Դեռեւս լիովին պարզված չէ, թե մարտ ամսին Ղրղըզստանի նախագահ Ասկար
Ակաեւին գահընկեց անելու հարցում ինչ դեր են խաղացել արեւմտյան
պետություններն ու մասնավորապես Միացյալ Նահանգները, բայց կասկած չկա, որ
ընդդիմության մի մասն օգնություն է ստացել արտասահմանից։ Ակնհայտ է նաեւ,
որ հեղափոխության շնորհիվ իր նախկին պաշտոնին վերադարձավ արտաքին գործերի
նախկին նախարար Ռոզա Օթունբաեւան, ով ԱՄՆ-ի նկատմամբ լոյալ
տրամադրվածություն ուներ։
Նաեւ սա հաշվի առնելով՝ Ղրղըզստանի գործընթացները կարելի է դիտարկել որպես
նախկին ԽՍՀՄ տարածքում ազդեցության ոլորտների ընդլայնման համար մղվող
պայքարում ԱՄՆ վարչակարգի հերթական հաղթանակ։ Իսկ հիմա պարզվում է,
հեղաշրջման մասնակիցների կազմակերպած նոր ընտրությունները, դատելով ըստ
ամենայնի, Վաշինգտոնին չեն բերում սպասված արդյունքը։
Եթե հավատանք նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հիմա՝ արդեն նախագահ
Կուրմանբեկ Բակիեւի հայտարարություններին, Ղրղըզստանը կարող է դուրս գալ
ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնությունների շրջանակից։ Տառացիորեն մի քանի օր
առաջ Բակիեւը ստորագրել է, այսպես կոչված, շանհայյան խմբի հայտարարության
տակ, որում պահանջ է դրված՝ որոշակիացնել Մանասից ամերիկյան ռազմաբազայի
դուրսբերման ժամկետը։ Այդտեղից է իրականացվում Աֆղանստանում տեղակայված
ամերիկյան զորքերի մատակարարումը։ Ավելին, ասում են, թե Ռուսաստանին
առաջարկվել է բացել երկրորդ ռազմական բազան։
Կիրականանա՞ն այս հայտարարությունները. հարց է եւ բավական խնդրահարույց։
Ղրղըզական նոր կառավարությունը ժամանակին Ակաեւի կողմից ազդեցությունից
զրկված մարդկանց կասկածելի դաշինք է, որը ծայրահեղ անկայուն է։ Եվ
հերթական հեղափոխության համար պատճառների պակաս չի զգացվելու։
Տ.Պ.