Օմբուդսմենը պաշտպանում է իր իրավունքներն իշխանություններից

20/07/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Մինչեւ օմբուդսմեն նշանակվելը Լարիսա Ալավերդյանը ղեկավարում էր «Ընդդեմ
իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը։ Նրա
գործունեությունը հիմնականում ուղղված էր Ադրբեջանում գտնվող հայ
ռազմագերիների խնդիրների լուծմանը։ Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում չափավոր կեցվածք ունեցող իրավապաշտպանը չեզոք էր
տրամադրված իշխանությունների նկատմամբ եւ պաշտպանում էր նախագահ Ռոբերտ
Քոչարյանին: Սակայն նշանակումից հետո նա դարձավ դատական համակարգի,
Դատախազության, Արդարադատության նախարարության եւ նախագահի աշխատակազմի
թշնամին։

Առաջին հրապարակային բախումը եղավ այս ձմռանը, երբ Ալավերդյանը
ցուցադրաբար լքեց կառավարության նիստը, որը վարում էր հանրապետության
նախագահը։ Պատճառն այն էր, որ նախագահը նրան զրկեց օրենքով վերապահված՝
ելույթ ունենալու իրավունքից եւ առաջարկեց միայն հարց տալ։ Նիստում
քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները
սահմանափակող օրենքի նախագիծ ընդունելու հարցը։ Կառավարությունն Ազգային
ժողով ներկայացրեց մի նախագիծ, որով պաշտպանը զրկվում էր օրենքով իրեն
վերապահված դատաքննության մեջ գտնվող գործերի մասին տեղեկություն ստանալու
եւ դատարան առաջարկներ ներկայացնելու լիազորությունից։ Արդարադատության
նախարարը նախագիծը հիմնավորել էր` ասելով, որ «Մարդու իրավունքների
պաշտպանի մասին» օրենքը խախտում է դատարանի անկախությունը։

Ալավերդյանն ասում է, որ դատարանների գործունեության գլխավոր նպատակն
անկախությունը չէ, այլ՝ արդարադատություն իրականացնելը: Իսկ պաշտպանի
միջամտության նպատակը մեկն է` ապահովել արդար դատավարության իրավունք
քաղաքացիների համար։ Բացի այդ, նա նշում է, որ Հայաստանի դատարաններն
անկախ չեն. կախված են գործադիր իշխանությունից։

Ազգային ժողովը մերժեց նախագիծը, որից հետո հանրապետության նախագահը դիմեց
Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը բավարարեց միջնորդությունը
եւ պաշտպանին զրկեց այդ լիազորություններից։ Կառավարությունը նաեւ դիմել
էր Ազգային ժողով, որ պաշտպանի աշխատակազմը ոչ թե պաշտպանը ձեւավորի, այլ
Քաղծառայության հանրապետական խորհուրդը։

«Նրանք «պաշտպանում են» դատարանի չունեցած անկախությունը,- ասում է
Պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանը, որն իրավապահ մարմինների
ու դատարանների կողմից մարդու իրավունքների ոտնահարումները հիմնական
բացահայտողն ու արձանագրողն է: -Չափազանց զայրացած են, որ մի շարք
դատավորների գործունեության վերաբերյալ քննադատական հաղորդումներ ենք
ներկայացրել»։

Սակայն իշխանությունները պաշտպանի լիազորություններն օրենքով
սահմանափակելով չբավարարվեցին։ Մայիսի 26-ին Ազգային անվտանգության
ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալեց պաշտպանի աշխատակազմի աշխատակից Սերոբ
Անտինյանին, որն ըստ ԱԱԾ-ի, մի բողոքի ընթացք չտալու համար 300 դոլար
կաշառք էր վերցրել։ Դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցում`
մեղադրելով խարդախության մեջ։ Նույն երեկո Հայաստանի Հանրային
հեռուստատեսությունը ցուցադրեց փողը վերցնելու պահը եւ ձերբակալությունը,
որ նկարահանել էր ԱԱԾ-ն։ Ձերբակալության գիշերն ԱԱԾ աշխատակիցները, առանց
պաշտպանին տեղյակ պահելու, ներխուժում են նրա գրասենյակ եւ առգրավում
համակարգիչը, որտեղ պահվում են գրասենյակի տեղեկատվությունները եւ
քաղաքացիների կոնֆիդենցիալ բողոքները։

Հետագայում համակարգիչը վերադարձվում է։ Սակայն խախտվում է «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» օրենքը, ըստ որի՝ պաշտպանի գույքը,
նամակագրությունը եւ գրասենյակն անձեռնմխելի են։

Կասկածներ եղան, որ Անտինյանին դրդել են խարդախության՝ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը վարկաբեկելու համար։ Այդ կասկածն ունի
նաեւ Ալավերդյանը (Անտինյանն աշխատանքի էր ընդունվել արդարադատության
նախարարի նախկին խորհրդականի միջնորդությամբ)։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որեւէ գործարարի
պատասխանատվությունից ազատելու լիազորություն չունի,- ասում է Հայաստանի
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: -Հետեւաբար ինչո՞ւ պիտի
ռեստորանատերը փող տար մի գրասենյակային աշխատողի։ Այս պատմության նպատակը
մարդու իրավունքների պաշտպանին վարկաբեկելն է»։

Եթե նպատակը պաշտպանին վարկաբեկելն էր, ապա ծրագիրը տապալվեց: Մամուլը
ներկայացնում է նրան՝ որպես անկախ եւ բարեխիղճ իրավապաշտպան, որին
իշխանություններն ուզում են լռեցնել։ Ընդդիմադիր կուսակցություններն այս
առիթով քննարկում կազմակերպեցին եւ սատարեցին պաշտպանին: Հունիսի 16-ին
ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն այցելում է պաշտպանի գրասենյակ, համակարգիչ նվիրում
եւ հայտնում, որ կաջակցի նրա գործունեությանը։ Հունիսի 24-ին Հայաստանում
Ֆրանսիայի դեսպանատանը եվրոպական երկրների դեսպանները հանդիպում են
Ալավերդյանի հետ եւ իրենց համերաշխությունը հայտնում։

Համակարգչի առգրավումից մեկ օր հետո պաշտպանի տարածած հայտարարության մեջ
ասվում է. «Համակարգչի առգրավման վերաբերյալ մինչեւ այժմ ինձ ներկայացված
չեն այդպիսի դեպքերի համար օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր։ Չկան
գրավոր հավաստիացումներ այն մասին, որ համակարգչում եղած կոնֆիդենցիալ
տեղեկատվությունը չի տարածվի եւ չի օգտագործվի ի վնաս պաշտպանի
գրությունների հասցեատեր հանդիսացող բողոքատուների եւ պաշտոնատար անձանց»։

Նրա մտավախությունն արդարացավ։ Ալավերդյանը հունիսի 5-ին մամուլի ասուլիս
հրավիրեց եւ հայտնեց, որ մայիսի 31-ին ԱԱԾ երկու աշխատակից մտել են «Ռայթ
իրավաբանական խումբ» փաստաբանական ՍՊԸ եւ, ներկայանալով մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ, պահանջել են
բողոքատուների վերաբերյալ տվյալներ։

Պաշտպանը փորձել է հեռախոսազրույց ունենալ հանրապետության նախագահի եւ
վարչապետի հետ, սակայն երկուսն էլ հրաժարվել են խոսել նրա հետ («Առավոտ»)։
Պաշտպանին ուղղված նամակում ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական գործ է
հարուցվել «Ռայթ իրավաբանական խմբի» նախագահ Վահե Գրիգորյանի դեմ`
մեղադրելով նրան յուրացումների եւ փաստաթղթերը կեղծելու մեջ: Ըստ «Ռայթ
իրավաբանական խմբի»` իրենց դեմ ԱԱԾ-ն հետապնդում է սկսել, քանի որ
կազմակերպությունն օգնել է մի քանի քաղաքացիների՝ դիմում ուղարկել Մարդու
իրավունքների եվրոպական դատարան։

Ինչո՞վ կարող էր իշխանությունների զայրույթը հարուցել մարդու իրավունքների
պաշտպանը։ Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել պաշտպանի տարեկան
զեկույցում, որ հրապարակվեց երեք ամիս առաջ։ Զեկույցում ներկայացված
մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումների շարքում առանձնանում են
երկուսը: Առաջին՝ 2004 թ. գարնանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի
պահանջով ընդդիմության կազմակերպած ցույցերի ընթացքում եղած
օրինախախտումները եւ հանրահավաքի մասնակիցների խոշտանգումները
ոստիկանությունում։ Զեկույցն արձանագրում է, որ խախտվել է մարդկանց ազատ
տեղաշարժման, երթեր եւ ցույցեր անելու իրավունքը։ Խախտվել է նաեւ
դատարաններում ցուցարարներին դատելիս նրանց արդար դատաքննության
իրավունքը։ Որպես միավորումներ կազմելու եւ դրանց անդամակցելու իրավունքի
խախտում է դիտվում 2004թ. ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության ներխուժումն
ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի գրասենյակ եւ գույքը վնասելը։
Զեկույցում ընդարձակ ներկայացված է Գրիշա Վիրաբյանի պատմությունը, որը
Ոստիկանությունում խոշտանգվելու հետեւանքով կորցրել է մի ամորձին։

Երկրորդ դեպքն առնչվում է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցման
ընթացքում մարդկանց սեփականության իրավունքի ոտնահարումներին։ Այս ծրագիրն
իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի անձնական հսկողությամբ, սակայն Պաշտպանի
գրասենյակը հետեւողականորեն պաշտպանում է իրացվող տարածքների բնակիչների
իրավունքները։

Հանրապետության գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ Վճռաբեկ
դատարանի նախագահը զեկույցի վերաբերյալ խիստ բացասական նամակներ են գրել
պաշտպանին` այն որակելով «մերկապարանոց» ու «անհիմն»։

«Անկեղծ ասած` ինձ համար անսպասելի էր, որ Ալավերդյանը կդառնա մարդկանց
իրավունքների իրական պաշտպան,- ասում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք
Իշխանյանը: -Իսկ Զեկույցն էլ պատկերացնում էի նախագահին առընթեր մի
հանձնաժողովի ձեւական զեկույցի տիպի մի բան։ Սակայն Զեկույցը ինձ
հաճելիորեն զարմացրեց։ Իշխանությունները ջղայնացել են, քանի որ մի բան է,
թե ինչ են ասում հասարակական կազմակերպությունները, մեկ այլ բան, թե ինչ է
ասում պաշտոնատար անձը, այն էլ` նախագահի նշանակած»։

Ինչո՞վ կավարտվի պաշտպանի եւ համակարգի հակամարտությունը: Ըստ օրենքի՝
նրան դեռեւս հինգ տարի չեն կարող հանել: Ալավերդյանը մտադիր չէ հեռանալ իր
պաշտոնից, իսկ իր դեմ ծավալված արշավանքը համարում է ավելի լավ աշխատելու
լավ խթան:

www.armenianow.com