Փոխել կլինի միայն հանդիպման վայրը

07/05/2009

Այսօր Պրահայում կայանալիք Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս հանդիպմանը գրեթե բոլորը վերաբերվում են «մեծ լավատեսությամբ»` սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ԱՄՆ Պետքարտուղարությունից, վերջացրած Ադրբեջանով: Բոլորը` բացի Հայաստանից: Նշված ուղղություններից լավատեսական հայտարարությունների ֆոնին երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակն ընդամենը հերքել է վերջին օրերին թուրքական ու ադրբեջանական մամուլում հրապարակվող լուրերը, որոնց համաձայն՝ Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Խնդիրն այս դեպքում իհարկե այն չէ՝ կոնկրետ Պրահայո՞ւմ նման հանդիպում տեղի կունենա, թե՞ առաջիկայում մեկ այլ վայրում: Խնդիրն այն է, որ «համընդհանուր լավատեսությունը» (որի ֆոնին հայկական պաշտոնական քարոզչությունը ռեպորտաժներ է ցուցադրում Հայաստանի` «աճող միջազգային հեղինակության մասին») պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների զուգահեռ ընթացքով: Եվ այս խաղի մեջ մտած Հայաստանի իշխանություններին, դժբախտաբար, մնացել է առավելագույնը հանդիպման վայրը փոխելու կամ ժամկետը փոքր-ինչ երկարաձգելու հնարավորությունը: