Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանը երեկ լրագրողների հանդեպ բռնարարքների կապակցությամբ հայտարարեց, թե դեմ չի լինի, եթե լրագրողները զենք կրելու թույլտվություն ունենան: Այսինքն` հանցագործները, ովքեր լրագրողին ծեծելու ցանկություն ունեն կամ նման պատվեր են ստացել, գիտենալով, որ լրագրողը զինված է, նման հանդուգն քայլ չեն անի: Սա, իհարկե, այնքան էլ լուրջ չէ, քանի որ նախ` զենքի թույլտվություն ունեցող լրագրողների դեմ հանցագործները կգան արդեն ոչ թե մահակներով զինված, այլ զենքով, եւ երկրորդ` քաղաքի ոստիկանապետի տեղակալ Մհերյանը, եթե չենք սխալվում, ուներ զենք կրելու թույլտվություն, սակայն այդ փաստը մարդասպաններին ամենեւին չկաշկանդեց` կատարելու իրենց սեւ գործը:
Իսկ լրագրողների հանդեպ բռնությունները մեր երկրում անհասկանալի պրոգրես են գրանցում: «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի հանդեպ անպատիժ բռնությունը, «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կրած անլուր տառապանքները` իրենց ռեկորդային պարբերականությամբ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողներ Լուսինե Բարսեղյանի, Հայկ Գեւորգյանի հանդեպ բռնության դեպքերը, օրեր առաջ «Armenia today» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դաժան ծեծը, ոտնձգությունները բազում այլ լրագրողների հանդեպ` իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, ինչպես գիտեն բոլորը, մնացել են անպատիժ:
Հասկանալի է, որ անպատիժ կմնան նաեւ «Շանթ» հ/կ-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա հարձակված թիկնեղ տղաները: Թեեւ վերջին դեպքը, լինենք անկեղծ, փոքր-ինչ խախտեց լրագրողների հանդեպ բռնությունների տրամաբանությունը, քանի որ «Շանթի» մեկնաբանն ընկալվում է ավելի շուտ որպես իշխանություններին հաճելի լրագրող, քան հակառակը: Սակայն առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, եւ լարված նյարդերի, շրջանառվող մեծ գումարների, միջկուսակցական լարվածության ֆոնին ինչ-որ մեկի նյարդերը կարող են եւ չդիմանալ ու շփոթել թացը չորից: Պարզապես լրագրողների դեմ բռնությունները բոլոր դեպքերում ունեն մեկ օրինաչափություն` բռնությունների են ենթարկվում քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողները կամ նրանք, ովքեր քաջություն են ունեցել հետաքննել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի գործարքների օրինականությունը: Հետեւաբար՝ պատվիրատուներին պետք է փնտրել համապատասխան շրջանակներում:
Առհասարակ, երբ հավաքվում են մի խումբ լրագրողներ` քննարկելու մեր երկրում լրագրողների կամ լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի, անաչառության աստիճանը, զրույցի ռեզյումեն, որպես կանոն, սա է` մեր երկրում չորրորդ իշխանությունը լիարժեքորեն համապատասխանում է նախորդ երեք` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին:
Այսինքն՝ լրագրողներից ակնկալել լինել ավելի լավը, քան երկրի ղեկավարներն են, օլիգարխները, դատավորները կամ երեսփոխանները, այնքան էլ արդար չէ. լրագրողներին ընդհանուր կոնտեքստից հանել պետք չէ:
Գուցե սուբյեկտիվ ենք, սակայն լրագրողների դերը Հայաստանում բավական ուռճացված է: Հատկապես, նոմենկլատուրային լրագրողների դերը: Նրանց միավորող հատկանիշները նույնն են` աչքի են ընկնում հարմարվողականությամբ, պատրաստ են քծնել՝ ում պետք է, եւ առյուծի քաջություն դրսեւորել շարքային քաղաքական գործիչների կամ ընդդիմության ներկայացուցիչների հետ զրուցելիս: Անպատիվ արարք անելիս` անհարմար չեն զգում, ինչպես պատահեց տակավին վերջերս, երբ հպարտ կեցվածքով տղամարդ լրագրողներից մեկն իր գործընկերուհու հումորը, առանց ժամանակ կորցնելու՝ հասցրեց «հասցեատիրոջը», այսինքն` պարզ ասած, ուղղակի ստորություն արեց: Սակայն դա ամենեւին չի խանգարում, որ նրա ձեռքը քաղաքական «ընտրանու» ներկայացուցիչները սեղմեն ընդգծված եւ ժպիտ առաջացնող հարգանքով, հպարտանան նրա հետ ունեցած մտերմությամբ: Կա «պալատական» համարվող լրագրողների տեսակ, ովքեր դեսից-դենից ինֆորմացիաներ փախցնելով ու շրջանառության մեջ դնելով, իրենց կարծիքով, թելադրում են Հայաստանի քաղաքական կուրսը: Նրանք վստահ են, որ խոշոր, բայց խնամքով ծպտված մտածողներ են, ովքեր առանց իրենց խնայելու` պատրաստ են կաբինետից կաբինետ գնալ, սրա-նրա ասածը փոխանցել` ում պետք է: Այդպիսով` նրանք եւս դառնում են քաղաքական ընտրանու բաղադրիչ, ում խոսքը կշիռ ունի ակումբային դատարկ զրույցներում` ի տարբերություն բարեխիղճ եւ, բարեբախտաբար, մեծ թիվ կազմող լրագրողների, ովքեր չեն զլանում երթուղային տաքսիներով հասնել կարիքավոր, խեղճ մարդու կացարան, որը, հասկանալի է, գտնվում է աշխարհի ծայրին, զրուցել նրա հետ, նրա խնդիրները ներկայացնել թերթում եւ նրան օգնելու հնարավորություն ընձեռել քիչ թե շատ բարեկեցիկ ապրող մարդկանց: Թեեւ չի բացառվում, որ խնդիր ունեն ոչ թե «նոմենկլատուրային» լրագրողները, այլ նրանց ներկայությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ուռճացնողները: Գուցե այնքան էլ մեղավոր չե՞ն այդ լրագրողները, որ այնքան պատրաստակամ են հաճելի պահեր պարգեւել օլիգարխներին կամ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց ներկայությամբ տկարամիտ ձեւանալով:
Խնդիրն այն է, որ այսօր շարքային լրագրողը, եթե անգամ միջին ինտելեկտի կրող է, անհամեմատ ինֆորմացված է քաղաքականության մեջ ներգրավված գործիչներից, իր գրագիտությամբ եւ իրականության սթափ ընկալմամբ գերազանցում է քաղաքական շատ կուսակցությունների առաջնորդներին, ովքեր մի քանի տրաֆարետային մտքեր բերանացի անելով՝ պատրաստ են դրանք կրկնել` առանց հոգնելու եւ անվերջ:
Եվ երբ որեւէ լրագրող, ով հարգում է իր աշխատանքը եւ ամենեւին պատրաստ չէ գնալ իր մասնագիտական սկզբունքներին հակառակ, փորձ է անում ճշմարտությունն ասել այնպես, ինչպես իրենց հրապարակումներում կամ լուսանկարներում ասել են վերոնշյալ լրագրողները, նրանց սպասում են դարանակալ եւ դիմակավոր տղաները:
Հ.Գ. Վերնագիրը Հուլիոս Կեսարի հետեւյալ մտքի «սրբագրումն» է. «Ավելի լավ է լինել առաջինը` ստրուկների մեջ, քան երկրորդը` Հռոմում»: