Սկսվեց: Բայց ի՞նչն, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ ավստրալական Worley Parsons կոնսորցիումը «հաղթող է ճանաչվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության հայտամրցույթում»: Պաշտոնական տեղեկատվությունը նաեւ ընդգծում է, որ մրցույթին մասնակցել է երկու ընկերություն: Ավստրալականի առաջարկն ավելի լավն է համարվել, քան մեկ այլ` միջազգային ընկերության առաջարկը: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին վաղուց է խոսվում: Բայց այն, որ եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը, լայն հասարակության համար անակնկալ էր: Նոր ատոմակայանի հնարավոր կառուցման մասին նախկինում պուճուր-մուճուր լուրեր էին հրապարակվում: Բայց անհավատալի էր, որ այն կմեկնարկի 2009-ին: Նախ` այս տարվա պետբյուջեն այդ գործի համար գումար չի առանձնացրել: Բայց հարազատ կառավարությունը 2008-ի իր վերջին նիստում (25-ը դեկտեմբերի) այդ մասին որոշում էր կայացրել: Հավանություն էր տվել «Ատոմակայանի նոր բլոկի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության մրցութային փաթեթին»: Հաստատել էր միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը: ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարել էր 15-օրյա ժամկետում «անել պաշտոնական հայտարարություն միջազգային մրցույթի անցկացման մասին»: Ֆինանսների նախարարին էլ հանձնարարվել է «2009թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել համապատասխան միջոցներ»: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներառվել են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Արդարադատության նախարարները, Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահը: Այնուհետեւ Գնումների գործակալությունը հայտարարել է մրցույթ: Հետո կառավարությունում հավանաբար հիշել են Էներգետիկայի մասին ՀՀ օրենքը: Հիշել են ու հունվարի 10-ին Ազգային ժողով են ներկայացրել օրենքի նախագիծ՝ «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկ(ների) կառուցման մասին»: «Ինչո՞ւ առաջացավ առանձին օրենք ընդունելու կարիք» հարցը հստակ պատասխան ունի: Էներգետիկայի մասին գործող օրենքում արձանագրված է՝ «Միջուկային էներգետիկան պետական մենաշնորհ է»: Մի քանի տարի առաջ կառավարությունը ԱԺ-ին առաջարկեց վերանայել այս պահանջը: Դա, թերեւս, վերջին դեպքն էր, երբ մեր խորհրդարանականները ընդվզեցին գործադիր իշխանության դեմ, ստիպեցին ետ վերցնել օրենսդրական առաջարկը: Քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ պետական մենաշնորհի վերացման դեպքում ՀԱԷԿ-ը «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով զիջվելու է Ռուսաստանին: Օրենք չընդունվեց, եւ մեր ատոմակայանը ռուսներին տրվեց ընդամենը կառավարման իրավունքով: «Միջուկային էլեկտրակայանների կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի արտադրության գործունեությունը» կարգավորվում է օրենքով: Հետեւաբար, նոր կայանի ստեղծումը եւս ենթադրում է այն թույլատրելու նոր օրենք: Մարտի 16-ին կառավարության առաջարկած օրենքի նախագիծը ներառվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ եւ նույն օրը ընդգրկվել չորսօրյա նիստերի օրակարգ: Աշխատասիրությամբ աչքի չընկնող մեր պատգամավորները ապրիլի 4-ին այն ընդունել են առաջին ընթերցմամբ: Բայց կառավարությունը հաշվի չառնելով օրենքի բացակայությունը՝ թափով ձեռնամուխ է եղել նոր ատոմակայանը կառուցելու գործին: Փութաջանությունը նույնիսկ հակասություն է մտցրել փաստաթղթերի մեջ: Կառավարական բոլոր փաստաթղթերում խոսվում է մեկ էներգաբլոկի, իսկ խորհրդարանականում` օրենքի նախագծում նշվում է էներգաբլոկ(ների) մասին: Կառուցվելու է մե՞կ, թե՞ մի քանի էներգաբլոկ՝ պարզ չէ: Ըստ մրցույթի պայմանների` ավստրալական ընկերությունը բավական լայն լիազորություններ ունի` նախագծումից մինչեւ տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման պատվերների տեղաբաշխում: Մեր իշխանությունները երկրի ողջ էներգահամակարգը ռուսական ընկերություններին զիջելուց հետո կարծես նոր քաղաքականություն են սկսել: Ռուսական մամուլը նյարդային տոնով է վերլուծում հայկական էներգետիկ շուկայում օտար ընկերության հայտնվելու փաստը: Եվ, իսկապես, առայժմ շատ հարցեր հստակ չեն: Եթե ռուսներին հաջողվեր նախագծել ու կառուցել նոր ատոմակայան, մեր էներգահամակարգը վերջնականապես կդառնար ռուսական` շահագործման ողջ ժամանակաշրջանում: Իսկ հիմա գործերը կարծես ուրիշ ընթացք են ստանում: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերջին կետը կառավարությանը պարտադրում է «պարբերաբար հասարակությանը տեղեկացնել միջուկային էներգաբլոկ(ների) կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին»: Բայց, այնուամենայնիվ, հասարակությանն առայժմ անհայտ է գլխավոր հարցը` ո՞ւմ եւ ի՞նչ փողերով է այն կառուցվում: Կառավարության մատնանշած աղբյուրը` «Պետական բյուջեի պահուստային ֆոնդը», ընդամենը 15 մլրդ դրամ է: Այն նույնիսկ նախագծման աշխատանքներին չի բավականացնի: