Անհամբեր սպասում են

07/05/2009

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Պրահայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո»,- այդ մասին ադրբեջանական «Trend News»-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա առաջընթացի: Համանախագահող երկրներն արդեն երկու տարի առաջ ներկայացրել են կողմերին հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը, եւ մենք հույս ունենք, որ նախագահները կկարողանան առաջընթաց արձանագրել այդ սկզբունքների իրականացման գործում»,- ասել է նա: Ըստ Ֆասյեի, կետերի մեծամասնության շուրջ կողմերի միջեւ արդեն ձեռք է բերվել համաձայնություն, եւ այժմ անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ մնացած սկզբունքների շուրջ` «ինչին մենք ձգտում ենք»: Նրա խոսքերով, Պրահայի հանդիպումը սովորական ձեւաչափով կընթանա: «Ամենասկզբից համանախագահները եւ նախարարները միաժամանակ հանդիպում կունենան նախագահների հետ, այնուհետեւ 2 նախագահները դեմառդեմ հանդիպում կանցկացնեն: Այդ զրույցից հետո նրանք սովորաբար հրավիրում են նախարարներին եւ համանախագահներին, որպեսզի տեղեկանան, թե ինչպես են իրենք գնահատում այդ զրույցը եւ ինչպես կարող են հետագայում միասին աշխատել, ինչպես նաեւ որոշ կետեր ճշտելու եւ բանակցային գործընթացի առաջընթացի հաջորդ փուլի շուրջ համաձայնության գալու համար»,- նշել է Ֆասյեն: