Մոռանալ աճին. մինչեւ 2011 թվականը

12/05/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները Երեւանում հրապարակել են իրենց վերջին հետազոտության արդյունքները՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսության վերաբերյալ:

«Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» խորագրով ԱՄՀ զեկույցի համաձայն, աշխարհում 2010-ին տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 1.9%-ի: Ամենամեծ անկումը կգրանցվի Ռուսաստանում եւ Ճապոնիայում (համապատասխանաբար, 6% եւ 6.2%), իսկ աճի ամենաբարձր ցուցանիշը այս տարվա ընթացքում կունենա Չինաստանը` 6.5%: Տարածաշրջանում 2009-ին ակնկալվում է 0.9% տնտեսական աճ, որը 2010-ին կհասնի 5%-ի: Աճի բացասական ցուցանիշ, Հայաստանից բացի, ունի նաեւ Ղազախստանը՝ -2%, սակայն ակնկալվում է, որ 2010-ին այն կհավասարվի 1.5%-ի: Ադրբեջանում 2009-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 2.5%, իսկ հաջորդ տարի՝ 12.3%: Վրաստանում այս տարի կարձանագրվի ՀՆԱ-ի 1% աճ, իսկ մեկ տարի անց՝ 3, Ղրղըզստանը՝ 0.9%, իսկ 2010-ին՝ 2.9: Այս տարվա ընթացքում հիշյալ տարածաշրջանում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը կլինի Ուզբեկստանում՝ 7%, որը 2010-ին կմնա անփոփոխ:

Ամենատխուրը` Հայաստանում

Վերը նշված կանխատեսումների ֆոնին՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԱՄՀ փորձագետների կանխատեսումները, ցավոք, ուրախանալու առիթ չեն տալիս։ ԱՄՀ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի խոսքերով, Հայաստանում ՀՆԱ-ն կնվազի 5%-ով, հաջորդ տարի կունենանք զրոյական աճ, իսկ դրական աճ կարձանագրվի միայն 2011-ին։ Մ. Լյուիսի կարծիքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր հայելային արտացոլումն է գտել նաեւ Հայաստանում. նվազում են վճարային հաշվեկշռի ներհոսքերը, ներմուծումը, վատթարանում է հարկաբյուջետային հաշվեկշիռը, ավելանում է պետական պարտքը: Փաստորեն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների թվում Հայաստանը կունենա ՀՆԱ-ի ամենացածր ցուցանիշը: ԱՄՀ ներկայացուցիչը դա բացատրել է շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտների կտրուկ անկմամբ։ «Հայաստանում շինարարության ոլորտում մեծ բում եղավ, մենք կանխատեսում էինք, որ այդ ծավալների պահպանումը հաջորդ տարիներին դժվար կլինի»,- ասել է Մարկ Լյուիսը՝ անուղղակիորեն խոստովանելով, որ տնտեսական անկման պատճառը ոչ միայն համաշխարհային ճգնաժամն է, այլեւ նախորդ տարիներին արձանագրված երկնիշ աճի «հիվանդ» բնույթը՝ հիմնված անիմաստ շինարարության վրա: Հետաքրքիրն այն է, որ բոլոր այդ տարիներին ԱՄՀ-ն (ինչպես նաեւ միջազգային մյուս ֆինանսական կազմակերպությունները) մշտապես հիացմունք են արտահայտել մեր ցուցանիշների վերաբերյալ եւ ամեն հարմար առիթի դեպքում գովեստի խոսքեր են շռայլել իշխանությունների հասցեին։ Սակայն, ավելի հետաքրքիր է այն, որ ԱՄՀ-ն շարունակում է գովաբանությունը։ Օրինակ՝ ԱՄՀ ներկայացուցիչը փաստել է, որ լողացող փոխարժեքի ռեժիմը պսակվել է հաջողությամբ, միջազգային պահուստները կայունացել են, ինչի առթիվ էլ շնորհավորել է Հայաստանի կառավարությանը: Իշխանությունները, մասնավորապես՝ Կենտրոնական բանկը, դրվատանքի են արժանացել մեկ այլ առումով եւս. «Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը շատ շրջահայաց կերպով կիրառեցին այնպիսի քաղաքականություն, որ առեւտրային բանկերը մեծ պարտքեր չվերցնեն: Ճգնաժամի պայմաններում զարգացած երկրների բանկերը հետ վերցրեցին զարգացող երկրների բանկերին տրամադրած իրենց գումարները, սակայն Հայաստանում նման բան տեղի չունեցավ, քանի որ բանկերն ապահովված էին իրենց կապիտալով»,- ասել է ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայը: