Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան հանդես են եկել հայտարարությամբ` նվիրված հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագրի կնքման 15-ամյակին: «15 տարի առաջ վերջ դրվեց լայնամասշտաբ թշնամանքին Լեռնային Ղարաբաղում, որը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաուժեղ հակամարտությունն էր: Այդ ժամանակ առաջնորդները կայացրին խիզախ եւ հեռատես որոշում` հրահանգելով ռազմական հրամանատարներին` պայմանագիր ստորագրել հրադադարի վերաբերյալ` առանց սահմանափակ ժամկետի: Դժբախտաբար, այդ հրադադարը կատարյալ չէ, եւ ցավալիորեն ամեն տարի զոհեր են լինում առաջին գծերում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ խաղաղության պայմանագիրը, որի շուրջ կողմերը ներկայումս աշխատում են, հնարավորություն կտա ապագա սերունդներին մեծանալ ՀՀ-ում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում` առանց զգալու պատերազմի սարսափներ»,- հայտարարել են համանախագահները` կոչ անելով կողմերին իրագործել 1995թ. ընդունված առաջարկները, ինչպես նաեւ՝ 2008թ. Հելսինկիում Նախարարների կոնֆերանսում ընդունված դրույթները, այն է՝ դիպուկահարներին հեռացնել առաջին գծից: «Մենք հուսով ենք, որ ներկայիս առաջնորդները ի վիճակի կլինեն հաղթահարել ԼՂ հակամարտության դժվար հետեւանքները, պատճառները եւ ստեղծել անվտանգության, վստահության, համագործակցության եւ արդյունավետ հաղորդակցման մթնոլորտ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ՝ հնարավորություն տալով նրանց ապրել խաղաղության մեջ իբրեւ լավ հարեւաններ»,- նշված է հայտարարության մեջ, որտեղ համանախագահները նաեւ հույս են հայտնում, որ Մինսկի խմբի հետ համագործակցելով՝ գործող Նախագահները կհանգեն հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներին: Նշենք, որ 1994թ. մայիսի 12-ի Հրադադարի պայմանագիրը միակ պայմանագիրն էր, որը ստորագրել է ԼՂՀ-ն: Իսկ երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: «Ես լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ՝ իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Բակոյանիսը` շեշտելով, որ չնայած 15 տարի առաջ Հրադադարի պայմանագրի ստորագրմանը, իրավիճակը տարածաշրջանում դեռ լարված է, եւ զոհեր են լինում: