«Ուզում եմ բոլորին օգտակար լինել»

20/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի կինը՝
Իննա Ղուկասյանը երիտասարդ է, նրբաճաշակ ու ներկայանալի: Այլ երկրների հետ
դիվանագիտական հարաբերություններ չհաստատած Արցախի Առաջին տիկինը մեծ
ուշադրություն է դարձնում իր երկրի մշակութային կյանքի աշխուժացմանը,
աջակցում է տաղանդավոր երիտասարդներին: Իննա Ղուկասյանի բարձր հովանու
ներքո կայացան «Արցախյան ձայներ» նախագծի հյուրախաղերը Հայաստանում,
Իրանում: Մեր հարցազրույցն իր ամենօրյա պարտականությունների,
ցանկությունների ու սպասելիքների մասին է:

– Ինչպե՞ս եք կարողանում ապրել՝ լինելով թեկուզ փոքր, բայց անկախ պետության Առաջին տիկինը:

– Փոքր երկրում միաժամանակ եւ՛ հեշտ է, եւ՛ դժվար: Բնականաբար, փոքր
երկրում բոլորն իրար ճանաչում են, բոլորն իրար բարեկամ են, ծանոթ են:
Դժվար է, երբ դիմում են հարազատները, ընկերները: Իհարկե, ուզում եմ
բոլորին օգնել, օգտակար լինել, աջակցել, սակայն դա անհնար է: Առաջին տիկին
լինելը մեծ պատասխանատվություն է: Բայց այն արդեն իմ կյանքն է դարձել: Ես
ապրում եմ իմ կյանքը ու ուզում եմ բոլորին օգտակար լինել: Առաջին հերթին
ուզում եմ օգնել տաղանդավոր երեխաներին: Գիտեք, անտաղանդներին օգնել պետք
չէ, նրանք իրենք էլ կարող են առաջ գնալ: Իսկ տաղանդն աջակցության կարիք
ունի: Տաղանդավոր մաթեմատիկոս, շախմատիստ թե երգիչ լինի, նրան օգնել է
պետք: Գուցե իմ վաստակը մեծ չէ, բայց ուզում եմ իմ փոքր լուման ունենալ
մեր տաղանդավոր երեխաների ճակատագրի մեջ:

– Ղարաբաղում ինչպե՞ս են այսօր ապրում կանայք:

– Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր կանանց կյանքը նման է: Միաժամանակ
դժվար է ու հեշտ: Արցախի կանանց կյանքն, իհարկե, ավելի դժվար է:
Դժբախտությունը նրանում է, որ շատ կանայք մնացել են առանց ամուսինների,
որդիների: Սարսափելի պատերազմից հետո Արցախի կանայք փորձում են շարունակել
ապրել եւ իրենց ընտանիքին թիկունք լինել, պահպանել ընտանեկան օջախը: Անում
են ամեն ինչ, որպեսզի իրենց երեխաները երջանիկ լինեն:

– Ղարաբաղում մեծացել է նոր՝ հետպատերազմյան սերունդ: 15-16 տարեկան
երիտասարդները շատ լավն են՝ հպարտ ու խոր: Եվ շատ են տարբերվում Հայաստանի
երիտասարդներից:

– Այսօրվա երիտասարդները շատ յուրահատուկ են: Կարծում եմ, որ
ամենակարեւորը նրանում է, որ նոր սերունդն իրեն ազատ եւ ուժեղ է զգում:
Այս սերունդը երազում է հզոր ու ազատ Հայրենիքում ապրել եւ իր կյանքը չի
պատկերացնում այն շրջանակներում, որոնց մեջ ստիպված էր ապրել նախորդ
սերունդը:

– Գուցե նրանց համար ավելի՞ դժվար կլինի: Երազանքները միշտ չէ, որ իրականանում են:

– Արցախի երիտասարդների մեջ մեծ պատասխանատվություն եմ տեսնում: Նրանք
ուզում են ցույց տալ աշխարհին իրենց Հայրենիքն այնպիսին, ինչպիսին որ այն
կա՝ առանց չափազանցնելու եւ թերագնահատելու: Ուզում են ասել, որ իրենց
Հայրենիքում նաեւ պարում, երգում են: Որ իրենց Հայրենիքն արարել գիտի, որ
մեծ ներուժ ու եռանդ ունի:

– Ձեր հովանավորությամբ այժմ «Արցախի երիտասարդ ձայները» Արթուր
Գրիգորյանի հետ համերգ-ներկայացում են պատրաստում: Փորձերից կարելի է
կռահել, որ այդ ներկայացումը մեծ հաջողություն կունենա:

– Սա համատեղ նախագիծ է: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկիրը ճիշտ
ներկայացված լինի: Ես շատ եմ տխրում, երբ մարդիկ մեր երկիրը ճանաչում են
միայն չնաշխարհիկ բնությամբ կամ աշխատասեր ու արի մարդկանցով, ովքեր
կարողացան իրենց Հայրենիքը պաշտպանել: Բայց ես շատ եմ ուզում, որ աշխարհը
տեսնի, որ մեր երկիրը կարող է մշակութային կենտրոն լինել: Արցախը միշտ էլ
եղել է Հայաստանի մշակութային կենտրոնը: Եվ թող աշխարհը տեսնի, որ այսպիսի
երեխաներ, այսպիսի բարձր մշակույթ ունենք: Ունենք, չնայած պատերազմի
արհավիրքներ ենք տեսել եւ դժվար կենցաղային պայմաններում ենք ապրում:

– Ներկայացումը ցուցադրվելու է նաեւ Ամերիկայում: Այն հենց Ամերիկայի՞ համար է արվում:

– Ոչ, այս ներկայացումն առաջինը կտեսնեն ղարաբաղցիները: Պրեմիերան
կայանալու է Ստեփանակերտում, Ղարաբաղի Անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին:
Հետո այն կտեսնեն երեւանցիները, եւ հետո միայն՝ Սփյուռքը: Մենք ուզում ենք
ցույց տալ, որ միասին ենք, ամբողջական ազգ ենք: Ղարաբաղը, Հայաստանը եւ
Սփյուռքը եռամիասնություն է: Մենք դա պիտի հասկանանք: Երաժշտության
օգնությամբ մենք դա կարող ենք անել, քանի որ երաժշտությունը թարգմանության
կարիք չունի: