Սոցապը` համարյա ԱԺՄ-ին

07/05/2009

Մեր տեղեկություններով, կոալիցիոն առեւտրի շրջանակներում արդեն որոշվել է, թե ում միջեւ են բաշխվելու ՀՅԴ-ի թափուր թողած պաշտոնները: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մեկական նախարարություններ տրվելու են «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին, իսկ մնացած պաշտոններում նշանակվելու են հանրապետականներ: Առայժմ հայտնի է միայն, որ գյուղնախարարի պորտֆելը տրվելու է ՕԵԿ-ին, որն էլ այդ պաշտոնում նշանակելու է ՀՀ Վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ Գերասիմ Ալավերդյանին: Իսկ Սոցապ նախարարությունը տրվելու է ԲՀԿ-ին, որի միակ թեկնածուն նախկին ԱԺՄ-ական, ներկայումս՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է: Վերջինս ժամանակին ԱԺՄ քվոտայով զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման փոխնախարարի, հետագայում` վարչության պետի տեղակալի պաշտոնը: Իսկ ԱԺ փոխխոսնակի, ԿԳ նախարարի, ինչպես նաեւ՝ Արագածոտնի մարզպետի պաշտոններում նշանակելու են ՀՀԿ-ականների: Թե կոնկրետ ում` դեռեւս չեն որոշել: