Բանկերի վիճակը լավ է, բայց լավ չէ

07/05/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կարծում ենք՝ Հայաստանում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով համոզված կասի, որ բանկային համակարգում ամեն ինչ փայլուն է։ Բանկերը, «Ոսկե ցլիկը» ֆիլմի Նաջարյանի նման, չեն մերժում, բայց վարկեր չեն էլ տալիս։ Այսինքն՝ վարկավորման մասով խնդիրներ կան։ Սա անուղղակիորեն հաստատում է նաեւ կառավարության որոշումը՝ կառուցապատողներին 20 միլիարդ դրամի բանկային երաշխիքներ տրամադրելու մասին։ Այսինքն, բանկերը վախենում են վարկեր տրամադրել, կառավարությունն էլ ասում է՝ տվեք, ես տեր եմ։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը ավանդների տրամադրման հետ կապված։ Ավանդներ ներգրավելու խնդիրը Հայաստանի բանկային համակարգի համար միշտ էլ ցավոտ է եղել՝ սկսած այն ժամանակվանից, երբ մարդկանց՝ խնայդրամարկղերում տարիներով կուտակված խնայողությունները փոշիացան։ Ճիշտ է, բանկերի նկատմամբ վստահությունը կամաց-կամաց վերականգնվեց, բայց արի ու տես՝ եկավ համաշխարհային ճգնաժամն, ու ամեն ինչ նորից հարամ եղավ։ Ճգնաժամի պատճառով շատ միջազգային բանկերի սնանկացումը լավ վախեցրեց ոչ միայն հայաստանյան պոտենցիալ ավանդատուներին, այլ անգամ նրանց, ովքեր արդեն ավանդներ ունեին։ Ու չնայած մեր իշխանությունները պնդում էին, թե՝ հանգիստ եղեք, մեր ֆինանսական համակարգը կայուն է, շատերը հապճեպ կանխիկացնում էին իրենց հաշիվների վրա եղած գումարները։ Հետո, իհարկե, եղավ մարտի 2-ը՝ երբ դոլարը մի քանի ժամվա ընթացքում 305 դրամից դարձավ 380 դրամ, եւ մարդկանց դրամային խնայողությունները արժեզրկվեցին 25-30%-ով։ Այնպես որ, դատելով վերջին մի քանի ամսվա զարգացումներից ու պարզապես շփվելով մարդկանց հետ, կարելի էր ենթադրել, որ թե՛ վարկավորման, թե՛ բանկերում ներդրվող ավանդների ծավալները փոքրացել են։ Կրկնում ենք՝ սա՝ ըստ տրամաբանության։

Ինչո՞ւ ենք սա շեշտում։ Որովհետեւ Հայաստանում պաշտոնական վիճակագրության արձանագրած իրականությունը երբեմն, ավելի ճիշտ` հաճախ չի տեղավորվում տրամաբանության շրջանակներում։ Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած «ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիրը» ցույց է տալիս, որ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 16.2%-ով, իրավաբանական անձանց ավանդները՝ 30.4%-ով։ «Հիանալի» տվյալներ է հրապարակել նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-մարտին» հրապարակման մեջ։ Մեջբերենք մի հատված. «Բնակչությունից ներգրաված ժամկետային ավանդների մնացորդը (2009թ. մարտի վերջին.- Բ.Թ.) կազմել է 173.699մլն դրամ եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել 19.292 մլն դրամով կամ 12.5%-ով»։ Կարդում ես ու զարմանում՝ ի՞նչ ճգնաժամ, ի՞նչ փոխարժեքի փլուզում, ի՞նչ անվստահություն։ Պարզվում է՝ հայաստանցիները փոխարժեքային աժիոտաժից հետո ոչ միայն չեն շփոթվել, այլեւ մեծացրել են խնայողությունների ծավալները բանկերում, սկսել են ավելի շատ վստահել բանկերին։

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ ԱՎԾ-ի եւ ԿԲ-ի տվյալները եւ՛ ճիշտ են, եւ՛, միեւնույն ժամանակ… ճիշտ չեն։ Ինչպես «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի դատարանի դրվագում է քննիչ Մաքսիմ Պոդբերյոզովիկովը, խոսելով մեքենաներ առեւանգած Դետոչկինի մասին, ասում. «Կվ ՍՏվպփվՏ ՉՌվՏՉՈՑ, վՏ Տվ… վպ ՉՌվՏՉՈՑ»։ Պարզաբանենք։ ԱՎԾ նույն հրապարակման մեջ բերված աղյուսակում հստակ ներկայացված են ավանդների տվյալները՝ ըստ ամիսների, ըստ արժույթի եւ ըստ տնտեսության հատվածների։ Այդ տվյալների հիման վրա կազմված փոքր աղյուսակում ամեն ինչ ավելի պատկերավոր է ներկայանում։

Վերը նշված մեջբերման թվերը՝ ավանդների 12.5 տոկոսանոց աճի մասին, հիմնված են հենց այս տվյալների վրա, որոնց, միանգամից նշենք, որ չհավատալու հիմքեր չունենք, հատկապես դրամային ավանդների դեպքում։ Մեկ ամսվա ընթացքում տնային տնտեսությունների՝ դրամային ավանդների ծավալը նվազել է 9 միլիարդ դրամով կամ 21%-ով։ Սա արդեն իսկ մտահոգիչ ցուցանիշ է եւ վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սկսել են դրամին չվստահել։ Ու քանի որ «պուպուշ» ցուցանիշ չէ, բնականաբար, առանձին տողով մեկնաբանվելու բախտին չի արժանացել։ Փոխարենը՝ վերցվել է դրամով եւ արտարժույթով արտահայտված ավանդների ընդհանուր թիվը։ Փաստորեն այդ 12.5%-անոց աճը արձանագրվել է արտարժույթով ավանդների հաշվին։

Հասանք ամենահետաքրքիր կետին։ Ուշադրություն դարձրեք՝ նշվում է՝ «արտարժույթով» ավանդ, սակայն մեծությունը ներկայացված է դրամով։

Փետրվարի վերջի դրությամբ արտարժութային ավանդները կազմել են 112.1 միլիարդ դրամ, մարտի վերջին՝ 140.4 միլիարդ դրամ։ Ստացվում է՝ արտարժույթով ավանդներն աճել են 25%-ով։ Իրականում այդպես չէ, քանի որ փետրվար ամսվա համար որպես հիմք վերցվել է փետրվարի վերջի փոխարժեքը, մարտի համար՝ մարտինը։ Տրամաբանող ընթերցողն արդեն երեւի գլխի ընկավ ԿԲ-ի ու վիճակագիրների «շուստրիության» մասին, սակայն շարունակենք։ Փետրվարի վերջին արտարժույթով ավանդները կազմել են 112.1 միլիարդ դրամ կամ 367.5 միլիոն դոլար, քանի որ դոլարն արժեր 305 դրամ։ Իսկ մարտի վերջին արտարժույթով ավանդները կազմել են 140.4 միլիարդ դրամ կամ 379 միլիոն դոլար, քանի որ դոլարը մարտի վերջին արժեր 370 միլիոն դրամ։ Ստացվում է՝ արտարժույթով ավանդներն աճել են ընդամենը 3%-ով։

Պատկերավոր լինելու համար` ասվածը ներկայացնենք մեկ օրինակով։ Ենթադրենք՝ անցյալ տարի Պողոսը բանկում ուներ 1000 դոլարի խնայողություն (դոլարով)։ Տարվա վերջին բանկը հրապարակում է նրա թիվը եւ ասում՝ Պողոսի խնայողությունը կազմում է 305.000 դրամ։ Դրա հաջորդ օրը Պողոսը գնում եւ բանկից վերցնում է 100 դոլարը, մնացած 900 դոլարը թողնում է մինչեւ այս տարվա վերջ։ Եվ մարտի վերջին բանկը կրկին հրապարակում է նրա խնայողության թիվը՝ դրամով՝ 330 հազար դրամ (900 x 370)։ Հրապարակում է ու մի բան էլ ավելացնում՝ Պողոսի խնայողություններն աճել են 28.000 դրամով կամ 9%-ով։

Ահա այս տրամաբանությամբ է առաջնորդվում պաշտոնական վիճակագրությունը՝ ներկայացնել միայն հաճելի ցուցանիշներ։ Իհարկե, ավելի ազնիվ կլիներ, եթե արտարժութային ավանդները, այսպես ասած, ինդեքսավորեին։ Այսինքն, 2009-ի փետրվարի 112.1 միլիարդ դրամի փոխարեն գրեին 136 միլիոն՝ հաշվի առնելով դրամի արժեզրկումը։ Իսկ ինչո՞ւ չեն անում։ Որովհետեւ այդպես հնարավոր չէր լինի աճ ցույց տալ։ Իսկ Հայաստանում, ինչպես գիտեք, կարեւորը ցուցանիշներն են։