Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, հանդիպումների հիմնական նպատակն է եղել խրախուսել երկու երկրներին` լուծման հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Իսկ «Ֆրանսպրեսի» հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ բանակցություններ են ընթացել նաեւ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ: «ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տեւական են եւ ամուր: Օբամայի վարչակազմը նվիրված է դրանց ընդլայնմանը, խորացմանը, աշխատելով Հայաստանի հետ` օժանդակելու նրա շարունակական զարգացմանը եւ իղձերին»,- Է. Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հիլարի Քլինթոնը: «Մենք վճռական ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերության ամրապնդման, խորացման, ընդլայնման հարցում: Դա Վաշինգտոն իմ այցի գլխավոր ուղերձն է: Եվ ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը` մեր երախտագիտությունը հայտնելու Միացյալ Նահանգների վարչակազմին, Տիկին պետքարտուղարին եւ Պետդեպարտամենտին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը աջակցելու բոլոր ջանքերի համար»,- ի պատասխան՝ ասել է Նալբանդյանը: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարել է. «Ադրբեջանը անչափ ռազմավարական դիրք է զբաղեցնում` դիրք, որը կարեւոր է ոչ միայն այդ երկրի համար, այլեւ տարածաշրջանային եւ գլոբալ առումով: Հետեւաբար, նա պետք է գնալով ավելի մեծ պատասխանատվություն եւ առաջնորդություն ստանձնի կարեւոր հարցերում»:
ԱՄՆ-ում գտնվող Է. Մամեդյարովը հանդիպել է եվրասիական հարցերով փոխպետքարտուղար Ռիչարդ Մորնինգսթարի հետ: Ադրբեջանական APA գործակալությանը Մամեդյարովն ասել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված մայիսի 8-ին Պրահայում անցկացվելիք «Հարավային միջանցք» ծրագրին նվիրված գագաթաժողովի հետ: Քննարկվել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականությունը: Մեկնաբանելով մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին կարծիքները, Էլմար Մամեդյարովն ասել է. «Այդ մասին խոսելը հիմա դժվար է: Առաջին հերթին, կարեւոր է, թե ինչ դիրքորոշում կցուցաբերի Հայաստանը բանակցություններում: Մենք պետք է իմանանք` արդյո՞ք նրանք իրականում ցանկանում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի ու առաջընթաց բանակցություններում, թե՞ ոչ: Այդ ամենը պարզ կլինի Պրահայում: Հարցը ամբողջովին կհստակեցվի համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցելությունից հետո»:
Էդվարդ Նալբանդյանի` ԱՄՆ կատարած այցի մասին երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Ըստ այդմ, բացի Քլինթոնից, Է. Նալբանդյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսի հետ: Կայացել է նաեւ հանդիպում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ:
Իսկ երկուշաբթի Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մարք Քըրքի եւ խմբի անդամներ Էննա Էշուի, Սթիվ Ռոթմանի եւ Սքոթ Գերեթի հետ: Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ռոդնի Բենտի հետ:
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանության եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության դիվանագետների մասնակցությամբ:
Երեքշաբթի օրն ավարտելով այցելությունը Վաշինգտոն` Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Պրահա, ուր Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: