«Ազատագրենք Հայաստանը` սկսելով Երեւանից»

14/05/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երեկ հանդիպեցին Ավան համայնքի ընտրողների հետ: Այս հանդիպումն ուշագրավ էր առաջին հերթին նրանով, որ մի քանի օր առաջ այդ նույն համայնքում ծեծի էին ենթարկվել ՀԱԿ-ի թռուցիկները բաժանող երեք կանայք: Ծեծող երիտասարդները հայտարարել էին, որ Ավանի ընտրողներն արդեն կողմնորոշված են եւ ՀԱԿ-ին չէ, որ պետք իրենց ձայնը տան: Սակայն երեկվա հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ ավանցիներին չեն վախեցրել իշխանությունների կողմից հրահրված բռնությունները: Երեկ Ավանի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին փոքր հրապարակում` հանդիպելու Կոնգրեսի թեկնածուների հետ: Իսկ հանդիպմանը ելույթ ունեցան ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների ղեկավարներն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս հայտարարեց, թե իրեն ցավ է պատճառում, որ անընդհատ կրկնում ենք «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը: «20 տարի է անցել մեր երկրի ազատագրումից, բայց մենք դեռ պայքարում ենք: Սա լավ բան չէ, որովհետեւ ցույց է տալիս, որ մենք նորմալ պետություն չունենք: Ես կերազեի այն պետության մասին, որտեղ մենք այլեւս չէինք պայքարի, այլ կաշխատեինք, կստեղծագործեինք, կշենացնեինք մեր երկիրը: Դժբախտաբար, մեր երկիրն այսօր օկուպացված է բռնակալների, ավազակների, բանդիտների կողմից: Եվ դժբախտաբար այն սովորական միջոցառումը, որ պիտի լիներ Երեւանի ընտրությունը, վերածվում է պայքարի: Դա նշանակում է, որ մի խումբ ավազակներ` տգետ, բռնակալ, ազգադավ, 98թ. զավթել են իշխանությունը եւ որոշել են, որ այն ոչ մեկին չպետք է տալ: Այդպես վարվեց Ստալինը, որը 1928 թվականից դարձավ բացարձակ միապետ: Եվ այստեղ տրամաբանություն էլ կա, 98 թվականից իշխանության եկած մարդիկ առաջին հերթին ազատվեցին հենց այն մարդկանցից, որոնք իրենց իշխանության էին բերել: Սա բոլոր բռնազավթումների տրամաբանությունն է: Հոկտեմբերի 27-ից սկսած մինչեւ այսօր դա շարունակում են: Այսօր երկրապահները որ բանտում են, էլի այն պատճառով, որ ազատվեն իրենց իշխանության բերած մարդկանցից,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանն ու ավելացրեց,- Ինչպե՞ս պատահեց, որ ստալինյան ռեժիմի ժամանակ ԽՍՀՄ ժողովրդի 50 տոկոսը մատնիչ էր: Եկավ Խրուշչովը, եւ մատնիչ չմնաց էս երկրում: Պետության խնդիրն է՝ զարգացնել մարդու լավագույն հատկանիշները»:

Խոսեցին նաեւ Ավանում ծեծի ենթարկված կանայք: «Երբեք չէի մտածի, որ հայ տղամարդը ձեռք կբարձրացնի իր մոր տարիքի կնոջ վրա, երիտասարդ օրիորդներին անշնորհք հայհոյանքներ կասի»,- ասաց ճակատից վիրավորված Օֆելյա Մարգարյանը: «Դուք, առավել, քան որեւէ մեկը, գիտեք, որ պայքարելը դժվար է, բայց համաձայնեք, որ չպայքարելն էլ ավելի դժվար է, եւ այլ ճանապարհ մենք չունենք: Ուրեմն, հանուն մեր երեխաների, հանուն մեր ներկայի՝ մենք պիտի ազատագրենք Հայաստանը` սկսելով Երեւանից: Եվ վստահ եղեք, որ այդ ստահակները վախենում են ոչ թե շարժման առաջնորդներից, վախենում եւ սարսափում են ձեզանից յուրաքանչյուրից»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Խոսեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով այս ընտրություններին Ավանում Կոնգրեսի շտաբի համակարգողն է: «Քաղաքի աղբը մաքրելու մեջ չէ խնդիրը, մեր հոգու աղբն է պետք մաքրել: Այդ աղբը մաքրում են արդարությամբ: Լավ թաղապետը կամ քաղաքապետը ոչ թե նա է, ով իր տարածքը մաքուր է պահում, դա նա է, ով իր տարածքում ապրող մարդուն ու նրա ձայնն է գնահատում: Ով վստահ է, որ ընտրվելու է, եւ ասում է` ընդդիմություն, դու ամեն օր միտինգ արա, ես գիտեմ իմ աշխատանքը: Ուժով, զոռով չի ստացվելու, տղերք: Ես պայքարել եմ ու պայքարելու եմ մինչեւ վերջ: Այս երկրի խնդիրը պիտի լուծենք»,- իր ծավալուն ելույթում ասաց Ա.Սարգսյանը:

Ավանցիների հետ հանդիպումը նույնպես ավարտվեց երթով: Իհարկե, երեկ իշխանությունները չխոչընդոտեցին միջոցառման անցկացմանը, բայց ոստիկաններն, այնուամենայնիվ, գայթակղությանը չդիմացան ու մի փոքր հրմշտեցին երթի մասնակիցներին: ՀԱԿ ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղվա հանրահավաքում` ժամը 18:30-ին, Մատենադարանին հարակից հրապարակում: