– Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավից դեռ երկու շաբաթ էլ չի անցել, սակայն արդեն բազմաթիվ միջադեպեր են գրանցվել: Կենտրոն եւ Ավան համայնքներում ինչ-որ երիտասարդներ ծեծել էին ՀԱԿ-ի թռուցիկները բաժանող կանանց ու երիտասարդներին: Երկու օր առաջ էլ միջադեպ գրանցվեց արդեն իշխանության մաս կազմող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ: Ինչի՞ դրսեւորում են, Ձեր կարծիքով, նախընտրական այս կրքերը:
– Այս միջադեպերը ցույց են տալիս, որ այս իշխանության դեմքը չի փոխվել: Այս իշխանությունները ընտրությունների ժամանակ մշտապես ապավինել են կրիմինալին: Այս վարչախմբի օրոք կրիմինալը բարգավաճում է մեր երկրում: Եվ ցավոք, թե՛ Երեւանը, եւ թե՛ ողջ երկիրը դատապարտված են լինել կրիմինալ ռազբորկաների թատերաբեմ: Այս իշխանությունը ի վիճակի չէ ձերբազատվելու երկրում ձեւավորված կրիմինալ-օլիգարխիկ համակարգից: Ավելին` այն այդ համակարգի գոյության երաշխավորն է: Բնականաբար այս իշխանությունների հավաստիացումներն արդար ընտրություններ անցկացնելու մասին հնարավոր չէ լուրջ ընդունել: Արդար ընտրություն հասկացությունը պարզապես խորթ է այս իշխանության համար: Թե՛ Երեւանին, թե՛ ամբողջ Հայաստանին անհրաժեշտ են իրական փոփոխություններ, բայց ակնհայտ է, որ գործող վարչախումբն այդ փոփոխություններն ի վիճակի չէ իրականացնել: Եվ պարզապես զավեշտալին այն է, որ Երեւանի բազմաբնույթ խնդիրների` կանաչ տարածքների ոչնչացման, ճարտարապետական տեսքի աղճատման, քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին խոսում են այն ուժերը, որոնք պատասխանատու են այդ երեւույթների համար:
– Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ծեծուջարդի այդ միջադեպերից բացի, իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են այս ընտրություններում հաղթելու համար: Նման պայմաններում ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու` Հայ Ազգային կոնգրեսի հնարավորությունները:
– Արդար ընտրությունների դեպքում Կոնգրեսի շանսերը գնահատում եմ բավականին բարձր: Կոնգրեսն իրական հնարավորություն ունի հաղթելու եւ անհրաժեշտ փոփոխությունների հիմքերը դնելու: Եվ, իհարկե, հաղթելուց հետո առաջնահերթ խնդիր է լինելու Երեւանում օրինականության, տարրական կարգ ու կանոնի հաստատումը: Քաղաքը պետք է մաքրվի բառիս ամենալայն իմաստով:
– Որոշակի ընտրազանգված ունեցող «Ժառանգություն» կուսակցությունը չմիացավ Կոնգրեսին, ՀՅԴ-ն էլ իրեն հռչակեց ընդդիմություն: Այսինքն՝ ընդդիմության ձայները համախմբված չեն մեկ ուժի շուրջ: Այս պայմաններում Կոնգրեսը ընտրազանգվածը միավորելու խնդիր ունի՞: Կամ` ՀՅԴ-ին համարո՞ւմ եք իրական ընդդիմություն:
– Իհարկե, ցանկալի կլիներ, որ «Ժառանգությունը» եւ Կոնգրեսը միասնական հանդես գային, բայց այս դեպքում էլ ՀԱԿ-ը հաղթելու իրական մեծ հնարավորություն ունի: Այս քարոզարշավը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա: Իսկ ինչ վերաբերում է «Դաշնակցության» ընդդիմադիր լինելուն, ապա դա ժամանակը ցույց կտա: Սակայն ակնհայտ է, որ թե՛ «Դաշնակցությունը», թե՛ իշխանության մաս կազմող մյուս ուժերը պատասխանատու են բոլոր այն բացասական երեւույթների համար, որոնց մասին այսօր խոսում են նաեւ իրենք:
– Մինչեւ քարոզարշավը կարծիքներ էին հնչում, թե իշխանական մյուս ուժերը, այդ թվում եւ՝ «Դաշնակցությունը», Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու համար: Սակայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցած միջադեպը կարծես թե հակառակն է ցույց տալիս: Ինչպե՞ս եք գնահատում ընտրապայքարի դուրս եկած ուժերի մարտավարությունը:
– Այս միջադեպը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ բավականին թեժ պայքար է գնում: Սակայն, բոլոր դեպքերում, կարծում եմ, որ կոալիցիայի մեջ ընդգրկված ուժերը առանձին-առանձին մասնակցելով այս ընտրություններին` հետագայում միավորվելու են Երեւանի ավագանու խորհրդում:
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ են իշխանություններն այսքան շատ կարեւորում Երեւանի ավագանու ընտրությունները եւ հնարավոր ամեն ինչ անում հաղթելու համար:
– Այս ընտրությունները ոչ միայն քաղաքի, այլեւ ամբողջ երկրի համար են կարեւոր: Եվ ընդդիմության հաղթանակը ամբողջ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման համար լուրջ նախադրյալներ կստեղծի: Այսինքն՝ հաղթանակի դեպքում ավելի ռեալ է դառնում արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը, ինչը, մենք գտնում ենք, անհրաժեշտ է երկրում առկա այս ճգնաժամը հաղթահարելու համար:
– Եթե Կոնգրեսին չհաջողվի այս ընտրություններում այնքան ձայներ ունենալ, որ իր թեկնածուն դառնա Երեւանի քաղաքապետը, արդյոք Կոնգրեսը կաշխատի ավագանու խորհրդում եւ վայր չի դնի մանդատները:
– Ես հիմա անիմաստ եմ համարում այդ մասին խոսել: Ես ասացի, որ արդար ընտրությունների դեպքում Կոնգրեսը բոլոր հնարավորություններն ունի հաղթելու այս ընտրություններում: Բնականաբար, նաեւ Կոնգրեսը պայքարելու է կեղծիքների դեմ եւ ամեն ինչ անելու է, որպեսզի ամրագրի իր հաղթանակը: