Օգնության կոչ

10/05/2009

Երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կինը եւ քույրը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 9-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի բժիշկների եզրակացությամբ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը պետք է տեղափոխվեր կալանավայր: Ապրիլի 14-ից Շանթ Հարությունյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում», սակայն շուրջ մեկ ամիս է, ինչ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը չկա: Մենք չգիտենք ո՞ւմ դիմել: Մինչ օրս ոչ մի որոշման մասին մեզ տեղյակ չեն պահել, նույնիսկ հոգեբուժարան տեղափոխելիս չեն տեղեկացրել: Շանթ Հարությունյանին վերաբերող ցանկացած որոշման մասին իրազեկվել ենք մամուլի էջերից: Մեր հանդեպ ցուցաբերվող այսպիսի վերաբերմունքը հիմք է հանդիսանում համոզվելու Շանթ Հարությունյանի հոգեբուժարանից արված հայտարարության ճշմարտացիությանը` «դատավոր Մնացական Մարտիրոսյանը առանց դատաքննություն իրականացնելու` իմ նկատմամբ դատավճիռ կարդաց: Իմ հանդեպ կայացրած դատավճիռը բացառիկ է նրանով, որ այն համարվում է գաղտնի դատավճիռ: Հայտնում եմ ձեզ, որ դատավորը վճռել է իմ ազատազրկման ժամկետը, որը հատուկ որոշումով գաղտնի է պահվում հասարակությունից…»: Հետեւաբար, կոչով դիմում ենք քաղաքացիական բարձր կեցվածք դրսեւորած այն բոլոր անհատներին, ովքեր այս ընթացքում հրապարակայնորեն սատարեցին Շանթ Հարությունյանին` օգնել մեզ իմանալու, թե ի՞նչ վճիռ է կայացվել մեր հարազատի` Շանթ Հարությունյանի նկատմամբ, գոնե իմանանք պատժաժամկետը»: