«Սոցիոլոգն» ու «ճիշտը»

07/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մի քանի օր առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հաղորդավար Նվեր Մնացականյանի այն դիտարկմանը, թե ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` Ձեր գործերը այնքան էլ լավ չեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասել էր. եթե Ադիբեկյանն ապացուցի, որ իր սոցհարցումները «ճիշտ են», ապա ինքը մեկ միլիոն դոլար կտա Ադիբեկյանին:

ԲՀԿ առաջնորդը նաեւ նշել էր, որ հակառակ դեպքում՝ իրենք «գիտեն պատժելու ձեւերը»: Երեկ հրավիրված ասուլիսում Ա. Ադիբեկյանն անդրադարձավ Գ. Ծառուկյանի այս հայտարարությանը` շեշտելով, որ ինքը Նվեր Մնացականյանին շատ հարգում է, բայց այս անգամ «նա անփույթ է վերաբերվել»: «Ես տվել եմ 20 վարկանիշներից վեցը, որը չի վերաբերվել, թե ձայն կտան, թե չեն տա: Ուղղակի նկարագրել եմ այն իրավիճակը, որում գտնվում են մրցակիցները: Խոսքը գնում է՝ ճանաչում են, թե չեն ճանաչում, ունակ է, թե ունակ չէ, եւ այլն: Այդ թվերը դեռ ոչինչ չեն նշանակում, որովհետեւ կան 14 այլ գործոններ, որոնք ի վերջո կբերեն նրան` ձայնը տալու են, թե չեն տալու»,- ասաց սոցիոլոգը: Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը, եթե քաղաքականության մեջ լուրջ խաղացող է, պետք է նման հարցումներ ունենա: «Եթե հիշում ենք Սերժ Սարգսյանի պատասխանն այն հարցին, թե՝ ինչպես եք վերաբերվում սոցիոլոգիական հարցումներին, նա ասաց, որ լուրջ խաղացողները քաղաքական դաշտում չեն կարող առանց սոցիոլոգի ոչ ծրագիր մշակել, ոչ նրա իրականացման քայլերը մշակել, ոչ գնահատել ժողովրդի կարիքները, ոչ էլ տեսնել, թե որքանով է դա բավարարվել»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Ըստ նրա` եթե ինքը վարկանիշ տված լիներ, կգնար «Շանթ», կհաստատեր իր ասած վարկանիշը եւ կվերցներ այդ միլիոն դոլարը կամ դրամը: «Եվ ընդհանրապես, ես ուղղակի ցավում եմ, որ նման մասշտաբի քաղաքական գործիչ, ռեստորանային մտածելակերպով, փորձում է մտնել քաղաքական վերնախավի առաջին շարքը, ղեկավարել մի ուժ, որը հավակնում է լինել եթե ոչ առաջինը, ապա երկրորդը եւ սոցիոլոգիան համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը կարող է իր համար ձոն երգի` թագավոր ախպոր մասին»,- հայտարարեց սոցիոլոգը` հավելելով, որ փորձել է Ծառուկյանի հետ համագործակցել եւ ցույց տալ, թե ժամանակակից մենեջմենթը քաղաքական ինչ ձեւաչափերով է ընդհանրապես ընթանում: «Ու եթե նա այդքան կրուտոյ ա, որ կարող է միլիոն դոլար ինձ տա, թող հինգ տոկոսը տա «Գելափին», կամ տասը տոկոսը, առնի «Գելափին», եւ «Գելափը» հաստատի, որ Ծառուկյանը ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, որ նրա «Բարգավաճ Հայաստանն» ամենավարկանիշային կազմակերպությունն է, իսկ Քուշկյանն ամենաանցողիկ քաղաքապետն է: Թող փորձի առնել կամ Լեւադա կենտրոնին, կամ ՎՑԻՕՄ-ին, ես կարող եմ զանգ տալ, խնդրել, որ իրենք գան հետազոտություն անեն որպես անկախ, եթե ինքը այդքան վստահ է այն խոսքերում, որ ասում է: Նա պետք է ներողություն խնդրի ոչ թե ինձանից, այլ սոցիոլոգիայից, որովհետեւ 20-րդ դարը երկու գիտություն է տվել` ինֆորմատիկայի հետ կապված` դա սոցիոլոգիան է եւ կիբեռնետիկան է: Իրենք խոսում են ճշտով, ոնց որ թե մենք զոնայում ենք, ռազբորկի ենք եկել: Ես ասում եմ՝ այսքան տոկոսը այսպես է մտածում, այսպես է կարծում, դու կարող ես 1000 անգամ քեզ ճիշտ պահել, դա քո անձնական կա՛մ դժբախտությունն է, կա՛մ երջանկությունը, տվյալ դեպքում Ծառուկյանի ողբերգությունն է»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Այդ պահին լրագրողները նկատեցին, որ սրահում է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Վերջինս կրկնեց Ծառուկյանի առաջարկն ու վկայակոչեց հենց երեկվա ասուլիսի ժամանակ Ադիբեկյանի հրապարակած տվյալները` այն հարցի վերաբերյալ, թե որ ուժերն են ունակ լուծել մայրաքաղաքի խնդիրները: Ըստ այդմ` հարցվածների մոտ 40%-ը այդպիսին է համարել ՀՀԿ-ին, 23%-ը` ԲՀԿ-ին եւ 11%-ը՝ ՀԱԿ-ին: Խ. Գալստյանը նշեց, որ եթե նմանատիպ ամփոփ տվյալ Ա. Ադիբեկյանը նախկինում էլ հրապարակեր, ապա նման խնդիրներ չէին առաջանա: «Դու պարտավոր էիր որպես մամուլի քարտուղար իմանալ, որ ես ասել էի, թե զարգացումները շարունակվում են, ես վերջնական վարկանիշը կարող եմ տալ երրորդ կամ չորրորդ հարցումների հիման վրա»,- արձագանքեց Ա. Ադիբեկյանը: «Դու Ծառուկյանին չես իրազեկել, թե ես իրոք ինչ եմ ասել»,- շարունակեց Ադիբեկյանը` նշելով, որ եթե իր հարցումների վերաբերյալ Ծառուկյանը ճիշտ տեղեկություն ունենար, հաղորդավարին կպատասխաներ, որ այնպես չէ, թե ԲՀԿ-ի վարկանիշը իր հարցումներով ցածր է: «Անցյալ ընտրություններին խաբում էիք Ծառուկյանին, թե 300 հազար անդամ ունի, երբ Հայաստանում կուսակցության անդամ իրենց համարում են 120 հազար հոգի: Բայց Ծառուկյանը հավատում էր, ասում էր՝ ես 300 հազար անդամ ունեմ, միանշանակ հաղթում եմ: Խի՞ եք էդ մարդուն խաբում»,- դիմելով Խ. Գալստյանին՝ ասաց սոցիոլոգը ու պահանջեց, որ իրենից ներողություն խնդրի «Սուտիբեկյան» անվանելու համար: «Ներողության մասին խոսք լինել չի կարող: Պարոն Ծառուկյանի ռեստորանային պատվիրատուների վերաբերյալ միտքը այն էր, որ որպես կանոն՝ պատվիրատուների երաժշտությունը ավելի երկար է նվագվում»,- պատասխանեց Խ. Գալստյանը: Նա նաեւ նշեց, որ իրենք սոցհարցում որեւէ ընկերության չեն պատվիրել, քանի որ այդ գիտությունը Հայաստանում կայացած չէ: «Իրենք մութ սենյակում սեւ կատու են ման գալիս»,- արձագանքեց սոցիոլոգը: Վերջինս սովորության համաձայն՝ բազմաթիվ «տվյալներ» ներկայացրեց ու հայտարարություններ արեց ՀԱԿ-ի վերաբերյալ` կրկնելով այն միտքը, թե ՀԱԿ-ը սխալվել է ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուցակի առաջին համարում առաջադրելով, այլեւ սխալվում է, երբ փորձում է ընտրությունները հնարավորինս քաղաքականացնել: Որովհետեւ, ըստ Ա. Ադիբեկյանի, ընտրությունները քաղաքականացնելով՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն մի ձայն բերելու հետ միասին երկու ձայն է բերում «Հանրապետականին», այսինքն՝ իր քարոզարշավն աշխատում է «Հանրապետական» կուսակցության օգտին»: Սա պայմանավորված է նրանով, որ ըստ Ադիբեկյանի՝ քաղաքապետին որպես քաղաքական գործիչ ընդունողների 20 տոկոսը նախընտրում է իշխանական թեկնածուին, 12 տոկոսը՝ ընդդիմության, 17-ը` չեզոք թեկնածուի: