Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը չի թաքցնում, որ ինքն անհանդուրժող մարդ է: Նա շատ կտրուկ ու բարկացած է խոսում հայաստանյան հասարակության ինքնազգացողության մասին` վստահեցնելով, որ եթե մոտ ժամանակներս ռադիկալ ու լուրջ վիրաբուժական միջամտություն չարվի մեր ուղեղներում, ապա մեզ արդեն ոչ մի բժիշկ չի օգնի: «Միայն դիահերձող բժշկի պետք կունենանք, իսկ այդ դեպքում տեղյակ կլինենք ճշգրիտ ախտորոշմանը, բայց արդեն ուշ կլինի»,- ասում է նա: Ու ավելացնում է. «Ախր քննադատում եմ, քանի որ սիրում եմ մեզ ու գիտեմ մեր պոտենցիալը»։
Է.Բաղդասարյանը չի թաքցնում, որ «մի խուրձ լավ գաղափարներ ունի», ուզում է նկարահանել «Ներում» ֆիլմն ու Եղիշե Չարենցի կյանքի մասին պատմող հեռուստանովելը: Նրա կյանքի վերջին 2 տարիները լցված էին «Արարատից դեպի Սիոն. Չպատմված պատմություն» ֆիլմով, որի նկարահանման ու մոնտաժային փուլերն արդեն ավարտվել են։ Երկու լեռները՝ Արարատն ու Սիոնը ոչ միայն պատմական մեծ նշանակություն ունեն, այլեւ դարձել են մաքուր սիմվոլներ, որոնք ազեր են բնորոշում։ Այդ ֆիլմը առանց որեւէ պետական աջակցության է ստեղծվում, սակայն կարող է իսկական պետական շոկ առաջացնել, քանի որ ժամանակակից հայերը Ավետյաց հողում իրենց հաստատվելու ու լիիրավ տեղ զբաղեցնելու փաստը կարծես անտեսում են՝ փոքրացնելով սեփական մտահորիզոններն ու պահանջները։ «Մենք փորձել ենք պատմել, թե ինչպես պատահեց, որ հայերը Երուսաղեմում հաստատվելու իրավունք ձեռք բերեցին: Բոլորը հարցնում են` իսկ ովքե՞ր են հայերը, որ Սուրբ հողում գտնվելու հիմքեր ունեցան: Եվ հետաքրքիրն այն է, որ ուսումնասիրելով պատմությունը՝ հասկանում ես, որ իսկական հիմքերը հենց մենք ունենք, իսկ ապացուցելու կարիք ունեն մնացածը»,- ասում է հեղինակը։ Ֆիլմը խորն ու խորամանկ կառուցվածք ունի, ֆիլմում ոչ մի հայ չի խոսում, ու հայկական աղբյուրների հղում չի արվում: Բոլոր փաստերը ներկայացված են միայն աշխարհում անվերապահորեն ընդունված աղբյուրների ու անձերի միջոցով։
– Ճակատային հարց եմ ուզում տալ. ինչո՞ւ է մեր կինոն այսքան թույլ ու անհետաքրքիր։
– Մեր կինոյի թուլությունը կայանում է նրա սխեմատիկ լինելու փաստի մեջ։ Կինոն մարդկանց է գտնում ու նրանց համար ապրելու, շնչելու բնական միջավայր է ստեղծում էկրանին։ Իսկ մեր խաղարկային կինոյում մարդիկ ու միջավայր չկան, միայն սխեմաներ են: Երբ ուզում ես գիրք գրել կամ կարդալ, պետք է գոնե հաստատ իմանաս, որ այբուբենի բոլոր տառերը գիտես: Նույնն է կինոյում. կինո ստեղծելու համար պետք է տիրապետես կինոայբուբենին` կադրերի կառուցման մետրիկ համակարգին, կինոլսողությանն ու կինոհարմոնիային: Իսկ մենք այդ ամենը սովորեցնող դպրոց չունենք: Ասեմ ավելին` արվեստի մյուս բնագավառներում ավելի սարսափելի պատկեր է, մենք նույնիսկ դերասաններ պատրաստող նորմալ դպրոց չունենք: Իսկ այն կինոն, որը հիմա ունենք, լրիվ ադեկվատ է մեր կյանքին ու մեր ժամանակին, այն նույնքան ծուռումուռ, հակասական ու սխեմատիկ է, որքան եւ մենք ինքներս: Հայաստանում բավականին լավ վիճակում է գտնվում վավերագրական կինոն, իսկ խաղարկային կինոն շատ խնդիրներ ունի:
– Ինչպիսի՞ խնդիրներ:
– Դերասանական արվեստն է կորչում: Մեր դերասանական դպրոցի հիմքում ոչ թե ճշմարտությունն է, այլ՝ պաթոսը։ Եվ դրա հետեւանքով էլ գնալով ավելի ու ավելի է թուլանում դերասանի ու հանդիսատեսի կոնտակտը։ Սերիալների շնորհիվ էլ դերասանը սովորեց, որ պետք է բազմոցին նստել ու ինչ-որ տեքստ ասել։ Եվ որքան ավելի յուղոտ ու ասմունքոտ արտասանի իր տեքստն, այնքան ավելի լավ դերասան կհամարվի։ Շատ եմ կարոտել խաղարկային կինոն, բայց վախենում եմ: Եթե քասթինգ պիտի անցկացնեմ, ո՞ւմ եմ ընտրելու: Անհնար է, մեր ողորմելի բյուջեներով մենք դատապարտված ենք ու չենք կարող լուրջ դերասաններ հրավիրել:
– Իսկ համատեղ ֆիլմարտադրությունը չի՞ փրկում իրավիճակը:
– Տեսեք, ինչ է ստացվում: Եթե, ասենք, հոլանդացին է փող տալիս` մեր էթնոգրաֆիան ներկայացնելու համար, ապա անպայման իր ձեւն է մեզ թելադրում: Եվ դա կոմերցիայի շատ տհաճ տեսակ է, քանի որ ստիպված ես ձեւացնել, որ կոմերցիայի քողի տակ արվեստ ես ստեղծում:
– Ի՞նչ վատ բան կա կոմերցիոն ֆիլմերի մեջ։
– Բայց Հայաստանում կոմերցիոն ֆիլմ անել ու շահույթ ստանալն անհնար է, որովհետեւ փող ետ բերելու համար հարկավոր է, որ յուրաքանչյուր կինոդիտող մեկ ֆիլմն առնվազն 45 անգամ նայի: Այլապես` շահույթ չի լինի: Ամսական ընդամենը 13 հազար մարդ է գնում կինոթատրոն։ Իսկ էքսպորտի կինո մեր ուզածով չենք կարող նկարահանել, քանի որ մեզ թույլ չեն տա համաշխարհային կինոշուկա մտնել՝ սեփական կանոններով արված ֆիլմերով։ Իրականում դա շատ կեղտոտ աշխարհ է։ Ուզում ես՝ գոռա ու կուրծքդ ծեծիր՝ ասելով, որ լավ ապրանք (ադամանդ կամ ֆիլմ) ունես, քեզ տեղ չեն տա։ Նման նախադեպեր չկան։ Դու պիտի նրանց խաղի կանոններով խաղաս։
– Ունենք նման նախադեպ. մեր տեղը Երուսաղեմում։
– Հայերը Երուսաղեմ են մտել՝ միլիարդավոր զոհողությունների գնալով։ Պատրաստ էին կյանքը զոհաբերել, բայց հասնել նպատակին, քանի որ սկզբունքներ ունեին։ Իսկ հիմա ցույց տուր ինձ մի մարդ, որը պատրաստ է իր նյութական շահից հանուն իր սկզբունքի հրաժարվել։
– Չեմ կարող։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցին ֆիլմի ստեղծմանը նպաստե՞լ է:
– Մեր եկեղեցուն դա պետք չէ: Կարծում եմ՝ մեր եկեղեցին լուրջ ռեֆորմների կարիք ունի: Ժամանակին այն փառավոր դեր ուներ, երեխաների էր կրթում ու մի կաթիլ արյուն չի թափել նույնիսկ այն ժամանակ, երբ մոլեգնում էր ինկվիզիցիան։ Ես շատ եմ ցավում, որ մեր եկեղեցին հիմա նախարարություն է դարձել, իսկ կաթողիկոսն էլ իրեն ոչ թե հոգեւոր ապարատի ղեկավար, այլ՝ նախարար է համարում: Մեր բոլոր խնդիրները մեր մեջ են, մեր հոգեւոր դաշտում։ Պետք է հասկանանք, որ մեր հոգեբանության մեջ խոտան գծեր են հայտնվել։ Մեր ինքնության վեկտորը միայն դեպի անցյալ է ուղղված։ Իսկ դա անհեթեթություն է, մենք վաղվա օրը չենք տեսնում։ Ու չենք կարող մշակութային ռազմավարություն կառուցել, որպեսզի պարզ դառնա, թե մի քանի տարի հետո մենք ինչպես պիտի հարաբերվենք աշխարհի հետ, ինչ կունենանք ասելու՝ կինոյի կամ թատրոնի միջոցով։ Կարելի է մի շատ պարզ բանի վրա կառուցել մեր կինոն ու արդյունք ունենալ։ Բայց մենք հիանում ենք Տիգրան Մեծի կերպարով (որն, ի դեպ, Տիգրանակերտի կեսը բնակեցրեց հրեաներով) ու մեր բոլոր ծրագրերը Տիգրան Մեծի օրինակով՝ որոշում ենք դարձնել ամբիցիոզ ու գրանդիոզ։ Եվ մեկ անգամ եւս ապացուցում ենք մեր փոքր լինելուց ծագած բարդույթները: Մենք բարդույթավորված ենք, ու դա երեւում է մեր քաղաքի նեղ փողոցներից, որոնք ողողված են մեծ ու հավակնոտ մեքենաներով։
– Կարելի է ասել, որ մեր վաղվա օրն ուսանողնե՞րն են, երիտասարդնե՞րը։
– Ուսանողների մեծամասնությունը կոնֆորմիստներ են։ Գիտեք, որ ընդամենը մի դեպք է եղել, երբ ուսանողներն ըմբոստացել են, դա այն ժամանակ էր, երբ չէին ուզում գնալ բանակում ծառայել։ Նրանք չէին ուզում սեփական երկիրը պաշտպանել, նրանց բավարարում է լավ հեռախոս, լավ մեքենա ունենալն ու սրճարաններում հետույքների մասին խոսելը։ Իսկ Իսրայելում երիտասարդները արցունքներն աչքներին խնդրում են, որ իրենց բանակ ուղարկեն։ Ես ինքս եմ դա տեսել։ Եվ հաշվի առնենք, որ հրեաներն ապրում են անապատում ու չորս կողմից շրջապատված են թշնամիներով, որոնք պատրաստ են ուղղակի կուլ տալ այդ պետությունը։ Մեր եւ նրանց տարբերությունը հասկանալու համար, նայենք, թե ինչպես են հրեաները դեռ տասնամյակներ առաջ ծառեր տնկել ավազի մեջ։ Երբ Ռոտշիլդը 30 հազար ծառ տնկելու գումար էր տվել ու հետո ստուգողներ ուղարկելով՝ ասել՝ գնացեք-տեսեք, թե որքան փող են «կերել», պարզել էր, որ ոչ թե 30, այլ 60 հազար ծառ է տնկվել։ Հրեան փողը վերցնելով՝ մի քիչ էլ իր գրպանից է ավելացրել, որպեսզի հետո իրավունք ունենա ասել՝ ես եմ իմ պետությունը կառուցել։ Իսկ մենք գողանում ենք, քանի որ վաղվա օրը մեզ համար նշանակություն չունի։ Եվ հիմա դատապարտված ենք վատի ու վատթարագույնի միջեւ ընտրել։ Ես ոչ թե իշխանությունների, այլ՝ հենց մեր մասին եմ խոսում։ Այն մարդկանց, ում համար հայրենիքն ավարտվում է սեփական տան դռնով, որից դուրս աղբ ու կեղտ է։ Հրեա միլիարդատերը կարող է սուսուփուս իր տան բակն ավլել, իսկ մենք մտածում ենք՝ իսկ ինչո՞ւ մենք անենք։ Անելու դեպքում էլ՝ մանկատուն կամ ծերանոց մի քանի տեսախցիկ ենք բերել տալիս, որպեսզի մեր բարի արարքը լավ գովազդվի։ Ես դա ուղղակի սրիկայություն եմ համարում։
– Հրեաներից, իհարկե, շատ բան կարող ենք սովորել։
– Հրեաները 2000 տարի պետություն չեն ունեցել, բայց հենց ունեցան, իրենց մեռած լեզուն միանգամից վերականգնեցին։ Հիմա բոլորը խոսում ու գրում են իվրիտով, մի լեզվով, որը հազարամյակներ շարունակ գործածության մեջ չի եղել։ Անկեղծ եմ ասում, ես այդ փաստերին նախանձով եմ նայում, ուզում եմ, որ մենք ուժեղ հոգեւոր դաշտ ունենանք, որ մեզ հետ հաշվի նստեն, որ մենք զգանք՝ մեր պետությունը կայացել է։ Մենք մեծ ներուժ ունենք, որը չի օգտագործվում։ Պետք է կադրային հեղափոխություն անել, ուղղակի կտրել-գցել անպետքն ու սուտը։
– Չկա՞ մտադրություն Կինոյի ու թատրոնի ինստիտուտում արվեստանոց բացել ու կոնկրետ աշխատանք անել։
– Չեմ ուզում սուտ համեստություն անել, բայց եթե անձամբ ինձ 5 տարի ժամանակ տային, ես կփոխեի ու կուղղեի ողջ հայկական ռեժիսորական ու դերասանական դպրոցը: Մի քիչ լծակներ ունենալու դեպքում, ամեն ինչն էլ կարելի է «շողուլի տակ» գցել: Եվ հավատացնում եմ, որ տարբեր բնագավառներում ինձ նման մարդիկ շատ կան, բայց խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ չեն հանդուրժի, որ իրենց ղեկավարեն ու պարտադրեն: Եվ ուրեմն, նրանց երբեք լծակներ չեն տա: Իմիջիայլոց, հիմա շատ լուրջ խնդիր կա, եթե չես կարողանում ճիշտ հետույքներ «համբուրել», պրոցեսից դուրս ես մղվում: Տեսեք, թե ինչպես ենք «փչացնում» մեր երեխաներին` նրանց 18 տարեկանից կոստյումներ հագցնելով ու սովորեցնելով «հետույքներին» մոտ կանգնել: Երկար ժամանակ մենք պետություն չենք ունեցել ու գենետիկորեն ենք հասկացել, որ փող ու բարիք ունենալու համար պետք է օտարի մոտ` խոնարհվելու գնալ: Նույնն էլ անում ենք հիմա` մոռանալով, որ անկախ պետություն ենք ու հետույքներ համբուրել արդեն հարկավոր չէ:
– Կինոն միավորող ուժ կարող է լինել: Օրինակ, վերջին տարիների ռուսական կինոն ցույց տվեց, որ մեծ պահանջարկ ունեն ազգային թեմաներով ու ազգային հպարտությունն արթնացնող ֆիլմերը: Մեզ դա պետք չէ՞:
– Ռուսաստանն ուզեց կինոյով ցույց տալ, որ իրենից կարելի է վախենալ: Եվ այդ նացիոնալիստական մոտեցումն արտահայտեց կինոյով: Իսկ մենք ի՞նչ պետք է ուզենք արտահայտել, ո՞րն է մեզ միավորող կետը (բացի Եղեռնից): Նորմալ տանիք ու պատեր ունեցող տուն կառուցելու ցանկությունը մեզ մոտ վերածվել է պսեւդոհայրենասիրության, ինչը պարզապես ոչնչացնում է մեր երեխաներին, նրանցից հրեշներ է սարքում: Մենք փակել ենք մեր երեխաներից գրականության գանձերն ու միայն հայ գրողների գործեր ենք տեղադրում դասագրքերում։ Եվ դա անվանում ենք՝ հայեցի դաստիարակություն։ Ո՞վ ասաց, որ եթե հայ է գրել, ուրեմն լավ է գրել։ Եթե այդպես ենք մտածում, ուրեմն դեգրադացվում ենք։ Պետությունն էլ միայն պոպսա է ֆինանսավորում, որը բարեկեցիկ, կուշտ ու շքեղ կյանքի պատրանք է ստեղծում: Եվ ամեն օր այդ պատրանքը մեզ է սրսկվում անշնորհք երգիչների ու սերիալների դերասանների միջոցով: Ես, օրինակ, զգում եմ, որ ես չկամ։
– Ի՞նչ իմաստով։
– Ներկայացնում եմ նախագիծ, ինձ ոչ ոք ոչինչ չի ասում, նկարահանում եմ ֆիլմ, ոչ մի արձագանք չկա։ Լռություն է… Իսկ լռությունը ամենասարսափելի պատիժն է։ Ասում ենք՝ հայրենիքում ենք ապրում։ Իմ կարծիքով՝ հայրենիքն այնտեղ է, որտեղ դու աշխատանք ունես ու ինքնադրսեւորվում ես։
– Հայտնի է, որ Դուք բալետ սիրող մարդ եք։ Վերջերս բեմադրված թանկ ու հավակնոտ «Սպարտակ» բալետն ինչպիսի՞ տպավորություն թողեց։
– Իհարկե, պետք է շնորհակալ լինել Ռիտա Սարգսյանին, որ նա որոշեց օգնել բալետին ու հանդիսատեսին բալետային ներկայացում դիտելու շանս տվեց։ Ու թեեւ ես բալետ սիրում եմ, բայց չկարողացա մեր «Սպարտակը» մինչեւ վերջ դիտել, երեւի երրորդ կազմն էր պարում, ու շատ տխուր պատկեր էր։ Հարցը նրանում է, որ այդ ներկայացումը «մահացել» էր դեռ 30 տարի առաջ, ու նրանից նավթալինի հոտ էր գալիս։ «Սպարտակի» վրա ծախսված գումարով կարելի էր երկու շատ ավելի լավ ու ժամանակակից բեմադրություն բերել Հայաստան։
– Նավթալինը ամենուրեք է, գրեթե բոլոր թատրոններում։ Ինչպե՞ս այն դուրս մղել։
– Լայն մտածողություն է պետք։ Իսկ մեզ մոտ այսպես է. բոլորն իրենց վերադասների ականջին ինչ-որ բաներ են փսփսում, ինչ-որ նեղ անձնական բաներ են գովազդում։ Շատ լավ է, որ մեր նախագահը մտածում է արվեստի մասին, ես դրանում ինքս եմ համոզվել, բայց ախր արվեստի խորհրդատուները պետք է ինֆորմացված մարդիկ լինեն, կարողանան բանավիճել, որպեսզի մի քանի քայլ առաջ, այլ՝ ոչ թե 30 տարի հետ գնանք։ Հիմա իշխանություն ունեն այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն առաջին դեմքերի «ականջին» մոտ գտնվել ու իրենց համար հարմար ինֆորմացիան տեղ հասցնել։ Առավել քան վստահ եմ, որ մեր հանրապետությունում ամենաանտեղյակ մարդը մեր նախագահն է, քանի որ նրա ականջին փսփսվում է միայն այն ինֆորմացիան, որը ցանկալի ու գրավիչ է։
– Իսկ ինչի՞ց սկսենք ուղեղների հեղափոխությունը։
– Բարուրից։ Առաջին հերթին երեխաներին պետք է սովորեցնել քննադատորեն մտածել։ Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ սովոր ենք ամեն ինչը սրբացնել։ Եթե ասում ենք, որ, ասենք, այս սուրճի բաժակին մեր հոր մատն է կպել, ուրեմն վերջ՝ մեզ համար այդ բաժակը սուրբ իր է դառնում։ Կինոյում սրբապատկեր ենք դարձրել Փարաջանովին, բայց ախր նա ամենահակասական ռեժիսորն է։ Մենք մոռանում ենք, որ արվեստը բազմանշանակ է, ու չի կարելի ասել՝ լավն է ու վերջ։ Պետք է հաճախ հարցականի նշանն օգտագործենք ու մեր երեխաներին «Ինչո՞ւ» հարցը տալը խրախուսենք։ Մեր փրկությունը կրթության մեջ է, իսկ արվեստը սկսվում է լայն մտածողությունից։