ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի երեկվա հայտարարություններն այն մասին, որ քայլ առ քայլ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքները եւ ապահովվի փախստականների վերադարձը, իսկական խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում: Դրան նախ պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: «Ս.թ. մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը տարածքներից դուրս գալու հարց ընդհանրապես չի քննարկվել: Քննարկումները հիմնականում ընթացել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, եւ դա բնական է, քանի որ դա արցախյան հիմնախնդրի կարգավորման կենտրոնական հարցն է»,- ասել է նա: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.«Հեռու եմ այն մտքից, որ, ամերիկացի համանախագահը նման հայտարարություն արած լինի, քանի որ նման անհիմն ու չհաշվարկված հայտարարություն կաներ միայն նա, ով չի ցանկանում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իսկ եթե, Բրայզայի կողմից, իրոք, նման հայտարարություն արվել է, ապա պարզ չէ, թե ինչից ելնելով է նա նման հայտարարություն արել, քանի որ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, ինչի մասին հայկական կողմը հայտարարել է բազմիցս: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, իսկ Ադրբեջանի կողմից իր նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում` ռազմի դաշտում պաշտպանել իր անքակտելի իրավունքը եւ ստեղծել անվտանգության իր երաշխիքները: Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաջողությամբ կերտում է իր պետականությունը, ստեղծում ժողովրդավարական իր ինստիտուտները»: