Միջազգային կինոփառատոների շրջանակներում գործող կինոշուկաները միշտ եռում են համագործակցություններ որոնող ու հաստատող գործնական հանդիպումներով։ Կինոշուկաներում գնվում ու վաճառվում են ոչ միայն ավարտուն ֆիլմերը, այլեւ նախագծերը, սցենարներն ու դեռ գաղափարի մակարդակի վրա գտնվող մտահղացումները։ Եվ, իհարկե, ամենամեծ կինոշուկան գործում է Եվրոպայի հնագույն ու խոշորագույն Կաննի կինոփառատոնում։ Այս տարի մայիսի 13-24-ն անցկացվող Կաննի 62-րդ փառատոնում Հայաստանն առաջին անգամ կմասնակցի պետական մակարդակով ու կներկայացնի 20 ֆիլմ։ Ինչպես ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը՝ այդ բոլորը վերջին տարիներին նկարահանված լիամետրաժ, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր են։ 5 հոգանոց հայկական պատվիրակությունը Կաննում կունենա իր սեփական տաղավարը, որի համար կվճարի 5300 եվրո։ Նշվում է, որ խաղարկային լիամետրաժ ֆիլմերի շարքում կլինեն Վ.Չալդրանյանի «Քրմուհին», Ա.Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերը։ Գ.Գեւորգյանը նկատեց, որ իրենք ոչ այնքան ֆիլմ վաճառելու, որքան սովորելու են գնում Կանն։ «Այժմ ավելի շատ սովորելու, քան ներկայացնելու բան կա»,- ասաց նա ու ավելացրեց, որ Կաննում գումար տնտեսելու ցանկությունից դրդված՝ հայկական պատվիրակությունը ոչ թե հյուրանոցում, այլ՝ վարձած բնակարանում կապրի։ Կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պետք Եվրոպայում ֆիլմերը հաջող ներկայացնելու ու վաճառելու համար։ Նա պատասխանեց. «Ֆիլմը վաճառելու համար նախեւառաջ պետք է ունենալ լավ ֆիլմ։ Հետո՝ շատ փող։ Իսկ հետո էլ՝ խելացի կինոագետներ»։ Ուզենք թե չուզենք, մարդկային գործոնը շատ բան է որոշում։ Եվ կինոպրոդյուսերների կամ կինոգործակալների պատրաստումն ու կրթումը ոչ պակաս կարեւոր խնդիր է, քան գումար հայթայթելը։ Իհարկե, կարելի է անընդհատ խոսել, որ «հայկական կինոյի համար բարեբեր տարի» էր, բայց թող այդ մասին մեզ ասեն կինովաճառքի լուրջ մասնագետներն ու դիստրիբյուտորները։ Եվ Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկայում ավելի քան 4000 ընկերությունից մեկը դառնալով՝ ինքն իրեն ստուգելու ու սովորելու լավ առիթ է ստանում։