Երեւան քաղաքի (Կոնդ թաղամաս) Ռուսթավելի N28 տան բնակչուհի Արուսյակ Մուրադյանը փաստաթղթերի հսկայական փաթեթը ձեռքին արդեն քանի տարի դիմում է հանրապետության բոլոր պատկան մարմիններին, սակայն չի կարողանում օրինական կերպով ձեռք բերել ժառանգություն ստացած 207քմ մակերեսով իր տարածքը:
Բանն այն է, որ 1936թ. Արուսյակի պապը` Փիլիպոս Մուրադյանը, գնել է ազգությամբ թուրք Ալի Ասկյար Օղլի Բաբաեւին պատկանող Ռուսթավելի N4 (ներկայումս 28) տունը եւ բակը, որի մասին, ի դեպ, վկայում է առք ու վաճառքի պայմանագիրը` հաստատված նոտարի կողմից: Փ. Մուրադյանի մահից հետո որպես ժառանգ է ճանաչվել Արուսյակի մայրը` Ելենա Մուրադյանը: «1989թ. պետնոտարի կողմից տրված ժառանգության վկայագրով ժառանգություն է ճանաչել Ե. Մուրադյանին` մորս, հիմք ընդունելով 9 տոմարի թիվ 253 գույքաթերթը եւ բնակելի տունը: Սակայն Կադաստրի պետական կոմիտեի կենտրոն տարածքային ստորաբաժանմունքում որպես մորս ժառանգություն գրանցել են պապիս` Փ. Մուրադյանի գնած սեփականության միայն 29%-ը: Կադաստրի պաշտոնյաները չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, սեփականատիրոջ սեփականությունը, փաստորեն, տնօրինում են կամովի»,- ասում է Ա. Մուրադյանը` մեզ ներկայացնելով արխիվային փաստաթղթեր, որոնք իսկապես այս կնոջը փոխանցված 207քմ տարածքի ժառանգության վկայությունն են, մինչդեռ կադաստրային մարմինները նրան օտարել են ընդամենը 60քմ տարածք: Ի դեպ, Ա. Մուրադյանը տարիների ընթացքում Կադաստրի պետական կոմիտեից ձեռք է բերել եւ պատճենահանել է իր ժառանգության վերաբերյալ կարեւորագույն այնպիսի փաստաթղթեր, որոնց մեջ առկա են նաեւ առանց կնիքի, առանց վավերացման թղթեր, ինչը վկայում է կադաստրային մարմինների, մեղմ ասած, անփույթ եւ անպատասխանատու գործունեության մասին: Ա. Մուրադյանը չի կարողանում օրինականացնել ժառանգություն ստացած 207քմ մակերեսով հողատարածքը այն դեպքում, երբ նույնիսկ պահպանել է հողի համար վճարված կտրոնները եւ նրա պապի` Փ. Մուրադյանի որպես ժառանգություն նոտարով վավերացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ 207քմ տարածքի հատակագիծն ու գույքաթերթը: Մինչդեռ, ըստ Ա. Մուրադյանի` Կադաստրի պետական կոմիտեում առկա են կեղծ փաստաթղթեր, իսկ գույքի չափերը որոշ թղթերում խեղաթյուրված եւ հակասական են: Վերջինս Կադաստրի պետական կոմիտեի անօրինական գործողությունները որակում է ոչ թե անփութություն, այլ` դիտավորություն: Հիշեցնենք, որ Կոնդ թաղամասը պետական կարիքների համար ճանաչվել է իրացման գոտի եւ, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանը, հանձինս ԾԻԳ-ի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) ջանք չի խնայելու քաղաքացիներին պատկանող նույնիսկ մի թիզ հողի համար պայքարել: Այդուհանդերձ, Ռուսթավելի 28 հասցեի 207քմ տարածքի հանդեպ պապից օրինական կերպով ժառանգած Ա. Մուրադյանի իրավունքները ոտնահարվում են կոպիտ օրինախախտումներով, հետեւաբար՝ օրենքները խախտվում են կադաստրային, դատական, քննչական եւ քաղաքային իշխանությունների կողմից: Վերջինս կոչ է անում. «Հարգելի պարոններ, դե ուրեմն` եկե՛ք մեր հանրապետության Սահմանադրության կողմից հաստատված ժառանգության օրենսգրքի միջից հանենք այդ հոդվածները, որոնք խախտվել են բազմաթիվ կետերով հանդերձ կիրառելով իմ հանդեպ»: Ի դեպ, Ա. Մուրադյանը հայց է ներկայացրել եւ մերժվել է քաղաքացիական գործերով երեք ատյանների կողմից: «Դատարանը պիտի հիմք ընդուներ այս փաստաթղթերը, պիտի հիմք ընդուներ այն հանգամանքը, որ ես ստացել եմ պապիս ժառանգության մի մասը եւ մնացածն էլ մեխանիկորեն ինձ է պատկանում, այսինքն` 60քմ-ի փոխարեն ամբողջ ժառանգությունը` 207քմ-ն: Հասկանո՞ւմ եք, ոչ մի ատյան չի ցանկանում կադաստրային մարմինների ապօրինությունները բացահայտել, փորփրել, որովհետեւ դա անօրինականության մի ամբողջ շղթա է: Գործը փակում, ուղարկում են»: Ա. Մուրադյանը բազմիցս դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչություն, որտեղ մասնագետները ծանոթանալով փաստաթղթերին՝ հաստատում են տարածքի հանդեպ վերջինիս իրավունքները, սակայն չեն միջամտում՝ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար: Ռուսթավելի 28 տան բնակչուհին վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունների կողմից իր ժառանգության վերաբերյալ ուսումնասիրություններ չկատարելու եւ կադաստրային մարմինների անօրինականությունները չբացահայտելու դեպքում ինքը դիմելու է Եվրոդատարան: Ա. Մուրադյանը դիմում է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ խնդրելով` «Ես՝ ՀՀ քաքաղացի Արուսյակ Մուրադյանս, ոչ մի ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) չունեմ: Ինձ համար ԽԾԲ է հանդիսանում իմ երկրի Սահմանադրությունը եւ օրենքները: Ուստի խնդրում եմ իմ դիմումներին տալ լուծում օրենքի սահմաններում: Մի՞թե մենք ի զորու չենք պարտադրել օրինազանց միջին օղակի պաշտոնյաներին հարգել մեր Սահմանադրությունը եւ օրենքները, որպեսզի Եվրոպայից մեզ չպարտադրեն հարգել մեր երկրի օրենքները:
Ձեր հանձնարարականով իմ նախորդ դիմումները ուղարկվել են Կենտրոն տարածքային ոստիկանության բաժին ստուգման` նշված օրինախախտումները պարզաբանելու համար, սակայն հինգ ամիս հետաքննվելուց հետո այդ դիմումում նշված ոչ մի օրինախախտում չի պարզաբանվել ինձ տրված ոստիկանության պատասխանում: Չի պարզաբանվել`
1. Արխիվից փաստաթղթերի բացակայության պատճառը:
2. Օրինական շինության ապօրինի դառնալը:
3. Ժառանգության միայն 29%-ի ճանաչման պատճառը:
4. Թե ինչո՞ւ գույքաթերթը հիմք չի հանդիսանում ժառանգությունը ճանաչելու համար, այնինչ 1989թ. պետ. նոտարը ժառանգություն ճանաչելուց հիմք է ընդունել N 9 տոմարի 253 գույքաթերթը»:
2003-ից բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկած Ա. Մուրադյանի վերոնշյալ հարցադրումներին լուծում չտալու դեպքում վերջինս կդիմի Եվրոդատարան: