Այս տարվա հունիսի 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբի Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իսկ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է նախորդ չորեքշաբթի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերին: Մասնավորապես, Հայրապետյանին զայրացրել է այն փաստը, որ «Արարատի» ղեկավարությունը խոսել է Հայաստանում ֆուտբոլի զարգացման կամ դրա անիմաստ լինելու մասին: «Ի՞նչ են նրանք մինչ այսօր արել հայկական ֆուտբոլի համար: Մի մարզաբազա ունեն Ձորաղբյուրում, էդ էլ չեն կառուցում: Գոնե մի մարզադաշտ վերանորոգեն. այնտեղ տասը կա… Տղամարդկություն չունեն այդքան, որ իրենց խոստումները կատարեն… Ասում են. «Սա ենք սարքելու, նա ենք սարքելու», բայց ոչինչ մինչ այսօր չեն անում: Արդեն տասը տարի է…
Անհայտ ծագումով այդ քաղաքացին (խոսքը Հրաչ Կապրիելյանի մասին է.- խմբ.) եկել ա ստեղ ու ասում ա. «Հանելու ենք… Նախագահի հետ ենք խոսել, վարչապետի հետ ենք խոսել: Հես ա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հանելու ենք»: Անկեղծ եմ ասում, ինքնասպան կլինեմ, որ Կապրիելյանի նման մարդիկ կարանան ուղղակի կրնկիս կողքերով ման գան: Էսօր իրանք անցել են չափերն անձնականի: Հիմա մտածում եմ… նրան էլ կպատժեմ Սեմյոնովի (խոսքը Վարուժան Սիմոնովի մասին է, ով «Արարատում» մի շարք պաշտոններ է զբաղեցրել.- խմբ.) նման: Դեռ համբերում եմ, բայց մոտ օրերս Կապրիելյանի գլուխը կարող ա սվաղեմ ասֆալտի վրա: Որովհետեւ իրանք օրենք, բարոյականության բոլոր սահմանները անցնում են ու անձնական վիրավորանքներ են հասցնում իմ հասցեին՝ փողոցներում տարբեր մարդկանց մոտ կանգնած, գալիս էդ խոսակցությունը հաղորդում են ինձ: Ես էն մարդը չեմ, որ կարող ա իմ մասին մեկը որեւէ բան խոսա ու մարսի: Ես հասկանում եմ` ինչ ա ուզում անի: Առայժմ համբերում եմ: Կամ Սեմյոնովի նման ինքն էլ տենց. տղամարդ վեր կենա ու լացի, թե ոնց են իրան ծեծել»,- ասել է ՀՖՖ նախագահը: