Եթե ստացել եք հյուրասիրության հրավեր, երբեք մի ուշացեք առանց լուրջ հիմքերի. ձեր ուշացումով տանտերերին դնում եք անհարմար վիճակի մեջ եւ ցույց եք տալիս, որ չեք հարգում մյուս հյուրերին: Բայց նաեւ պետք չէ գնալ շատ շուտ, որպեսզի չխանգարեք տանտերերին` պատրաստվելու հյուրերին ընդունելու համար: Հյուր գնալիս պետք չէ հագնվել շատ շքեղ, քանի որ դա, հակառակ ձեր ցանկության, կարող է կաշկանդել եւ՛ ձեզ, եւ՛ ձեզ շրջապատողներին: Հենց միայն այն երկյուղը, որ հագուստը կարող է շատ տգեղ ճմրթվել կամ կեղտոտվել, իսկ այն շատ շքեղ ու թանկ արժե, կարող է կաշկանդել ձեզ եւ զրկել ձեզ ազատ զգալուց: Հյուր ընդունող տանտերն ու տանտիկինը պետք է հագնված լինեն որքան կարելի է համեստ եւ ավելի հասարակ, որպեսզի հյուրը, ինչպիսի հագուստով էլ լինի, զգա իրեն նրանց հետ հավասար վիճակում:
Տղամարդիկ անծանոթ հյուրեր ընդունելիս անպայման պետք է ծանոթացնեն իրենց կնոջ կամ ընկերուհու հետ, իսկ վերջինիս էլ անծանոթ հասարակության մեջ պետք է ներկայացնել: Եթե հյուր են գալիս միմյանց անծանոթ մարդիկ, տանտերերի պարտականությունն է` ծանոթացնել նրանց միմյանց հետ: Եթե հասարակության մեջ գտնվում են եւ տղամարդիկ, եւ կանայք, ապա սկզբում ծանոթացնում են կնոջ, իսկ հետո արդեն նրա կողքին կանգնած տղամարդու հետ: Հյուր գնալով այնտեղ, որտեղ բոլոր ներկա գտնվողները ձեզ ծանոթ են, պարտադիր չէ բոլորին ձեռքով բարեւել: Ձեռքով անհրաժեշտ է բարեւել տանտիրոջը, իսկ մյուսներին կարելի է ընդհանուր բարեւել: Եթե ձեր ներս մտնելու ժամանակ տանտերը գտնվում է սենյակի խորքում, այդ դեպքում գլխի ընդհանուր խոնարհումով բարեւեք հյուրերին, եւ հետո անպայման մոտեցեք տանտերերին եւ առանձին բարեւեք նրանց: Ճիշտ այդպես էլ անում են հրաժեշտի ժամանակ: Այնտեղ, որտեղ հյուր եք գնում, լավ է, որ ձեզ կաշկանդված չեք զգում, բայց չի կարելի նաեւ չափից շատ ազատ զգալ: Հասարակության մեջ չարժե անընդհատ զբաղվել ձեզանով` սանրվել, զարդարվել, դիմահարդարումը ուղղել կամ հայելուն նայել: Այդ բոլորի մասին պետք է մտածել տանը: Հյուրասիրության ժամանակ շատ բարձր է գնահատվում որեւէ հետաքրքիր բան պատմելու ընդունակությունը: Խոսակցության թեման պետք է հետաքրքիր լինի ներկա գտնվողների համար եւ բոլորին հասկանալի. պետք է խուսափել մասնագիտական հարցերի մասին խոսելուց, ինչը ընդունված է հատկապես մեզ մոտ, ինչպես նաեւ պետք չէ խոսել թեկուզ մեկի համար անհաճո թեմայից:
Հյուրերին առաջարկելով այս կամ այն կերակուրը, տանտիրուհին չպետք է պարտադրի նրանց ուտել: Իսկ եթե ճաշը ձեզ դուր չի գալիս կամ այն չեք կարող ուտել, ապա կարելի է հրաժարվել` շնորհակալություն հայտնելով, իսկ հրաժարվելու պատճառն էլ չնշել:
Ոմանք գտնում են, որ հյուրասիրության ժամանակ պետք է ուտել որքան հնարավոր է քիչ: Պետք է ասել, որ ձեր կոտրատվելն ու դիմացինի պատառներ հաշվելը բնավ էլ կապ չունի բարեկրթության հետ: Ինչպես տանը, այնպես էլ հյուրասիրության ժամանակ պետք է ուտել ախորժակի չափով, պարզապես` քաղաքավարի, ոչ ագահաբար: Երբ դուք նկատում եք, որ հյուրերից մեկը թույլ տվեց մի որեւէ անշնորհքություն (մի բան թափեց կամ կոտրեց), պետք չէ դիտողություն անել ու դրանից մեծ պատմություն դարձնել: Ձեր դիտողությամբ ու միջամտությամբ, միեւնույն է, ոչինչ չեք կարող փոխել, եթե միայն ավելի չշփոթեցնեք դեպքի մեղավորին: «Լավ դաստիարակությունը,- ասել է Չեխովը,- այն չէ, որ դուք սոուսը չթափեք սփռոցի վրա, այլ այն, որ դուք չնկատեք, երբ այդ նույնը թույլ է տվել մեկ ուրիշը»: