«Լրատվամիջոցների աշխատակիցների դեմ վերջերս կրկնվող բռնարարքները վնաս են հասցրել Հայաստանում լրատվամիջոցների ազատության իրավիճակին»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Հիշեցնենք, որ անցած երկու շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել լրագրողների դեմ հարձակման երկու դեպք: Ծեծի են ենթարկվել «ARMENIA Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը եւ «Շանթի» մեկնաբան Նվեր Մնացականյանը: Ս. Կապինոսը երեկ հիշեցրել է` Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Մ. Հարաշտին հորդորել է ՀՀ իշխանություններին՝ անհապաղ հետաքննել լրատվամիջոցների աշխատակիցների դեմ գործադրված բռնարարքները` շեշտելով, որ «Լրատվամիջոցների աշխատակիցների դեմ նման բռնարարքների չբացահայտված մնալու հանգամանքը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ նպաստում է ապագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ նմանատիպ բռնությունների այլ դեպքերի կրկնությանը»: Նա նաեւ մտահոգություն է արտահայտել ՀՀ-ում լրագրողների դեմ նախկինում իրականացված բռնությունների կապակցությամբ` անդրադառնալով «ՀԺ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի Երեւանի բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի եւ «Հետաքննող լրագրողների» ասոցիացիայի նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ գործադրված բռնությունների չբացահայտված դեպքերին: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը գրություններ է ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին` հարցում անելով անկախ լրագրողների դեմ բռնությունների վերը նշված գործերի ընթացքի եւ նախորդ դեպքերի քննության արդյունքների վերաբերյալ: «Մենք դատապարտում ենք լրատվության աշխատակիցների, հետեւաբար, նաեւ ազատ խոսքի դեմ բռնարարքների դրսեւորումները ու ակնկալում, որ իրավապահ մարմինները նոր թափով կիրականացնեն վերոհիշյալ դեպքերի պատշաճ քննությունը` համապատասխան ժամկետներում հայտնաբերելով եւ պատժելով մեղավորներին: Այդ գործերի ետեւում կանգնածների արագ բացահայտումը եւ նրանց պատասխանատվության ենթարկելը հետագայում կկանխի նման դեպքերը, լրագրողների համար կստեղծի անվտանգ աշխատանքային միջավայր եւ կօգնի, որպեսզի հանրությունը լիարժեք եւ ազատ կերպով օգտվի բազմակարծիք տեղեկություններ ստանալու իր իրավունքից»,- հայտարարել է նա: