«Հայ-թուրքական հարաբերություններում ամենահակասական հարցերից է «առանց նախապայմանների բանակցությունների» էությունը, հարց, որ երկու երկրների պաշտոնյաները հաճախ մեջբերում են երկրների միջեւ համերաշխության գործընթացը բնորոշելիս»,- թուրքական «Hurriyet Daily News & Economic Review» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է թուրք դիվանագետներից մեկը: Սակայն նա ավելացրել է, որ տվյալ դեպքում դա անհնար է: «Մեր նախապայմանը, իհարկե, պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումն է, որը կզբաղվի 1915թ. դեպքերի ուսումնասիրությամբ: Իսկ հայերի նախապայմանը` սահմանի բացումն է,- ասել է նա` ավելացնելով,- Ոչ մի փաստաթուղթ, այդ թվում նաեւ` «Ճանապարհային քարտեզը», չի խոսում առանց նախապայմանների բանակցությունների մասին: Երկու կողմերի նախապայմաններն էլ միշտ ամրագրված են յուրաքանչյուրի դոսյեներում, եւ դրանք են առաջնորդում բանակցությունները»: Թուրք դիվանագետը մեկ անգամ եւս կրկնել է Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ՝ ավելացնելով, որ հայկական զորքերի դուրսբերումը առնվազն հինգ ադրբեջանական շրջաններից կդիտարկվի որպես լուրջ քայլ: «Սակայն պետք է նշել, որ այս ողջ գործընթացում անտեսվում է մի կետ. դա է այն, որ շնորհիվ հայ-թուրքական բանակցությունների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրը կրկին վերադարձվել է միջազգային հանրության օրակարգ»,- հայտարարել է թուրք դիվանագետը, ըստ որի` «Ադրբեջանը նույնպես ողջունում է այդ քայլը»: