Կընդունեն ԱՄՀ

10/05/2009

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարող է պաշտոնապես հայտարարել այս կազմակերպությանն անդամակցելու համար Կոսովոյի երկրամասի (Սերբիա) ալբանական իշխանությունների խնդրանքի բավարարման մասին: Այդ մասին երեկ հաղորդել են սերբական ու ալբանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների: Կոսովոյի ալբանացիները միակողմանի կարգով ԱՄՆ-ի եւ Եվրամիության մի շարք երկրների աջակցությամբ Սերբիայի կազմից դուրս գալու մասին հայտարարեցին 2008-ի փետրվարի 17-ին: Այդ ժամանակվանից ի վեր Պրիշտինան անդամակցման խնդրանքներ է հղել տասնյակ միջազգային կազմակերպություններ՝ գործնականում ամեն տեղ մերժում ստանալով: Դրանց ճնշող մեծամասնությունը վկայակոչել է այն հանգամանքը, որ Կոսովոն չի ընդունվել ՄԱԿ-ի կազմ: Արժույթի միջազգային հիմնադրամը կդառնա առաջին խոշոր միջազգային կազմակերպությունը, որն իր կազմի մեջ է ընդունել Կոսովոն: ԱՄՀ-ին ինքնահռչակ հանրապետության անդամակցությունը մի շարք ընթացակարգային հարցերի լուծումից հետո կարող է ձեւակերպվել արդեն հունիսին: ԱՄՀ գործադիր խորհուրդը Պրիշտինայի խնդրանքը քննարկել է անցյալ երեքշաբթի օրը: Նիստի բովանդակությունը գաղտնի է պահվել, բայց արտահոսքերը զանգվածային լրատվամիջոցներում թույլ են տալիս ենթադրել, որ շուրջ 100 պետություններ, որոնք ունեն ձայների ճնշող բաժինը, արտահայտվել են Կոսովոյին ընդունելու օգտին: ԱՄՀ-ն ընդամենն ունի 185 անդամ:

Կոսովոյի Կենտրոնական բանկի ղեկավար Հաշիմ Ռեջեփի գնահատմամբ, ԱՄՀ-ին անդամակցումը դրական ազդեցություն կգործի Կոսովոյի ֆինանսական շուկայի վրա, կմեծացնի ներդրողների վստահությունը, կնպաստի մակրոտնտեսական կայունությանը եւ ամբողջությամբ վերցված կբարելավի հանրապետության վարկը: Ըստ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հայտարարության, որը տարածվել է անցյալ չորեքշաբթի օրը, շատ փոքր էր այն բանի հավանականությունը, որ Բելգրադին կհաջողվի կանխել Կոսովոյի անդամակցումն ԱՄՀ-ին: Դրա հետ մեկտեղ, Սերբիայի ղեկավարի խոսքով, դա չի նշանակում, որ Կոսովոն կկարողանա դառնալ միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն: «Դա լավ նորություն չէ, բայց նաեւ ողբերգություն չէ, որովհետեւ երկիրը միայն այն ժամանակ կդառնա իսկապես անկախ եւ բառիս լիակատար իմաստով միջազգայնորեն ճանաչված, երբ անդամագրվի ՄԱԿ-ին»,- հայտարարել է Տադիչը: