացնի կարգավորող մարմինների
անդամների թեկնածությունները, իսկ նախագահը հաստատի:

Նրանք նաեւ առաջարկում են Սահմանադրության մեջ ներառել գրաքննության
ցանկացած ձեւն արգելող դրույթ: «Մեր այս առաջարկը բխում է այն
իրողությունից, որ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում, որտեղ ոչ
հեռու անցյալում կային գրաքննություն իրականացնող մարմիններ, պահպանվում է
գրաքննության տարրեր ներդնելու վտանգը: Սահմանադրության մեջ գրաքննության
ցանկացած ձեւն արգելող դրույթը տարբեր օրենքներում դրա քողարկված
դրսեւորումները բացառելու երաշխիք կլինի»,- կարծում են Հայաստանի
լրագրողները:

Սեփ.լր.