Կարսի պայմանագրի ճանաչումն անթույլատրելի է

14/05/2009

Ի պատասխան մեր թերթի մայիսի 2-4-ի համարում տպագրված Լիլիթ Ավագյանի «Երբեք չասել՝ «երբեք» հոդվածի՝ ընթերցողներից մեկը` Արման Վարդանյան անունով, հայտնել է իր դիտարկումները, որոնք ներկայացնում ենք առանց կրճատման:

«Երբեք չասել` «երբեք» հոդվածում հեղինակը անդրադարձել է Լ.Տեր-Պետրոսյանի մայիսմեկյան ելույթում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արտահայտված գնահատականներին: Խոսելով «ճանապարհային քարտեզի» ենթադրյալ չորս կետերի մասին, հեղինակը նշում է «…պետական սահմանների փոխադարձ ճանաչում, այն է՝ Կարսի պայմանագրի ռեաբիլիտացիա»: Ցավոք, Ձեր, ինչպես նաեւ այլ թերթերի հեղինակները հաճախ նույնացնում են հայ-թուրքական պետական սահմանների փոխադարձ ճանաչումը եւ Կարսի պայմանագրի վերահաստատումը: Մինչդեռ, Կարսի պայմանագիրը շատ ավելի լայն է, քան հայ-թուրքական սահմանների խնդիրը: Պայմանագրի հիմնական կետերն են.

– հայ-թուրքական նոր սահման.

– նախկինում ստորագրված պայմանագրերից հրաժարում.

– Ադրբեջանի պրոտեկտորատ Նախիջեւանի վրա՝ առանց երրորդ կողմին զիջելու իրավունքի, բացառությամբ, եթե դրան համաձայն է Թուրքիան.

– Ինքնավար Աջարիա Վրաստանի կազմում:

Ինչպես հստակ երեւում է, հայ-թուրքական նոր սահմանը Կարսի պայմանագրի միայն մեկ կետն է: Դրա հետ մեկտեղ՝ ճակատագրական են նաեւ մնացյալ կետերը:

Մասնավորապես, հրաժարվելով նախկինում ստորագրված պայմանագրերից, ՀԽՍՀ-ն հրաժարվեց Սեւրից եւ Փարիզյան համաժողովում ձեւակերպված 19 միլիարդ ֆրանկ Թուրքիայի նկատմամբ գույքային պահանջից: Սրանով Կարսի պայմանագիրը վավերացրեց Ցեղասպանության արդյունքը` հողային եւ գույքային իմաստներով: Հարկ է նաեւ նշել, որ Կարսի պայմանագրի կնքման պահին դեռ չէր ստորագրվել Լոզանի պայմանագիրը, որով Արեւմուտքը ճանաչեց Թուրքիայի այժմյան սահմանները:

Կարսի պայմանագրով Արեւելյան Հայաստանի սրտում ստեղծվեց Նախիջեւանի ԻԽՍՀ, ընդ որում, Թուրքիան դարձավ Նախիջեւանի կարգավիճակի գարանտ: Ավելի ուշ, 1931 թվականին ՀԽՍՀ-ն տարածքներ զիջեց Նախիջեւանին սահմանի երկայնքով:

Եվ, վերջապես, Կարսի պայմանագրով, Հայաստանը կորցրեց իր տարածքի կեսից ավելին, ներառյալ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը եւ Նախիջեւանը:

Այսպիսով, Կարսի պայմանագիրը Հայաստանի պատմության ամենանվաստացուցիչ էջերից մեկն է: Կատաստրոֆայով ավարտվեց մեր ազգային-ազատագրական պայքարը, եւ մենք, լինելով Աշխարհամարտում հաղթող պետությունների դաշնակից, միակն էինք, որ պատերազմից դուրս եկանք ուղղակի ջախջախված: Ընդ որում, մեր տարածաշրջանում ապրող բոլոր ազգերը` վրացիները, թուրքերը, ադրբեջանցիները, հրեաները, արաբները, բալկանյան ազգերը, պարսիկները ինչ-որ բան կորցրեցին, ինչ-որ բան ստացան: Միայն Հայաստանի համար էր ավարտը ողբերգական: Եվ դրա ձեւակերպումը Կարսի պայմանագիրն է: Պատահական չէ այդ առումով, որ պայմանագիրը Թուրքիայի նախաձեռնությամբ ստորագրվել է հենց Կարսում` ընդգծելով հայկական խայտառակությունը: Կարսի պայմանագրի տրավման, ազդեցությունը մեր ինքնագիտակցության վրա դեռ երկար է իրեն զգացնել տալու:

Կգտնվի արդյոք որեւէ քաղաքական գործիչ, ով «կվերահաստատի» այդ խայտառակությո՞ւնը: Մանավանդ, որ միջազգային իրավունքի նորմերի առումով ՀԽՍՀ պայմանագիրը ստորագրելու պահին անկախ եւ սուվերեն միավոր չէր եւ նույնիսկ, սրանից հարյուր տարի հետո էլ, այն վիճարկելի է:

Կարծում եմ, այս դեպքում սա այն սակավ դեպքերից է, երբ կարելի է հավատալ Է. Նալբանդյանին: Հայաստանն ուղղակի չի կարող վերահաստատել այդ պայմանագիրը:

Այդ դեպքում, ինչո՞ւ են թուրքերը խոսում Կարսի պայմանագրի մասին: Ավելին, դրա մասին է խոսում նաեւ Միջազգային ճգնաժամային խումբը, որը, ինչպես հայտնի է, միշտ, արտահոսքերի միջոցով ստուգում է հանրային ռեակցիան այս կամ այն հարցի վերաբերյալ: Իմ կարծիքով, այս արտահոսքերով մեզ պարտադրում են բանավեճ Կարսի պայմանագրի վերաբերյալ, որի ֆոնին Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանի ճանաչումը փոխզիջումային քայլ է երեւում եւ հանգիստ ու անաղմուկ ընդունվում է հանրության կողմից: Հաշվարկը մոտավորապես հետեւյալն է՝ «Բոլորն ասում են՝ Կարսի պայմանագրի վերահաստատումը անընդունելի է, եւ երբ պարզվում է, որ ընդամենը խոսվում է հայ-թուրքական սահմանի ճանաչման մասին, դիմադրության պաշար այլեւս չկա»: Սա սովորական դիվանագիտական հնարք է, որին դիմակայելու հմտությունը եւ փորձը մենք, ցավոք, չունենք:

Արդյունքում, կարծես թե, հայ-թուրքական սահմանի ճանաչման դեմ առարկություններ չկան. իշխանությունները կարծես թե կողմ են, Լ.Տեր-Պետրոսյանը իր մայիսմեկյան ելույթում չի առարկում այդ կետին, ՀՅԴ-ն վեհ բառեր օգտագործելով, հոդաբաշխ չի արտահայտում իր դիրքորոշումը (ինչպես միշտ), Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնը չի լսվում: Ժ.Սէֆիլյանը եւ նույն պլատֆորմից հանդես եկողներն անմիջապես մարգինալացվում են:

Այսպիսով, կարծես թե մեր հանրությունը «ուտում է» Կարսի պայմանագրի խայծը եւ հայ-թուրքական սահմանի ճանաչումը ուղղակի նվիրում թուրքերին: Սակայն.

– հայկական կողմի դիրքորոշումն է. հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Դա նշանակում է, որ հավասար հարաբերությունների պարագայում թուրքական կողմը նույնպես նախապայման չպետք է առաջ քաշի:

– Հայաստանը բազմիցս ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Վերջին անգամ դա արել է Ռ.Քոչարյանը, ստորագրելով Ստամբուլյան խարտիան 1999-ին: Ինչո՞ւ պետք է մենք ամեն անգամ վերահաստատենք այդ թեզը:

Հանրային ընկալման առումով, կարծես թե, գերիշխում է թյուրմբռնում. «Ինչպե՞ս կարող է բացվել սահմանը՝ առանց դրա ճանաչման»: Կարելի է բազում նման օրինակներ բերել, սակայն սահմանափակվեմ մեկով.

– 1990-ականների սկզբին հայ-թուրքական սահմանը բաց էր, Հայաստանը չէր ճանաչել այդ սահմանը, եւ ոչ ոք չէր պահանջում այն ճանաչել:

Հայ-թուրքական սահմանի ճանաչումը Հայաստանի կողմից չափազանց լուրջ եւ հզոր խաղաքարտ է, որ այն հենց այնպես նվիրաբերվի Թուրքիային:

Անհրաժեշտ է առողջ հանրային բանավեճ հայ-թուրքական սահմանի ճանաչման նպատակահարմարության եւ պայմանների վերաբերյալ: Վերջիվերջո, դիվանագիտության մեջ ոչինչ հենց այնպես չեն նվիրում: Սահմանի ճանաչումը չի կարելի հենց այնպես նվիրել ոչնչի դիմաց: Պետք է հասկանալ, ի՞նչ ենք մենք ստանում: Բացված սահմա՞ն: Արդյոք դա բավարա՞ր է: Նույնիսկ Վ. Օսկանյանը, որը հայ-թուրքական այս մերձեցման ճարտարապետներից է, Ձեր թերթի 2009թ. մայիսի 2-4-ի համարում նշում է, որ Թուրքիան առանց որեւէ նախապայմանի պետք է բացի սահմանը, ինչից հետո պետք է սկսենք խոսել մնացյալ հարցերի կարգավորման վերաբերյալ:

Այսպիսով, կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում չի կարելի որպես կայացած իրողություն ընդունել հայ-թուրքական սահմանի ճանաչումը: Դա կլինի ոչ միայն դիվանագիտության խայտառակ պարտությունը, այլեւ մեր հանրության: Ընդ որում, չարժե բոլոր նրանց, ովքեր մտահոգություններ ունեն խնդրի վերաբերյալ, միանգամից պիտակավորել: Արժե լսել եւ խորհել: Այսպիսով, հայ-թուրքական սահմանների փոխադարձ ճանաչումը եւ Կարսի պայմանագիրը նույնը չէ: Դե, իսկ եթե մերոնք իրականում քննարկում են Կարսի պայմանագրի վերահաստատելու հարցը` ապա, ողբամ զքեզ… Ճշմարտացի է Լիլիթ Ավագյանը՝ վերհիշելով բրիտանական ասացվածքը` «Երբեք մի ասա՝ «երբեք»: