«Պրահայում անցկացվող Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարդ ընթացք են ունեցել»,- «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները: «Կողմերի միջեւ շատ տարաձայնություններ կան: Յուրաքանչյուրը իր քաղաքական ուղեգիծն է տանում եւ միեւնույն սյուժեների դեպքում տարբեր կերպ է արձագանքում»,- ասել է նա` ավելացնելով,- Սակայն պետք չէ ընկրկել, առջեւում դեռ երկար աշխատանք է սպասվում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ»: Գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ արտաքին քաղաքականության գծով Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների պրահյան հանդիպումը վկայում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, բայց ոչ այսօր»,- ասել է նա: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ս. Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումներից հետո հայտարարել է, որ 2009թ. հնարավորությունների տարի է Կովկասում խնդիրների լուծման համար: «Այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,- ասել է Գյուլը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Պրահայում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը, որը երկու կողմերն էլ գնահատել են «դրական»: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, «հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Երեկ պրահյան հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպման եւս մեկ հնարավորություն կունենան Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում»,- հայտարարել է Լավրովը` ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ելույթ ունենալով Վաշինգտոնի Կարնեգի կենտրոնում: «Մենք բավական լավատես ենք հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում»,- ասել է Լավրովը: