Վերջին ժամանակներս Ղարաբաղյան հարցի կարգավորման տարբերակների հետ
մեկտեղ միջազգային հանրությունն արծարծում է նաեւ փախստականների` իրենց
նախկին բնակավայրերը վերադառնալու հարցը։ Հարցին անդրադարձել են նաեւ
վերջերս ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ականատես տարբեր միջազգային
դիտորդներ. ամերիկացի դիտորդները նույնիսկ փորձում էին առաջ քաշել
հետագայում ԼՂՀ-ում անցկացվող ընտրություններին ադրբեջանցի փախստականների
մասնակցության հարցը։
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հարցին Ղարաբաղի քաղաքական գործիչները, ընդունելի՞ է, արդյոք, այդ տարբերակը ժողովրդի համար։
Արայիկ Հարությունյան (ԼՂՀ ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական
կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ազատ Հայրենիք» կուսակցության
համանախագահ).- Փախստականների վերադարձի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի
քաղաքական հարցի լուծումից հետո: Իհարկե, այն պետք է իրականացվի
կամավորության սկզբունքով եւ անվտանգության ապահովման դեպքում։ Գտնում եմ,
որ խնդիրը պետք է լուծվի հայ փախստականների` Շահումյան, Գետաշեն, Բաքու,
Սումգայիթ եւ այլ բնակավայրեր վերադառնալուն զուգահեռ։
Պավել Նաջարյան (ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի,
փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ).- Անձամբ ես չեմ
ընդունում փախստականների վերադարձի տարբերակը, որովհետեւ գտնում եմ, որ
հնարավոր չէ ադրբեջանցիների հետ միասին ապրել։ Եթե ադրբեջանցիները գան
այստեղ, բնականաբար, հայերը նույնպես պետք է վերադառնան իրենց նախկին
բնակավայրերը։ Հարց է ծագում` ինչպե՞ս պետք է ապրեն հայերը, ասենք,
Բաքվում կամ ադրբեջանական որեւէ բնակավայրում։ Իմ կարծիքով, դա անհնարին
է. հնարավոր է նրանց հետ ապրել որպես հարեւան, բայց երբեք` միասին։
Ղարաբաղում աստիճանաբար լուծվում են փախստականների ինչպես` բնակարանային,
այնպես էլ՝ սոցիալական հարցերը։
Ռուդիկ Մարտիրոսյան (ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ
օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ).- Փախստականների
վերադարձի կամ հակամարտության կարգավորման մյուս հարցերը պետք է դիտարկել
Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համատեքստում: Վերջինիս լուծման կամ դրա
վերջնական տարբերակի ընտրությունից է բխում ոչ միայն փախստականների հարցի
լուծումը, այլեւ ռազմագերիների փոխանակումը:
Փախստականների վերադարձը հենց միայն փաստաթղթային ձեւակերպում չէ: Այն
պետք է գործնականում իրագործելի լինի: Եթե միջազգային հանրությունը
երկուստեք փախստականների վերադարձման անհրաժեշտությանը կողմ է, ապա, ինձ
թվում է, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մշակի այն
մեխանիզմները, որոնց միջոցով փախստականները պետք է վերադառնան իրենց
նախկին բնակավայրերը: Քանի դեռ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում տիրում է
անհանդուրժողականության մթնոլորտ եւ թշնամանքը խորացած է, իմ
պատկերացմամբ, մոտ ապագայում դա անիրականանալի է, որովհետեւ ոչ ոք չի
կարող երաշխավորել փախստականների անվտանգությունը: Կարծում եմ, ժողովուրդը
նույնպես պատրաստ չէ դրան:
Դավիթ Բաբայան (քաղաքագետ).- Ընդհանրապես փախստականների վերադարձի
հարցն ինչ-որ կերպ պետք է լուծվի` եւ ոչ միայն ադրբեջանցիների վերադարձը
Ղարաբաղ, այլեւ՝ հայ փախստականների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության
տակ գտնվող ԼՂՀ տարածքներ` Հյուսիսային Արցախ, ինչպեսեւ՝ ադրբեջանական ԽՍՀ
այլ շրջաններ (Բաքու, Սումգայիթ եւ այլն): Սա պետք է լինի Ադրբեջանի եւ
Ղարաբաղի միջեւ Խաղաղության համաձայնագրի բաղկացուցիչ մասերից մեկը:
Սակայն փախստականների վերադարձը որպես նախապայման ոչ միայն անընդունելի է,
այլեւ հղի է իրադարձությունների կտրուկ սրմամբ եւ անկանխատեսելի
հետեւանքներով: Փախստականների վերադարձը կարգավորման վերջին փուլում պետք
է լինի` փոխվստահության մթնոլորտի առկայության դեպքում, որն իր հերթին
հնարավոր է ժողովուրդների հոգեբանական հաշտեցման, այն է՝ միմյանց թշնամի
չհամարելու պայմաններում: Կարծում եմ, դրա համար պահանջվում է երկար
ժամանակ:
Մ. Գրիգորյան (Ստեփանակերտի բնակչուհի, 51 տարեկան).- 1989-ին եմ
տեղափոխվել Բաքվից։ Տղաս Արցախյան պատերազմի ժամանակ զոհել է իր կյանքը`
հանուն մեր ազատ ու անկախ հանրապետության։ Կարծում եմ, ղարաբաղցիները չեն
հանդուրժի, որ այստեղ ադրբեջանցիներ բնակվեն։ Չէ՞ որ նրանցից շատերի
որդիները, քույրերն ու եղբայրներն արյուն են թափել այս փոքրիկ երկրի
ազատագրման համար։
Ա. Մարտիրոսյան ( Ստեփանակերտի բնակչուհի, 29 տարեկան).- Անկեղծ
ասած, ինձ համար անտրամաբանական է այն, որ այսօր խոսվում է ադրբեջանցի
փախստականների Ղարաբաղ վերադառնալու մասին, այն պարզ պատճառով, որ ոչ վաղ
անցյալում մենք պատերազմում էինք նրանց դեմ, եւ դեռեւս լրիվությամբ չեն
վերացվել պատերազմի հետքերը, առավել եւս` չեն սպիացել մարդկանց հասցված
վերքերը։ Իսկ եթե հանկարծ լուծվի փախստականների վերադարձման հարցը,
կարծում եմ, մի քանի տարի հետո կարժանանանք Նախիջեւանի ճակատագրին։