Մեծ Բրիտանիայում «վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլու
հետ մեծ հույսեր են կապում՝ պառակտված ազգի կայունության վերականգնման
առումով եւ աջակցում են հանրապետության ամբողջականությունը պահպանելու նրա
ջանքերին։ Սակայն որոշ վերլուծաբաններ զգուշանում են, որ նախագահի մոտ
կարող են ի հայտ գալ բռնապետական գծեր, ինչը միայն կթեժացնի ռուսամետ
տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Օսիայի հետ ընթացող հակամարտությունները։
Վատ նշան էր Մոսկվայում Սահակաշվիլու արած զգուշացումը, ինչն արվեց
Հարավային Օսիայում անջատողականների հետ տեղի ունեցած բախումից հետո։ Դրա
արդյունքում վրացական գյուղում տուժել էր վրացի չորս զինվոր։
«Եթե Վրաստանում հակամարտություն բռնկվի, դա կլինի ոչ թե ներքին
հակամարտություն, այլ՝ հակամարտություն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-
հայտարարել էր նախագահը։
Հարավային Օսիայի բնակչության 80%-ը ռուսական անձնագիր ունի, իսկ Վրաստանի
նոր նախագահի հսկողությունը վերահաստատելու մտադրությունը բարդացնում է
Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունները։
Դրանից հետո Սահակաշվիլին մի քիչ մեղմացրել էր իր ելույթի տոնն ու իր
գրասենյակի մոտ հավաքված 300 օսերին ասել. «Մենք կանենք ամեն հնարավորը
հակամարտությունից խուսափելու համար։ Գնացեք եւ ասեք ձեր հարազատներին»։
Մեծ Բրիտանիան կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը,
իսկ Սահակաշվիլին երկրի վերամիավորման պայքարում արդեն վաստակել է մեկ
միավոր՝ ապահովելով Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի հրաժարականը, ով այդ
երկրամասը ղեկավարում էր սեփական կալվածքի պես։
Բայց Աբխազիան եւ Հարավային Օսիան այդքան հեշտ չեն տրվելու, եւ այդ
ժամանակ Սահակաշվիլին ստիպված կլինի կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու իր խոստումը։
Անցած շաբաթ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բիլ Ռամելն այցելել էր Վրաստան՝
քննարկելու հակամարտությունների կարգավորման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ
պառլամենտական բարեփոխումների անցկացման գործում անգլիացիների օգնության
հարցը։ Մասնավորապես Բրիտանիան վրացական նոր կառավարությանն աջակցում է
Գուդաուտայի ռուսական ռազմաբազան ապստամբ Աբխազիայից դուրս բերելու
հարցում։
Եռօրյա այցի ընթացքում Վրաստանի նախագահին կընդունի Անգլիայի թագուհին,
կլինեն բանակցություններ վարչապետ Թոնի Բլերի եւ արտգործնախարար Ջեկ
Ստրոյի հետ։
– Մենք ողջունում ենք Սահակաշվիլու ջանքերը,- ասել է Բիլ Ռամելը,- բայց
կարեւորն այն է, որ դրանց չենք մոտենում միամտաբար։ Տեղական
ընտրությունները կլինի առաջընթացի տեմպերի վճռորոշ փորձարկումը։ «Ես
գտնում եմ, որ մասնակցելով եւ աջակցելով՝ մենք ճիշտ ենք վարվում, բայց դա
մենք չենք անում կուրորեն»,- ասել է Ռամելը։
Վրաստանի կայունությունը կենսականորեն կարեւոր է արեւմտյան տերությունների
համար, ովքեր տնտեսական շահեր ունեն Կովկասում Ռուսաստանի հետ սկսված նոր
«մեծ խաղում»։ Դա առաջին հերթին մի քանի միլիարդ դոլար արժողությամբ
նավթամուղի շինարարությունն է, ինչը հնարավորություն կտա կասպյան
նավթահորերի արդյունքը Թբիլիսիով հասցնել Թուրքիա։
«Մենք չենք պատրաստվում Վրաստանում դառնալ Ամերիկայի այլընտրանքը, բայց
այդ երկրի կայունությունը բխում է Մեծ Բրիտանիայի ազգային շահերից»,- ասել
է Ռամելը։
Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ