Երեքշաբթի օրը Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի` երեկ Վրաստանում մեկնարկած զորավարժություններին: «Ինտեֆաքսի» հաղորդմամբ` ՀՀ Պաշտպանության նախարարությունից այս առնչությամբ ընդամենն ասել են, թե ՀՀ-ն հրաժարվում է մասնակցել` «ելնելով ստեղծված հանգամանքներից»: Այսքանը: Պարզաբանված չէ, թե խոսքը հատկապես ո՞ր հանգամանքների մասին է:
Իհարկե, Հայաստանի դեպքում առաջին «հանգամանքը» այդ զորավարժությունների նկատմամբ Ռուսաստանի, մեղմ ասած, կոշտ դիրքորոշումն էր: Նույնիսկ մի քանի օր առաջ, երբ Հայաստանը հայտարարում էր այդ զորավարժություններին մասնակցելու մասին, դժվար էր հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ:
Մեկ այլ «հանգամանք» կարող էր լինել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի` ապրիլի 29-ին Բրյուսելում Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում արած այս հայտարարությունը. Սհեֆերը հերթական անգամ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը պաշտպանող դիրքորոշմամբ:
Թեեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը հրաժարվել է նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնից, այդուհանդերձ, երեկ փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ այս հանկարծակի որոշման մասին: Սակայն մինչ նրա տեսակետը ներկայացնելը, հարկ ենք համարում նշել, որ որպես ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ա. Աղաբեկյանին փոխարինող ԱԺ կուլիսներում շրջանառվում է ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի անունը: Երեկ մեզ հետ զրույցում այս առնչությամբ վերջինս ասաց, թե` «Խոսակցություն կա, որ կարող ա պատվիրակության մեջ լինեմ, բայց ոչ ղեկավարեմ»: Հարցին, թե` զորավարժություններին չմասնակցելն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ հեղինակության վրա, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` դժվարանում եմ ասել, որովհետեւ երկու կողմից էլ գիտեք` Վրաստանը մեզ համար բարեկամ հանրապետություն է, իսկ Ռուսաստանը՝ ռազմավարական գործընկեր: Դրա համար դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, ինձ թվում է` մեր ԱԳՆ-ն ավելի ճիշտ, հստակ պատասխան ձեզ կտա այս հարցում»: «Դժվարանում եմ պատասխանել»` պատասխաններ նա տվեց այս թեմային առնչվող մեր գրեթե բոլոր հարցերին: Օրինակ, «Ձեր կարծիքով` ճի՞շտ է զորավարժություններին չմասնակցելը, թե՞ ոչ» հարցին նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, դժվարանում եմ, իրոք, պատասխանել»: Մեր դիտարկմանը, թե` խոսակցություններ կան, որ այս որոշումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությամբ, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, չեմ կարծում»: Մեր փորձերը` պարզել, թե ի՞նչ է կարծում Ա. Մելիքյանը այս որոշման վերաբերյալ, գրեթե ապարդյուն անցան: Հարցին, թե ի՞նչ եք կարծում, պատահակա՞ն էր որոշումը, որ ՀՀ-ն չպետք է մասնակցի այս զորավարժություններին, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Պատահական չի, էս վերջին իրադարձությունները որ եղան, դուք տեղյակ չե՞ք»: «Ո՞ր իրադարձությունները» հարցին էլ նա բառացիորեն այսպես արձագանքեց. «Կապված «ճանապարհային քարտեզի» հետ, արձագանքները հարեւան երկրներից: հազար ու մի բան կա, չէ՞»: Քիչ հետո սակայն նա սկսեց կասկածել, որ «ճանապարհային քարտեզը» կարող է այս որոշման պատճառը լինել: Ի դեպ, Ա. Մելիքյանն ասաց նաեւ, որ ԲՀԿ-ն հավանաբար երկուշաբթի օրը կհավաքվի «այս առիթով» ու կքննարկի, թե ինչու այսպես եղավ. «Մենք սպասում ենք, Շուշիի ազատագրումն էլ կնշենք, նոր երկուշաբթի օրը կհավաքվենք այդ առիթով»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Մելիքյանը, ով, ինչպես ինքն ասաց, կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում առնվազն պատվիրակության անդամի պաշտոնը:
Իսկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության այլեւս նախկին ղեկավար Արթուր Աղաբեկյանի գնահատմամբ` զորավարժություններին չմասնակցելու այս որոշումը թեեւ ցավալի է, սակայն համարժեք է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությանը: «Իրականում ցավալի է, որ չենք մասնակցում, բայց մյուս կողմից էլ՝ բոլոր հիմքերը կան չմասնակցելու համար: Հիմքերից մեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն է, թե` ԼՂՀ խնդրի լուծումը տեսնում է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում: Դա չէր բխում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներից: ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է «IPAP» (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր) ծրագիրը, որտեղ հստակ իր տեղն ունի տարածաշրջանային կոնֆլիկտների լուծումը, եւ այնտեղ առանձին տեղ է տրված ԼՂՀ խնդրի լուծմանը: Բոլոր քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել ԼՂՀ խնդրի լուծմանը, եւ «IPAP» փաստաթղթում մեր ձեւակերպումները, ԼՂՀ խնդրի լուծման մեր տեսակետներն ընդունելի են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար: Եթե ընդունելի չլիներ, բնականաբար, մենք «IPAP» ծրագիրը չէինք իրականացնի: Մյուս կողմից էլ՝ ցավում եմ, որովհետեւ հիմքերը պետք է հստակ լինեին, պետք է գործադիրը հստակ հայտարարեր, թե ինչո՞ւ չի մասնակցում զորավարժություններին, ու կոնկրետ նշեր դրա պատճառը: Բայց նաեւ ցավալի է չմասնակցելը, որովհետեւ զորավարժությունը միայն տակտիկական նշանակության գործողություն չէ` մեկ դասակ՝ այս կողմ, մեկ դասակ՝ այն կողմ… Զորավարժությունն ունի նաեւ իր քաղաքական հիմքը, մանավանդ զորավարժության սցենարը կազմելիս այն միայն տակտիկական բնույթի չի լինում, այլ նաեւ լինում է տարածաշրջանային նշանակության սցենար: Իսկ քանի որ ես այդ սցենարին ծանոթ չեմ, դրա համար հիմա դժվարանում եմ վերջնականապես ասել` ճի՞շտ էր մասնակցելը, թե՞ ոչ»,- ասաց Ա. Աղաբեկյանը: Տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ հայտարարությունները նորություն չեն, եւ, որ նման հայտարարություններ բազմաթիվ անգամներ արվել են տարբեր երկրների ղեկավարների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ նման հայտարարություններ հնչեցնում է գրեթե ամեն շաբաթ: Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում արդյո՞ք ՀՀ-ն պետք է հրաժարվի նաեւ այդ երկրների հետ ծրագրային ցանկացած համագործակցությունից: Ա. Աղաբեկյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայտարարություն թե կարծիք պետք է ունենա իր արձագանքը: Այլ բան է, որ դա ամեն օր հայտարարում ես որպես ներքին սպառման պրոդուկտ, եւ ասում ես` սիրելի ժողովուրդ, ԼՂՀ խնդիրը լուծվում է միայն` հաշվի առնելով երկու` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքը, եւ երբ լինում է որեւէ հայտարարություն` շահեր ունեցող որեւէ երկրի կողմից, եւ նա բավարար կամ համապատասխան արձագանք չի ունենում, ստացվում է` մինչ այդ արված բոլոր հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են, եւ ներքին սպառման պրոդուկտ են: Կլինի Մեթյու Բրայզան թե Բարաք Օբաման, կամ ով ուզում է լինի, եթե նա անում է հայտարարություն, որը չի բխում այն սկզբունքներից, որը բարձրաձայնում ենք մենք, պետք է արժանի պատասխան ունենա: Եվ այստեղ հայտարարություն անող երկրի ուժը, կարողությունը, չափը ոչ մի նշանակություն չունի: Ով ուզում է հայտարարություն անի` Մեդվեդեւը կլինի, թե մեկ այլ երկրի նախագահը, պետք է համարժեք պատասխան ստանա: Պետք է ասվի` լսի, համագործակցողս, ընկերս, բարեկամս, թշնամիս, իմ սկզբունքը սա է, ձեր չինովնիկն արել է այսպիսի արտահայտություն, եթե տեր եք այդ արտահայտությանը, կրկնեք, որպեսզի ես համոզված լինեմ, որ քո երկրի մոտեցումները դա են: Յաապ դե Հոոպ Սհեֆերը պետք է պատասխան տա իր արած հայտարարության համար»: Հարցին էլ, թե` եթե մինչ այսօր որեւէ մեկի նկատմամբ նման կոշտ դիրքորոշում ՀՀ-ն չի արտահայտել, կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն այլեւս փոխում է իր մարտավարությունը, Ա. Աղաբեկյանը պատասխանեց. «Շատ ուժեղ կլիներ, քաղաքական առումով շատ կարեւոր որոշում կլիներ, եթե չմասնակցելու մեխը դրվեր դրա վրա: Այսինքն` ասվեր, որ ՀՀ-ն չի մասնակցում, որովհետեւ ՆԱՏՕ-ի քարտուղարը զորավարժություններ սկսելուց օրեր առաջ նման հայտարարություն է արել, որը չի բխում մեր ժողովրդի ոգուց եւ մեր որդեգրած ճանապարհից` կոնկրետ ԼՂՀ խնդրի լուծման մասով»:
Հ. Գ. «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը` մեկնաբանելով Հայաստանի` ուսումնավարժություններին մասնակցելուց հրաժարվելու քայլը, ասել է. «Ես չեմ խոսելու այդ երկրների մասին: Դա նրանց դիրքորոշումն է: Մենք բոլորս հասկանում ենք այն ենթատեքստը, որում կարող են նման հայտարարություններն արվել: Կարծում եմ, որ այս հարցի շուրջ ստեղծված քաղաքական լարվածությունը միանգամայն անհիմն է եւ միայն բարդացնում է իրավիճակը»: