«Լեգիտիմությունից իսպառ զրկված իշխանությունը՝ հետընտրական ժամանակաշրջանում արտաքին աշխարհում ինչ-որ վստահություն, գործընկերային աջակցություն գտնելու համար, պարզ է, որ պետք է վաճառքի հաներ իր ունեցածը, իսկ Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ հարուստ հանածոներ ու բնական հարստություններ. մեր ամբողջ ունեցածը մեր փոքրիկ հողակտորն է ու ցեղասպանության հարցը»,- «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտարարել է 4 տարվա ազատազրկման դատապարտված եւ «Երեւան» քրեակատարողական հիմնարկում իր «պատիժը» կրող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա, ցեղասպանության սեփականատերն էլ միայն ՀՀ-ն չէ, որ երկրի գործող ղեկավարությունը ինքնուրույն որոշեր «վաճառել» այդ հարցը: «Այդ հարցը ոչ միայն ՀՀ-ինն է, այլեւ աշխարհասփյուռ հայությանը: Ուստի, ՀՀ իշխանությունները իրենց դրսի գործընկերների առաջ շատ թե քիչ ընդունելի երեւալու համար վաճառքի են հանել ցեղասպանության հարցը եւ Ղարաբաղում տարած մեր հաղթանակը»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը` վստահություն հայտնելով, որ մեր ժողովուրդը` թե Հայաստանի եւ Ղարաբաղի, նաեւ մեր արտաքին ու ներքին սփյուռքը թույլ չի տա վաճառել ոչ ցեղասպանության խնդիրը, ոչ էլ Ղարաբաղում տարած հաղթանակը. այլապես անհասկանալի է, «թե հանուն ինչի մենք 5-6 հազար կորուստ ունեցանք»: Գ. Ջհանգիրյանը նաեւ դատապարտելի է համարում Երկրապահի նկատմամբ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը: «Շուրջ 10 տարի է, փորձել են մասնատել, ջլատել, բաժանել Երկրապահը տարբեր միությունների, արհեստական ստեղծված միավորումների վերածել, բայց կարծում եմ՝ մեր բոլոր երկրապահներն իրենց հոգու խորքում միասնական են, ամուր են: Ուզում եմ, որ երկրապահը հավատարիմ լինի իր երդումին,- հայտարարել է Գ. Ջհանգիրյանն` ավելացնելով,- Ես ուզում եմ այնպիսի Հայաստան, որ ուզում էր տեսնել Վազգեն Սարգսյանը, որ երազում են մեր բոլոր տղաները, բոլոր մեր նահատակները, որոնք կռվել, զոհվել եւ հաշմվել են հանուն ՀՀ անկախության եւ Արցախի ազատագրման»: Գ. Ջհանգիրյանը անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գլխավորելով ՀԱԿ-ի ցուցակը, ապացուցեց, որ համաժողովրդական շարժման նպատակն է՝ ոչ թե ամեն գնով իշխանության գալը, այլ երկրում սահմանադրական կարգի եւ օրինականության, ազատության վերահաստատումը»,- ասել է նա` ավելացնելով, որ հեռուստաեթերով հետեւելով քարոզարշավի ընթացքին, որոշակի հետեւություններ է արել: «Այսօրվա քարոզարշավին հետեւելով, թեկուզեւ այսպիսի վերահսկվող հեռուստաընկերություններով, ակնհայտ երեւում է, որ հասարակական աջակցություն ունի միայն ՀԱԿ-ը, այս շարժումը կբերի անպայման հաղթանակի, ժողովուրդը կտա իր վստահության քվեն, քանի որ ժողովուրդը մեկ անգամ ընտրել է Տեր-Պետրոսյանին: Հիմա ծիծաղելի կլինի, որ հանրապետության նախագահ ընտրված մարդը հանկարծ ու քաղաքապետի ընտրություններում պարտվի ինչ-որ մի թաղապետի, երբ այս ընթացքում համաժողովրդական շարժումը ավելի է հզորացել, գաղափարայնացվել, «Մարտի 1» է տեղի ունեցել, բազմաթիվ քաղբանտարկյալներ, հարյուրավոր անմեղ դատապարտվածներ, հալածյալներ ունենք, մինչեւ հիմա թաքստոցներում գտնվողներ ունենք: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, եւ մեր ժողովրդի հաջորդ քայլը լինելու է երկրի ղեկավարումը Լեւոն Տեր-Պետրոսյանին վստահելը»: