Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է վերջին օրերին քաղբանտարկյալների դատավարություններին դատակոչված վկաների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ահաբեկչությունն ու ճնշումը: «Հայտնի «7-ի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը՝ զանգվածային անկարգությունների մասով։ Դատակոչված վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք իրենցից կորզվել է բռնության, ահաբեկչության կամ խաբեության միջոցով։ Վերահաս խայտառակությունից խուսափելու համար վարչախումբը, արդեն մի քանի շաբաթ է, ահաբեկչական նոր մի արշավ է սկսել վկաների դեմ՝ նրանցից ամենատարբեր միջոցներով պահանջելով ու ստիպելով չհրաժարվել ժամանակին իրենց տված կեղծ ցուցմունքներից։ Ահաբեկչական արշավի այս ֆոնին առանձնապես խոսուն է Արարատի մարզի Խորվիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանի հետ կատարվածը։ Խաչիկ Դավթյանը մարտի 1-ին վարչախմբի կողմից կազմակերպված սպանդի ժամանակ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից վիրավորված քաղաքացիներից մեկն է: Մայիսի 13-ին առավոտյան նա հրավիրվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ՀԿԳ քննիչ Գորիկ Հովակիմյանի մոտ հարցաքննության: Սակայն նրա հետ պաշտոնապես հարցաքննություն տեղի չի ունեցել, գրավոր արձանագրություն չի կազմվել: Քննիչի մոտ Խաչիկ Դավթյանը շուրջ երեք ժամ փաստաբանի հետ միասին հոգեբանական ճնշման է ենթարկվել, նրան փորձել են ահաբեկել, սպառնացել են կալանավորել, եթե նա հրապարակավ չհրաժարվի Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում եւ Փաստահավաք խմբում իր պատմածներից։ ՀՀ իշխանությունների կողմից Խաչիկ Դավթյանի նկատմամբ սկսված հետապնդման հիմնական պատճառն այն է, որ նա մարտի 1-ին ականատես է եղել քաղաքացու սպանության դեպքի, որը պաշտոնապես արձանագրված չէ: Նրա նկատմամբ վերսկսված հետապնդումներն ու ահաբեկչությունը չարձանագրված սպանության վկա ականատեսին լռեցնելը եւ սպանությունը թաքցնելն է: Վերջին օրերին Խաչիկ Դավթյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է նաեւ, որ դեռեւս 2008 թ. մայիսի 17-ին, երբ ինքը հրավիրված է եղել ՀՔԾ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարցաքննության` քննիչ Գորիկ Հովակիմյանի մոտ, վերջինիս ներկայությամբ անհայտ անձը նրա նկատմամբ բռնություն է կիրառել: ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր է ընթացք տալ մամուլում հրապարակված այս տեղեկություններին, պատասխանատվության ենթարկել քննիչ Գորիկ Հովակիմյանին եւ միջոցներ ձեռնարկել նրա հետ 2008թ. մայիսի 17-ին եղած անձի ինքնությունը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ՀԱԿ-ը ՀՀ իշխանություններից պահանջում է դադարեցնել բոլոր վկաների ու մասնավորապես Խաչիկ Դավթյանի նկատմամբ սկսված հանցավոր հետապնդումը: Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել եւ ապահովել իրենց հանձնաժողով հրավիրված մարտի 1-ի ականատեսի անվտանգությունը ու թույլ չտալ նրա նկատմամբ հետապնդումներ իրականացնել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պարտավոր է նաեւ հետամուտ լինել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն Խաչիկ Դավթյանի նկատմամբ խոշտանգումներ կիրառած անձինք, ինչի մասին նա պատմել է նաեւ այդ հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։