62-րդ Կաննը

14/05/2009

Երեկ Կաննում մեկնարկել է 62-րդ Միջազգային կինոփառատոնը, որին մասնակցում են այնպիսի համաշխարհային հեղինականություններ, ինչպիսիք են Քվենտին Տարանտինոն, Պեդրո Ալմոդովարը, Քեն Lոուչը, Lարս ֆոն Տրիերը եւ այլք: Այս տարվա մրցութային ծրագիրը համարում են ամենաուժեղներից մեկը Կաննի փառատոնի անցկացման ողջ պատմության ընթացքում: Մրցութային ծրագրում հաղթելու ամենամեծ շանսերը, ըստ քննադատների, ունեն ժամանակակից կինոյի դասականներ համարվող Տարանտինոն ու Ալմոդովարը: Ալմոդովարը Կանն է տարել իր նոր` «Փշրված գրկախառնումներ» ֆիլմը: Կինոնկարի գլխավոր հերոսն իսպանացի մի կինոռեժիսոր է, որն ավտովթարից հետո կուրանալով` կորցնում է ամեն ինչ, այդ թվում` սիրած աշխատանքն ու ընտանիքը: Սա Ալմոդովարի չորրորդ ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Պենելոպե Կրուսը: Քվենտին Տարանտինոն այս տարի իր «Պատվազուրկ սրիկաները» ֆիլմով մեծ անակնկալ է մատուցել ողջ աշխարհին: Քրեական սյուժեներից հրաժարվելով` Տարանտինոն անսպասելիորեն հայացքն ուղղել է Երկրորդ համաշխարհայինի պատմությանը: Տարանտինոյի նոր ֆիլմի գլխավոր հերոսները ամերիկյան բանակի կազմում գործող դիվերսիոն ստորաբաժանման զինծառայողներն են: Նրա հերոսը ողջ ֆիլմի ընթացքում նույն նախադասությունն է կրկնում.«Մենք միայն մի առաքելություն ունենք` ոչնչացնել նացիստներին»: Այս տարվա Կաննի փառատոնում անդրադարձ կլինի նաեւ հայկական թեմաներին: Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի` 2008թ. նկարահանած «Հանցագործների բանակը» ֆիլմը, որն ընդգրկված է փառատոնի արտամրցութային ծրագրում, պատմում է Դիմադրության շարժման ամենահայտնի հայազգի հերոսներից մեկի` բանաստեղծ Միսաք Մանուշյանի մասին: Մանուշյանի կերպարը ֆիլմում մարմնավորել է Սիմոն Աբգարյանը: Փառատոնի ժյուրին այս տարի ղեկավարում է դերասանուհի Իզաբել Յուպերը: Կաննի 62-րդ փառատոնի ժյուրիում ընդգրկված են նաեւ արձակագիր եւ սցենարիստ Հանիիֆ Քուրեյշին, հայտնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը, Իտալիան ներկայացնող դերասանուհի Ասյա Արջենտոն: