Այս տարի բնակչության անհանգստությունը կապված է ոչ միայն սողունների,
այլեւ՝ կարիճների ակտիվացման հետ: Չարբախի բնակիչները պատմում են, որ այս
ամռանը կարիճներն այնքան են շատացել, որ հաճախ մարդիկ գիշերը վախենում են
քնել, որովհետեւ դրանք հիմնականում գիշերվա ժամերին են հայտնվում:
«Անգամ վախենում ենք դուռ ու պատուհան բացել, պատուհանները ստիպված
ցանցապատել ենք, որովհետեւ կարիճները տուն են մտնում ամեն տեղից՝
պատուհաններից, տանիքից, պատերի աննշան ճեղքերից,- ասում է Չարբախում
ապրող մի բնակչուհի: -Պատկերացրե՛ք, երեխաները բակում խաղալիս շատ հաճախ
են հանդիպում կարիճների, բայց չեն հասկանում, որ թունավոր կարիճ է,
կարծում են՝ անվնաս միջատ է: Սարսափելի ահ ու դողով ենք գիշերները քնում:
Օրեր առաջ մեր հարեւանուհիներից մեկի անկողնու մեջ սեւ, թունավոր կարիճ էր
հայտնվել, բարեբախտաբար կարողացել էին սպանել: Հիմա վախից ամեն օր
անկողինները թափ ենք տալիս, որ համոզվենք, ոչինչ չկա: Ես փոքրիկ երեխաներ
ունեմ եւ շատ եմ վախենում, որ կարիճները երեխաներիս մի օր կխայթեն»:
«Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժամունքի վարիչ
Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ՝ այս տարի կարիճի խայթոցից տուժած
քաղաքացիների մեծ հոսք է եղել, եւ նման դեպքերն անհամեմատ շատացել են:
Անցյալ տարի կարիճի խայթոցի 7 դեպք է արձանագրվել, տուժածներից 3-ը՝
քաղաքի, իսկ 4-ը շրջանների բնակիչներ են եղել: Ավելին, նախորդ տարիներին
սեւ կարիճի խայթոցից 2 մարդ մահացել է: Պրն Գաբրիելյանն ասում է, որ
տուժածները կարիճներին հանդիպում են հատկապես գերեզմանոցներում:
Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող
տարածքների կառավարման բաժնի պետ, սողունաբան Արամ Աղասյանի խոսքերով՝
կարիճների ակտիվացումը ոչ թե կապված է սեզոնային, կլիմայական պայմանների
փոփոխության, այլ՝ մարդկանց կողմից նրանց տարածքները գրավելու հետ: Մարդիկ
արոտավայրեր են օգտագործում, հողերի սեփականաշնորհում է իրականացվում,
տարածքները զբաղեցնում են տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,
ինչի արդյունքում՝ կարիճները դուրս են գալիս մարդկանց բնակավայրեր:
«Մարդիկ ներխուժում են այն տարածքները, որտեղ բնակվում են կարիճներ եւ
տարբեր այլ վայրի կենդանիներ, ինչի արդյունքում՝ հանդիպման
հավանականությունը մեծանում է,- ասում է պրն Աղասյանը: -Մարդկանց թվում է,
թե կարիճների ու օձերի քանակությունը շատացել է, բայց այդպես չէ, ուղղակի
մարդիկ գրավում են նրանց բնակտարածքները»: Կարիճներն ապրում են
կիսաանապատային, լեռնատափաստանային գոտիներում, սկսած Սեւանից՝ վերջացրած
Արարատյան դաշտով: Կարիճների բնակատեղիները բաց, քարքարոտ տեղանքներն են,
ընդ որում, քարքարոտ տարածությունները նրանց թաքստոցներն են: Դրանք
թունավոր գիշատիչ անողնաշարավորների՝ հոդվածոտանիների, սարդակերպերի խմբին
են պատկանում, որոնք գիշատիչ են եւ սնվում են միջատներով: Բնակարաններ
մուտք գործելու պարագայում նրանք հիմնականում ուտում են խավարասերներ: Պրն
Աղասյանի կարծիքով՝ կարիճները շատ են Երեւան քաղաքի, մասնավորապես՝ Հարավ
Արեւմտյան թաղամասի, Չարբախի, Ջրվեժի, Նորքի 5-6 զանգվածների
տարածքներում, այսինքն՝ այնտեղ, որտեղ պահպանվել է կիսաանապատային
տարածքին բնորոշ բնական էկոհամակարգը: Կարիճների բնակտարածքները չնչին
տարածքներ են, որտեղ առկա են թաքստոցներ եւ միջատներ: «Բոլոր կարիճները
թունավոր են,- ասում է պրն Աղասյանը: -Կովկասում գոյություն ունի 5 տեսակի
կարիճ, իսկ Հայաստանի բնաշխարհում կա 3 տեսակի կարիճ՝ հաստապոչ, դեղին եւ
խայտաբղետ, դրանք բոլորն էլ թունավոր են: Կարիճները հիմնականում գիշերային
կենսակերպ են վարում: Հաստապոչ, սեւ կարիճները բավականին մեծ են՝ մոտ 7-8
սմ, եւ դրանց թույնը շատ վտանգավոր է: Սեւ կարիճները խոր տեղերում են
ապրում եւ շատ են լինում Էջմիածնում, Զվարթնոցում: Ի տարբերություն սեւ
կարիճի, դեղին եւ խայտաբետ կարիճների թույնը մահացու չէ»: