Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեր հանդիպումը շատ կառուցողական էր եւ հետաքրքիր»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Խ.Սոլանան: Քննարկված հարցերի մեջ մեծ տեղ է գրավել ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը: «Քննարկեցինք նաեւ այն խնդիրները, որոնք առկա են ձեր տարածաշրջանում եւ որոնց լուծումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար»,- նշել է նա: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Խ. Սոլանան ասել է, որ երկխոսության գործընթացը շարունակվում է, եւ եվրոպական կառույցները մեծ հույս ունեն, որ դրանք կընթանան այն ուղղությամբ, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՀ նախագահի ունեցած երկկողմ հանդիպումները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գնահատեց կառուցողական եւ բովանդակալից: Ըստ նրա` դրանք արդյունավետ էին թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ տարբեր տարածաշրջանային ու միջազգային հարցեր քննարկելու առումով: