Ասպիրանտուրան՝ բանակից խուսափելու միջո՞ց

20/07/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Վերջերս ՀՀ նախագահի Վերահսկողականն արձանագրեց բուհերում ասպիրանտուրայի
ընդունելության գործընթացի առանցքային խնդիրը. «Հաստատված կարգերը թերի են
եւ չեն ապահովում օբյեկտիվ ընտրություն»: Երեւանյան 3 բուհերի
ներկայացուցիչների հետ մեր զրույցի ընթացքում, այնուամենայնիվ, նրանք
այնքան էլ համամիտ չէին այդ մտքի հետ, բայց համաձայն էին վերահսկվել:
Մասնավորապես, Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի (ԵՏԻ) ռեկտոր Գրիգոր
Կիրակոսյանն ասում է. «Ես մասնակից չեմ եղել խորհրդակցությանը եւ ոչինչ
չեմ կարող ասել: Նրանք եկել են մեզ մոտ, նստել են, լսել են քննությունները
եւ գոհ էլ գնացել են»: Ավելին, պրն Կիրակոսյանը հպարտությամբ ցույց է
տալիս դիմորդների ցուցակը եւ հերթականությամբ նշում. «Գերազանց,
գերազանց…»:

Նույնն է վկայում նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի
(ՀՊՄՀ) գիտության եւ հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Միքայել
Նադիրյանը. «Մեր քննությունների ժամանակ ներկա են եղել նախագահի
Վերահսկողական ծառայությունից եւ ընդհանուր առմամբ շատ գոհ են մնացել
քննությունների ընթացքից եւ արդյունքից»: Հայաստանի պետական
ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Յուրի Սարգսյանն իր հերթին
փաստում է, որ մանավանդ լեզուների քննություններն անցկացվում են իր
անմիջական հսկողությամբ:

ԵՏԻ-ի առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 16 տեղի համար դիմել է 30
շրջանավարտ: Այստեղ ընդունվել է միայն մեկ աղջիկ: Հեռակա ուսուցման
բաժնում, սակայն, 10 ընդունվածներից 6-ն է աղջիկ: «Դա Կիրակոսյանով չի
պայմանավորված, երբ ես բաժանել եմ դիպլոմները, ասել եմ, որ ոչ մի արգելք
չկա, խնդրել եմ, որպեսզի աղջիկներն էլ հանձնեն իրենց գործերը ցերեկային
ուսուցման համար»,- երեւույթի դեմն առնելու ձեւը բարձրաձայնում է Գրիգոր
Կիրակոսյանը:

Իրավիճակը նույնն է նաեւ մյուս բուհերում: Մասնավորապես, ՀՊՄՀ-ին
հատկացվել է ասպիրանտական 30 տեղ` առկա ուսուցմամբ եւ 7-ը` հեռակա, որից 3
տեղը բաժին է ընկել աղջիկների: Սակայն այստեղ այդ երեւույթն այնքան էլ
մտահոգիչ չէ. «Երեւի ինչ-որ մտավախություն կա ուսանողների մեջ, որ եթե
առկա անվճար տեղ է, ուրեմն որոշված մարդու համար է այդ տեղը»,- ընդգծում է
Մ. Նադիրյանը: ՀՊՄՀ ղեկավարությունը ռեկտորի գլխավորությամբ անհանգստացած
է այլ խնդրով. ասպիրանտուրա ընդունվելու համար մրցույթ չի ապահովվում, եւ
դիմորդները քիչ են: Օրինակ, 7 հեռակա տեղերից զբաղեցվել է միայն 3-ը, իսկ
մնացած տեղերը «գրավելու» համար նրանք պատրաստվում են աշնանը կազմակերպել
քննություններ: «Արեք այնպես, որ մրցույթ լինի»,- անգամ զգուշացրել է
ՀՊՄՀ-ի ռեկտորը: Ըստ պրոռեկտորի` այդ առիթով իրենց դժգոհությունն են
հայտնել նաեւ նախագահի վերահսկողները: Փոխարենը` ՀՊՄՀ-ում հպարտանում են
հայցորդական ինստիտուտի աստիճանաբար զարգացումով. նրանք ունեն 300 հայցորդ:

«Մեզ հատկացվել է ասպիրանտուրայի 26 առկա եւ 18 հեռակա տեղ: Այդ տեղերի
համար դիմել է 80-ից ավելի դիմորդ: Մեզ մոտ հաճելի բացառությամբ առկա
«թանկարժեք» տեղերում ընդունվածներից 1-ն աղջիկ է եղել, իսկ մյուսը`
տարկետման իրավունք ունեցող երիտասարդ»,- պատմում է ՀՊՃՀ ռեկտոր Յուրի
Սարգսյանը:

Այստեղ մրցույթ ապահովվում է մասնագիտությունների 60%-ի դեպքում, իսկ մնացած դեպքերում 1 տեղի համար դիմում է 1 դիմորդ:

ՀՊՃՀ-ում, ըստ պրն Սարգսյանի, ասպիրանտուրա ընդունվելիս սովորական
դիմորդների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում տվյալ ամբիոնի
«ֆավորիտ-մագիստրատները». «Նրանք կարող է, ասենք, լավ անգլերեն չիմանան,
բայց լավ մասնագիտական աշխատանք են կատարել, բայց նրանց ամեն կերպ
պաշտպանում են»,- ասում է պրն Սարգսյանը: Վերջինս հաստատակամ է
քննություններն առավել թափանցիկ անցկացնելու հարցում: «Հրավիրել եմ
քննությունների հանձնաժողովների նախագահներին եւ հավանաբար մեկ-երկու
հանձնաժողովում փոփոխություններ կկատարեմ: Այդ կազմով նրանք հետագայում
չեն աշխատի»,- պնդում է ռեկտորը: «Կողմնապահության հարցում մեր
ինստիտուտում դրությունը պետք է որ քիչ թե շատ բարենպաստ լինի»,- կարծում
է Յու. Սարգսյանը: