Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին հրավիրված ՀՀ Քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ հայտարարեց, թե փաստահավաք խմբի կողմից Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների շատ դրույթներ, մեղմ ասած` «անհեթեթություններ» են, որոնց հետ քննչական մարմինը համաձայն չէ:
Ըստ Վ. Հարությունյանի` փաստահավաք խումբը նպատակ է ունեցել խեղաթյուրել նախաքննությամբ ձեռք բերված փաստերը: Նրա ասելով, «միայն հիմար մարդը կարող է հայտարարել, որ ինքն անթերի է կամ գործել է անթերի, բայց դա չի նշանակում, որ որեւէ, թեկուզ տեխնիկական վրիպակ կամ բացթողում կամ մեկի պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կարելի է որակել որպես դիտավորություն, կեղծիք կամ այլ իրավախախտում»: Ըստ նրա` «այդպիսիք թերեւս եղել են, բայց ոչ այն ծավալով ու քանակությամբ, որ կարող են ազդել ինչպես գործի քննության օբյեկտիվության, լրիվության վրա, այնպես էլ տվյալ գործի քննության նպատակի, այսինքն` հանցագործության բացահայտման վրա, եւ առավել եւս` մահվան հանգամանքների ու դրա հետ կապված մյուս հանգամանքների բացահայտման վրա»: Վ. Հարությունյանի ասելով, որեւէ ապացույց ձեռք չի բերվել քրեական դատավարությամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ, ինչպես նշված է փաստահավաք խմբի փաստաթղթում: Նա նաեւ փաստահավաք խմբին իրազեկեց, որ «այդ ապացույցների գնահատումը դատարանի խնդիրն է», ոչ թե փաստահավաք խմբի: «Այդտեղ ինչ-որ դիտավորություններ գտնելը անհեթեթություն է»,- հայտարարեց նա: Նաեւ հավելեց. «Չեմ ուզում գնահատականներ տալ այդ փաստաթղթին, սակայն որոշակի միտում, ուղղվածություն այս փաստաթուղթն ունի, որը շատ անցանկալի է եւ անթույլատրելի: Անթույլատրելի է, որ այս փաստաթղթի վերաբերյալ փաստահավաք խումբը չի հարցրել նախաքննական մարմնի կարծիքը: Կարծում եմ` կարելի էր նման եզրահանգման վերաբերյալ ստանալ նաեւ պարզաբանումներ նախաքննական մարմնից, քննչական խմբի ղեկավարից կամ Դատախազությունից, նոր միայն վերջնական համոզմունք, անհերքելի փաստեր ունենալու պարագայում՝ շրջանառության մեջ դնել նման փաստաթուղթ»: Ըստ Վ. Հարությունյանի` առավել «անընդունելի» է այդ փաստաթղթի հրապարակումը ԶԼՄ-ներում, սակայն ոչ այն պատճառով, որ նախաքննական մարմինը կաշկանդված է որեւէ փաստի բացահայտումից, այլ` «անհանգստացած է հասարակական թյուր կարծիքի ձեւավորմամբ եւ դրա բոլոր հետեւանքներով»: Ի պատասխան շրջանառվող տեսակետների, թե` նախաքննական մարմինը` չընդունելով փաստահավաք խմբի ուսումնասիրության արդյունքները, ինչ-ինչ այս առարկություններով փորձում է ինչ-որ բան թաքցնել կամ կոծկել, Վ. Հարությունյանն ասաց. «Նախաքննական մարմինը չի տալիս գնահատական ո՛չ փաստահավաք խմբի, ո՛չ էլ հանձնաժողովի գործունեությանը: Ուղղակի մեր առարկությունները վերաբերում են միմիայն այն դրույթներին, որոնք կապված են նախաքննության ընթացքում, այսպես կոչված` թույլ տրված իրավախախտումներին կամ չարաշահումներին»:
Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան, թե` հնարավոր չէ՞, որ քննչական խումբն էլ «թերացած» լինի Հ. Թադեւոսյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելիս, որոնք, սակայն, կարող են հիմնովին փոխել նախաքննական մարմնի ներկայացրած եզրակացությունը, եւ արդյո՞ք անհրաժեշտություն չկա եւս մեկ անգամ անդրադառնալ այդ գործի ուսումնասիրությանը, ասաց. «Ես առհասարակ բացթողումների մասին էի ասում, բայց միանշանակ պնդում եմ, որ այդ բացթողումները չեն կարող էական ազդեցություն ունենալ ռադիկալ հանգամանքների բացահայտման վրա, եւ չկա որեւէ խախտում, որը դուրս է անփութության կամ ոչ պատշաճ կատարելու շրջանակից, որ իրավական արդեն շատ ավելի լուրջ հետեւանքներ են բերում»: Հարցին էլ, թե` ի՞նչ միտում եք տեսնում փաստահավաք խմբի գործունեության մեջ, եւ արդյո՞ք նկատի ունեք այն, որ փաստահավաք խումբն ինչ-որ քաղաքական դիրքորոշումներ է արտահայտել, Վ. Հարությունյանը պատասխանեց. «Խումբը ձեւավորվելիս քաղաքական ենթատեքստով ձեւավորված խումբ է, ուղղակի ես` նախաքննական մարմինն, իրավասու չէ քաղաքական գնահատականներ տալու, սակայն եզրակացության մեջ ակնհայտ գրված է, որ փաստահավաք խումբը հանգում է եզրակացության, որ Հ. Թադեւոսյանի մահը վրա է հասել իր մոտ գտնվող նռնակի պայթյունի արդյունքում»: Դիտարկմանը, թե` փաստահավաք խումբն իրավունք ունի իր եզրակացությունը տալու, Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ իրավունք չունի, ես ասում եմ, որ այդ եզրահանգումն առաջին հերթին չի բխում քրեական գործի նյութերից եւ այն բոլոր նյութերից, որոնք գտնվել են փաստահավաք խմբի տրամադրության տակ: Երկրորդ` ես ասում եմ դա` ելնելով նաեւ նրանից, թե ինչ ուղղվածությամբ եւ ինչ հարցադրումներով, նպատակադրվածությամբ է կատարվել պաշտոնատար անձանցից ստացվող այդ պարզաբանում կամ բացատրություն կոչվածը»: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւս անդրադարձավ փաստահավաք խմբի վերաբերյալ Վ. Հարությունյանի հայտարարություններին` ասելով. «Եթե այդ փաստաթուղթը հավաքական խմբի եզրակացությունն է, որի ղեկավարը ՀՀ նախագահի ներկայացուցիչն է, այն ինչպե՞ս կարող է քաղաքական այլ միտումներ ունենալ»:
ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հարցը վերաբերում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հայտարարությանը, թե` մարտի 1-ին իրենք տեղեկություն ունեին այն մասին, որ մի քանի երկրապահներ` ներխուժելով «Մետրոպոլ» հյուրանոց, սպառնացել էին հյուրանոցը չազատելու դեպքում պայթեցնել այն, քանի որ այնտեղ իբրեւ գործելու էր «ընդդիմության շտաբը»: Թե ինչու այդ «երկրապահները» չէին «իրականացրել իրենց սպառնալիքը»` որեւէ մեկին հայտնի չէ, սակայն երեկ Գ. Արսենյանը հետաքրքրվեց` արդյոք քննչական խումբը նման տեղեկություն ունի՞, թե՞ ոչ: Վ. Հարությունյանը հերքեց նախկին ոստիկանապետի ասածները: «Դրա հետ կապված եղել է օպերատիվ տեղեկատվություն, զուտ բանավոր բնույթի, որ եղել է, շրջանառվել է զանգվածային անկարգությունների մասնակիցների շրջանում լուր, աղմուկ, որ երեկոյան կողմ նախապատրաստվել է ինչ-որ հարձակում կամ գրոհ հյուրանոցի ուղղությամբ, բայց ռեալ, առարկայական որեւէ ապացույց կամ ցուցմունք այդ կապակցությամբ չունենք»: Գ. Արսենյանը փորձեց ճշտել` խոսքը հյուրանոցը գրավելու մասի՞ն է, թե՞ այդ ուղղությամբ գրոհելու: Նաեւ հիշեցրեց, որ նախկին ոստիկանապետը, ով մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ լուրջ դերակատարում ունեցող պաշտոնատար անձանցից մեկն է եղել, հանձնաժողովում հայտարարել է, որ մի խումբ երկրապահներ մտել են հյուրանոց եւ սպառնացել են գրավել հյուրանոցը: Սակայն Վ. Հարությունյանը դարձյալ հերքեց` ասելով, որ իրենց մոտ նման ցուցմունք գոյություն չունի: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հարցին էլ, թե` եթե նախկին ոստիկանապետը նման հայտարարություն է անում, դուք նպատակահարմար չե՞ք գտնում նոր քրեական գործ հարուցել, թե՞ գտնում եք, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ «էլ չարժե գործ հարուցել»: Վ. Հարությունյանը պատասխանեց, որ «միանշանակ չարժե գործ հարուցել, այդ հարցը շատ հանգիստ կարող է քննության առարկա դառնալ այս գործի շրջանակներում»:
Ինչ վերաբերում է Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին, ապա Վ. Հարությունյանը երեկ եւս մեկ անգամ հայտարարեց, որ հայտնի չէ, թե ինչ պայթուցիկ նյութի գործարկումից է մահացել սպան, քանի որ մասնատված բեկորներից հնարավոր չէր պարզել: Իսկ հարցին, թե` հնարավոր չէ՞ր մարմնի մեջ եղած բեկորները հանել եւ դրանցով պարզել, թե ինչ նյութից է մահացել Հ. Թադեւոսյանը, նիստին ներկա ՀՀ Առողջապահության նախարարության Դատաբժշկության գիտագործնական կենտրոնի բժշկաքրեագիտական բաժանմունքի վարիչ Վիգեն Ադամյանը զավեշտալի պատասխան տվեց: Ըստ նրա` իրենք չեն կարողացել պարզել նռնակի տեսակը, քանի որ իրենց թույլ չեն տվել դիակի վերքերը շատ «փորել, որպեսզի զոհվածի կոսմետիկ տեսքը չփչանա: Հարազատներին ի՞նչ պիտի ասեինք»: Սակայն ամբողջ աբսուրդն այն է, որ Հ. Թադեւոսյանը դեմքի եւ որովայնի հատվածում որեւէ վնասվածք չի ունեցել: Ըստ քննչական խմբի` «անհայտ ծագումով նռնակը» պայթել է Թադեւոսյանի ոտքերի մոտ, ուստի բեկորներն էլ եղել են հենց ոտքերի հատվածում: Իսկ թե ոտքերի միջից բեկորները հանելու դեպքում «դիակի կոսմետիկ տեսքն» ինչպես կարող էր «փչանալ»` հայտնի չէ: Հարցին էլ, թե ինչո՞ւ ռենտգեն նկարահանում չեք կատարել` պարզելու, թե որ հատվածում են նռնակի բեկորները, պարզվեց, ըստ Վ. Հարությունյանի` այն դիահերձարանում, որտեղ դիակի զննություն են կատարել, ռենտգեն սարքավորում չի եղել: Իսկ մեկ այլ հիվանդանոց տեղափոխելն էլ, ըստ նրա` այլ «բարդության» հետ էր կապված. «Այդ օրը դիակ տեղաշարժեինք` բժշկին էլ կսպանեին, քննիչին էլ, քանի որ լարված իրավիճակ էր»,- հայտարարեց Վ. Հարությունյանը: Սակայն Հարությունյանի այս պատճառաբանությունը, մեղմ ասած, համոզիչ չէ նրանով, որ այդ ժամին Երեւանում արդեն արտակարգ դրություն էր հայտարարված, եւ դիակների զննությունը, տեղազննությունն ու մյուս գործողությունները կատարվել են արտակարգ դրության պայմաններում:
Ի դեպ, Վ. Հարությունյանը երեկ նաեւ հայտարարեց, թե առաջիկայում կատարելու են նաեւ Հ. Թադեւոսյանի զրահաբաճկոնի փորձաքննություն: Իսկ թե մեկ տարի անց ինչ ապացույցներ են փնտրելու այդ զրահաբաճկոնի վրա, որը քննչական խումբը հայտնաբերել է այս տարվա փետրվար ամսին` դարձյալ հայտնի չէ: Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք արել այդ փորձաքննությունը` հարցին, Վ. Հարությունյանը ծիծաղելով պատասխանեց. «Չի արվել, լավ չի արվել, որ չի արվել: Զրահաբաճկոնը փաստացի մնացել էր Կենտրոնի քննչական բաժնի իրեղեն ապացույցների սենյակում, որն արդեն այդ հանգամանքն ի հայտ գալուց հետո նշանակվել էր նաեւ ծառայողական քննություն` պարզելու համար, թե ինչու դա ժամանակին չի ուղարկվել: Չնայած դրան, ուղարկելուց հետո զրահաբաճկոնը ենթարկվել է փորձաքննության»:
Ինչեւէ, ՀՀ Ոստիկանության Փորձագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ Հ. Թադեւոսյանի մահվան պատճառը եղել է 1-1.5 մետր հեռավորության վրա պայթած նռնակը, իսկ եթե, ըստ նրա` այն պայթեր Հ. Թադեւոսյանի ձեռքում, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են նշում, ապա «նրա առնվազն ձեռքը կկտրվեր»: