Մեղրին զարգացնելու ժամանակն է

20/07/2005 Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Մեղրին, որը մինչ անկախացումը Հայաստանի պտղաբուծության, այգեգործության
նշանավոր կենտրոններից մեկն էր, եւ որի արտադրած պահածոները, չրերը եւ այլ
բարիքներ մեծ ճանաչում էին գտել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլեւ նրա
սահմաններից դուրս, այսօր կանգնած է բազմաթիվ սոցիալ-տնտեսական
հիմնախնդիրների առջեւ: Թեեւ ՀՀ կառավարությունը մի քանի տարի առաջ որոշում
ընդունեց Մեղրու տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական
հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, սակայն իրողությունն այն է, որ
երիտասարդությունը շարունակում է հեռանալ Մեղրուց՝ աշխատանք եւ բարեկեցիկ
կյանք որոնելով դրսում:

Մեղրի քաղաքի բնակչության թիվը, ըստ 2001թ. մարդահամարի տվյալների՝
կազմում էր 5100 մարդ, սակայն ըստ այլ աղբյուրների, Մեղրիում այսօր շուրջ
4000 մարդ է ապրում: Ըստ վիճակագրական տվյալների՝ Մեղրիի բնակչության
50-60%-ն աղքատ է, սակայն ըստ բնակիչների՝ այդ թիվը հասնում է 80%-ի:
Ծայրահեղ աղքատներ կան փախստականների ընտանիքում, միայնակ թոշակառուների,
բազմազավակ ընտանիքների շրջանում, որտեղ ծնողները կամ գործազուրկ են, կամ
անաշխատունակ: Բնակչության մեծամասնությունը դժվարանում է ժամանակին
օգտվել առաջնային առողջապահական համակարգի ծառայություններից, քանի որ այդ
ամենը փող արժե: Բնակչության ճնշող մեծամասնությունը բավարարված չէ իր
եկամտի չափերից, քանի որ նրանք հարկադրված են առաջին հերթին գնել սնունդ:
Սեփական գործ եւ առեւտուր ձեռնարկել են բնակչության հազիվ 10%-ը:

Վերջին տասնամյակի ընթացքում Մեղրուց արտագաղթել է բնակչության 30%-ը,
հիմնականում՝ երիտասարդները: Արտագաղթի եւ ցածր ծնելիության հետեւանքով
(Մեղրին Հայաստանի այն բնակավայրերից է, որտեղ բնական աճի ցուցանիշը
բացասական է) բավական մեծ թիվ են կազմում տարեցները` շուրջ 1000 հոգի:
Ժողովրդագրական այս պատկերի հիմնական պատճառը երիտասարդության արտագաղթն
է, որն իր հերթին կապված է աշխատատեղերի սակավության եւ ընդհանրապես`
աշխատանքային-մասնագիտական առաջընթացի հեռանկարի բացակայության եւ
անորոշության հետ: Մեղրեցի ուսանողների կարծիքով, այսօր երիտասարդությունը
ձգտում է դեպի դուրս: Այսօր նրանցից քչերն են մտածում ուսումն ավարտելուց
հետո վերադառնալ եւ իրենց մասնագիտությամբ աշխատել Մեղրիում։

Սակայն, անգամ այսօրվա դժվարին պայմաններում՝ մեղրեցիների մեծ մասը
նախընտրում է մնալ Մեղրիում: Ներկայումս մեղրեցիների 75%-ը մտադրություն
չունի հեռանալ հայրենի բնակավայրից: Արտագաղթելու մտադրություն ունի
բնակչության մոտ 20%-ը, ընդ որում՝ գերակշռող մասը նախընտրում է
ժամանակավոր արտագաղթը: Արտագաղթելու մտադրություն ունեցող մեղրեցիների
ավելի քան 4/5-ը որպես մեկնման վայր նախընտրում է Երեւանը: Հաջորդ տեղը
զբաղեցնում է Ռուսաստանը եւ, հատկանշական է, որ վերջին տասնամյակի
ընթացքում արտագաղթած մեղրեցիների մեծ մասը` ավելի քան 2/3-ը, հիմնականում
արտագաղթել է Ռուսաստան, մոտ 10%-ը՝ Ուկրաինա եւ ԱՄՆ: Սակայն մտահոգիչ է
այն փաստը, որ Մեղրիում մնացած հարազատների կարծիքով, մեկնածների կեսը
մտադրություն չունի վերադառնալու: Մեղրեցիների արտագաղթի վրա, մանավանդ
վերջին 3-4 տարիներին, ազդեցություն է թողել նաեւ քաղաքական-հոգեբանական
բնույթի գործոնը, կապված տարածքների փոխանակման հետ: Մեղրեցի
ուսանողուհիներից մեկի կարծիքով՝ Մեղրուց արտագաղթելու երեւույթի վրա մեծ
ազդեցություն են թողնում նաեւ Մեղրու հետ կապված տարածքների փոխանակման
խոսակցությունները, որ հոգեբանական նստվածք են թողել մեղրեցիների, այդ
թվում նաեւ՝ երիտասարդության շրջանում:

Ինչ խոսք, Մեղրու ներկայիս իրավիճակը հեռու է բավարար լինելուց, սակայն
չպետք է մոռանալ, որ այն ՀՀ հարավային դարպասն է, եւ պահն է, որպեսզի մեր
կառավարությունը սկսի իրագործել Մեղրու սոցիալ-տնտեսական բազմաթիվ
հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, թե չէ, ծրագիր գրելը մի բան է,
իսկ կիրառելը` այլ բան: