Այն օրերին, երբ Արեւմտյան աշխարհի Նոր երաժշտությունը ծեր, հոգնած եւ սպառված է թվում, քանի որ այն այլեւս չի կարողանում առաջ բերել որեւէ հնչյուն՝ առանց ուղեկցող աղմուկի, եւ որեւէ նոտա՝ առանց վերջինս բարձրաձայն աղավաղելու, այն երբեմն նախանձով լի հայացք է նետում դեպի Արեւելք: Այն նզովում է frullato-ներն ու բարձր օբերտոնները, որոնցով չարչարում է փայտյա եւ պղնձյա փողայիններին: Այն ամաչում է լարային գործիքների հիստերիկ ճղճղոցի ու ճանկռտոցի, գլիսանդոների ոլործուն ելեւէջների համար եւ հանգում մի եզրակացության. ահա կրկին ամեն ինչ արտահայտվեց ավերման ամենանրբամիտ ժեստերով, սակայն ոչինչ չասվեց:
Մի պահ այն դեռ մխիթարվում է Օլիվյե Մեսիանի կաթոլիցիզմի, Կառլհայնց Շտոքհաուզենի տիեզերական էզոթերիկայի կամ Ջաչինտո Շելսիի միստիցիզմի մասին հուշերով՝ այն կոմպոզիտորների, որոնցից ամեն մեկը յուրահատուկ ձեւով փորձում էր 20-րդ դարի երաժշտական լեզվին հաղորդել արխաիկ իմաստ: Սակայն, ըստ էության, այն ձգտում է ջնջել ավանգարդիստական տեխնիկաների եւ արտահայտչամիջոցների մեծ գրատախտակին գրվածը եւ հասնել նրան, ինչն, ի տես սեփական գերբարդության, անճարակորեն անվանում է «նոր պարզություն»:
Նայելով դեպի Ռուսաստան, Բալթիկա կամ, թերեւս, նաեւ Ուկրաինա, զարմանալի է թվում, որ այդ հասարակությունները, որոնք շատ ավելի մեծ հակասություններից են տառապում, քան արեւմտաեվրոպականները, այդ հակասությունները կարողանում են այլ կերպ արտահայտել, քան դիսոնանսների միջոցով: Եվ միգուցե, ամենից շատ զարմացնում է այն, որ դրա համար պարտադիր չեն ո՛չ սուրբ պարզամտությունը եւ ո՛չ էլ բարեհնչունության քաղցր ամպերը: Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն, օրինակ, միավորում է իր մայրենի լեզվին սերտորեն կապված տոնայնական լեզուն, ժամանակակից ձեւերին միաձուլված ֆոլկլորիստական տարրը, հազարամյա ուղղափառ քրիստոնեության վրա հիմնված հավատքը եւ մինչեւ մարմնի վերջին բջիջը վերապրված անցավոր աշխարհի ցավը:
Այդ երաժշտությունը վաղուց արդեն դուրս է պարզեցման բոլոր կերպերից, սակայն օժտված է ըմբռնելի լինելու մի կայուն հատկությամբ, որի շնորհիվ Մանսուրյանն իրար է հյուսում իր՝ մեծ մասամբ կամերային երաժշտական ստեղծագործությունների թախծո թափանցիկ թելերը: Ո՞վ եւ ե՞րբ է վերջին անգամ գրել այդքան մռայլ, թանձր եւ միեւնույն ժամանակ՝ այդքան լուսավոր լարային կվարտետներ, ինչպես Մանսուրյանը 1980-ականներին: Նույնիսկ ուշ շրջանի «նոսրացած» Շոստակովիչը սոսկ պաթետիկ է դրանց համեմատությամբ: Վերերկրային դրամատիզմը, որով մյունհենյան «Ռոզամունդե» քառյակը հինգ տարի առաջ կատարեց Մանսուրյանի առաջին երկու կվարտետները, վկայակոչում է, որ դրանք հասկանալի են նաեւ այն աշխարհից դուրս, որից սերում են։
1939թ. Բեյրութում ծնված, 1948թ. ծնողների հետ Խորհրդային Հայաստան հայրենադարձած` Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին եւ Թուրքիային սահմանակից կովկասյան փոքրիկ հանրապետության այսօրվա ամենանշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսպես է տեսնում արեւմտյան եւ արեւելյան երաժշտության միջեւ տարբերությունը. «Պատկերացրեք մի գյուղ, եւ այդ գյուղում մի տուն: Տան դիմացի այգին պաշտպանում է փոքրիկ մի պարիսպ: Աջ կողմում ընդարձակ մի դաշտ է փռված: Այդ դաշտը նույնպես ցանկապատված է, սակայն քարերն ազատորեն դրված են մեկը մյուսի վրա՝ միայն մի նպատակով, որպեսզի կենդանիները չմտնեն ներս: Իրար ամուր շաղկապված քարերից կառուցված պարիսպն արեւմտյան տոնայնական երաժշտությունն է: Գլաքարե պատը արեւելյան երաժշտությունն է: Ցանկացած հնչյուն այստեղ կարող է կենտրոնական լինել, ամենաստորինը կարող է բարձրանալ վեր եւ հակառակը»:
Խոսելիս Մանսուրյանը ձեռքերի շարժումներով բառերը շեշտում է այնպիսի մի տեմպերամենտով, որ սպասելի չէ փխրուն էությամբ ու մեղմ հայացքով այդ մարդուց: Սակայն վճռականությունը եւ փխրունությունը միասնություն են կազմում նաեւ ժամանակակից հայ երաժշտության վանահայր Կոմիտասի մեղեդիներում, որոնք վերադաշնավորել է Մանսուրյանը: «Բեռլիներ Ռադիալսիստեմի» «Maerzmusik» շարքի շրջանակներում կայացած գիշերային համերգում Մանսուրյանի՝ ամեն պահին խզվելու պատրաստ երգչական ձայնը նոր շունչ է հաղորդում այդ երգերին:
Գաղափարը, որ իրենց ամուր ուսերին են կրում հեղինակի իսկ դաշնամուրային նվագակցությունը, Քիմ Քաշքաշյանի ալտը եւ Ռոբին Շուլկովկու հարվածային արսենալը, այստեղ ավելին արժե, քան անթերի կատարումը: «Հայ հին հոգեւոր երաժշտությունն ունի շատ հռետորական բանաձեւեր,- ասում է Մանսուրյանը: -Կան ցուցումների երկար ցանկեր, թե ինչպես պետք է արտաբերվեն պատարագային երգասացությունները: Ձայների մաքուր հնչողությունից առավել կարեւոր է այն զգացմունքային նշանակությունը, որ հաղորդում է դրանց մարդը»:
Սա բնավ չի նշանակում, թե Մանսուրյանն ուզում է փախչել ներկայից: Պատանեկությունից ի վեր նա սերտել է ժամանակակից տեխնիկաները՝ իբրեւ ռազմավար: Երեւանում ուսումն ավարտելուց հետո նա, Խորհրդային Միության իր սերնդակից նշանավոր շատ կոմպոզիտորների նման, նվիրվել է 12-տոնային տեխնիկային, տարվել սերիալիզմով եւ, այնուամենայնիվ, երբեք չի հասկացել ավանդույթների դեմ ընդվզելու անհրաժեշտությունն՝ իբրեւ սկզբունք: «Կոպիտ ասած` ավանգարդիստական երաժշտությունը ավերում է տոնայնական համակարգը: Այնինչ Արեւելքում մենք չգիտեինք էլ, որ տոնայնական երաժշտությամբ ենք զբաղվում: Ուստի մենք դրա ավերման կարիքն էլ չունեինք: Արեւմուտքում ձայնաշարի ամեն մի հնչյուն ունի որոշակի ֆունկցիա եւ դրանով իսկ՝ գրեթե տոտալիտար ուժ: Արեւելքում դա գոյություն չունի»:
Արեւմտյան ավանգարդում Մանսուրյանը նույնիսկ հայտնաբերում էր բաներ, որոնք նրան վաղուց ծանոթ էին հայրենի մշակութային ավանդույթից: «Հիշենք արդի բանարվեստը, թե ինչպես էր այն ողջունում ազատ բանաստեղծությունը՝ որպես նվաճում,- ասում է Մանսուրյանը։ -Արեւելյան երաժշտության մեջ նման ազատ բանաստեղծություն կար ի բնե»։ Սակայն դեռեւս վաթսունականների վերջին նրան՝ որպես կոմպոզիտորի, գրավել է նաեւ միջնադարյան արեւելյան քառատողերի` հայրենների խիստ տաղաչափությունը։ Գրականությունն ընդհանրապես նրա համար ներշնչանքի մեծ աղբյուր է:
Իր a-cappella երգչախմբային «Ars Poetica» ստեղծագործությամբ Մանսուրյանը հնչյունավորել է ստալինյան տեռորի կիզակետին` 1937թ. սպանված 20-րդ դարի հայ մեծագույն քնարերգու Եղիշե Չարենցի բանաստեղծությունները, իսկ իր «Hommage a Anna Achmatowa»-ում, որտեղ ալտի, մարիմբայի եւ բաս-կլարնետի կողքին հանդես է գալիս նաեւ էնդեմիկ ցիթրան` քանոնը, նա արծարծում է Ռուսաստանի ամենահայտնի բանաստեղծուհու «Այրված տետրի» գործերը: «Ես ինձ զգում եմ որպես իմ նախա-նախահայրերի որդի»,- ասում է Մանսուրյանը: Հարկ է ավելացնել՝ նաեւ նախամայրերի: «Ես հաստատ գիտեմ, թե նրանք ինձ ի՛նչ ճանա-պարհ են կանխանշել»:
Կրոնական ուղիները, որոնցով Մանսուրյանը շարժվում է (հենց վերջերս է ստեղծվել նրա «Agnus dei»-ն՝ կլարնետով քառյակի համար), նա նույնպես ընկալում է որպես իր դաստիարակության արդյունք: «Ես փորձում եմ արտահայտվել այնպես, որ ոչ մի կասկած չմնա, թե ես ի՞նչ նկատի ունեմ: Ես միշտ վախենում եմ, որ ինձ չեն հավատա, որ ամեն ինչ պետք է ասվի ավելի պարզ»։ Սա անվերապահ ճշմարտացիության դավանանք է: «Երբ հինգ տարի առաջ մահացած կինս դեռեւս կենդանի էր, նա միշտ ասում էր. «Դրա մասին մի՛ խոսիր, դրա կարիքը չկա»: Հետո ես փորձում էի այդ մասին ոչինչ չասել, բայց ես այլ կերպ չեմ կարող: Գրականության մեջ եւս սիրում եմ, երբ ինչ-որ մեկը խոստովանություն է անում, ինչպես Ուիլյամ Ֆոլքները մշտապես ինքնախոստովանում է իր «Աղմուկ եւ ցասում» ստեղ-ծագործության մեջ: Նա ոչինչ չի հորինում, ոչինչ չի կառուցում, նա արտահայտվում է այնպես, ինչպես պետք է արտահայտվի»:
Նման ինքնարտահայտման հասնելու համար Մանսուրյանին օգնում է մոնոդիան՝ իր երկակի նշանակությամբ. միայնակ ողբ, ինչպես որ դա արտահայտվում է սոլո գործիքների համար գրված շատ գործերում, եւ բազմաձայնության ստվար մանրանտառում կորչելու ընդհանուր երկյուղ: Ողբը պատկանում է մի ժողովրդի, որն անցած դարի 10-20-ական թթ. գրեթե բնաջնջվեց թուրքական ցեղասպանության հետեւանքով: Այսօր առնվազն կրկնակի ավելի շատ թվով հայեր, քան բուն երկրում հաշվվող 3 միլիոնը, սփռված են աշխարհով մեկ։
Այդ պատճառով Մանսուրյանի պես միջազգային ճանաչում ունեցող արվեստա-գետները ժողովրդի ինքնանույնացման կենտրոնական կերպարներ են: Նրանք մարմնավորում են մի ժառանգություն, որը Սովետական Միությունում արհամարհվում էր կամ նույնիսկ հալածվում։ Այսօր այդ ժառանգությանը սպառնում է գլոբալիզացման եւ ազգայնականացման արանքում տրորվելու վտանգը: Մանսուրյանը երկար տարիներ եղել է Երեւանի Կոնսերվատորիայի ռեկտոր, նաեւ երաժշտություն է գրել հայ-վրացական կինոբանաստեղծ Սերգեյ Փարաջանովի համար, որն, ի դեմս իր «Նռան գույնի», ստեղծեց մի լեգենդար գործ: «Ես մաս եմ կազմում մի մեծ ընտանեկան ձեռնարկության»,- ասում է Մանսուրյանը: Արդյոք նա չի՞ անհանգստանում իր հետնորդների համար: «Ոչ, ես շատ երեխաներ ունեմ, եւ նրանց բոլորին էլ շատ սիրում եմ, ինչպես, օրինակ, 28-ամյա Արթուր Ավանեսովին»։ Եվ նրա դեմքը փայլում է այնպես, ինչպես մինչ այդ չէր փայլել:
Մանսուրյանի լարային կվարտետների խտասկավառակը, ինչպես նաեւ՝ «Հայրենները» եւ Կոմիտասի երգերը, լույս են տեսել ECM-ի «New Series» շարքով:
«Թագեսշպիգել», 28 մարտի 2009թ.