Վերջերս գերմանացիները մերժեցին ցուցադրել հայոց ցեղասպանության մասին նկարահանված պատմավավերագրական ֆիլմը` պատճառաբանելով, որ ֆիլմը բավականին երկար է: Այնինչ, թերեւս խնդիրն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» մոտ երկու ժամ տեւողությամբ ֆիլմում խոսվում է ոչ միայն հայոց ցեղասպանության մասին, այլեւ զուգահեռաբար ներկայացվում է հրեաների ցեղասպանությունը: Ի դեպ, ամբողջ ֆիլմը կառուցված է բացառապես փաստաթղթերի հրապարակմամբ, որոնց գերակշիռ մասը վերցված է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության 1915-1916թթ. փաստաթղթային պահոցներից: Այս ամենը ներկայացնում է գերմանական «Շպիգել» հրատարակության համախմբագիրներից մեկը` Վոլֆգանգ Գուստը: Վերջինս, ի դեպ, հենց ինքն է գրել մի գիրք, որում մանրամասն պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ըստ երեւույթին, գերմանացիների կողմից մերժելու շարժառիթներից մեկն էլ այն էր, որ ֆիլմում ներկայացված գերմանացի միսիոներ Պաուլ Ռոռբախը ֆիլմի վերջում ասել է, որ ինքը հրաժարվում է գերմանացի լինելուց, քանի դեռ գերմանացիները թուրքերի հետ են: Իսկ ֆիլմի սցենարիստը, ով հանդես է գալիս Վարդան Պապ կեղծանվամբ, նշում է, որ դեռ երկու տարի առաջ գերմանացիները Բեռլինի 4 եկեղեցիները վաճառեցին թուրքերին: Ինչեւէ, ըստ Վարդան Պապի, ֆիլմի հեռանկարները շատ մեծ են, քանի որ այն միայն փաստացի ճշմարտությունների մասին է խոսում: Ֆիլմի ռեժիսորը հայազգի Ալեքսանդր Սարդուրինն է (հանդես է գալիս կեղծանվամբ):